Գող ձևացող (լատին․՝ Ptinus fur), ձևացողների ընտանիքի բզեզ, պարենամթերքների պաշարների վտանգավոր վնասատու։ Բզեզներն ու թրթուրները վնասում են հացահատիկը, ձավարեղենը, ալյուրը, ալրեղենն ու մակարոնեղենը։
Նկարագրություն
Մարմնի երկարությունը 2-4 մմ է, առաջնամեջքը՝ դեղին մազիկներից կազմված 2 երկայնական նեղ գծերով։ Էգերը գորշ սև, ձվաձև վերնաթևերով (չեն թռչում), արուները՝ շիկակարմիր կամ գորշ, երկարացած վերերով և լավ զարգացած հետին թևերով (թռչում են)։ Առաջնամեջքը խիտ ծածկված է մազիկներով, իսկ վերնաթևերը ծածկված են սպիտակ թեփուկներով[1]։ Թրթուրների երկարությունը միչև 6 մմ է, կորացած, սպիտակ, դեղնադարչնագույն գլխով և կրծքային 3 զույգ ոտքերով՝ բաց դեղնավուն մազիկներով խիտ ծածկված։ Հարսնյակավորվելիս սննդի մասնիկներն իրար կպցնելով՝ բոժոժ է հյուսում կամ կրծելով ու միջուկն ուտելով «օրորոց» է պատրաստում։
Տարածվածություն
Լայնորեն տարածված է։ Ապրում է փակ շինություններում, վարում գիշերային կյանք, անհանգստացնելիս որոշ ժամանակ մնում է անշարժ (այստեղից՝ անվանումը)։ Փչացնում է միջատների և թռչունների խրտվիլակների թանգարանային հավաքածուները[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։