Խլոպուզ Գրոյտերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:18, 6 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խլոպուզ Գրոյտերի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շնդեղեգազգիներ
Տեսակ Խլոպուզ Գրոյտերի
Լատիներեն անվանում
Merendera greuteri


Խլոպուզ Գրոյտերի (լատին․՝ Merendera greuteri), շնդեղեգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

3-6 սմ բարձրությամբ, պալարասոխուկավոր, անցողուն բազմամյա խոտաբույս է: Պալարասոխուկը ծածկված է մուգ-դարչնագույն կաշվենման թեփուկներով, երկարությունը հասնում է 1-1,5 սմ-ի, իսկ լայնությունը` 0,5-1,0 սմ-ի: Տերևները միշտ երեքն են և լինում են նեղ-նշտարաձև ու սրացած: Ծաղիկը մեկն է, բաժականման, սպիտակ, իսկ երբեմն` վարդագույն: Համարյա ամբողջությամբ ստորգետնյա տուփիկը երկարավուն-ձվաձև է: Սերմերը օվալ-գնդաձև են, դժգույն-դարչնագույն և ունեն 2-3 մմ տրամագիծ[1]:

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Շիրակի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Արտենի, Թալինի և Կաթնաղբյուրի միջև, Իրինդ գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1500-1900 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, տրագականտային համակեցություններում, լեռնային տափաստանում։ Ծաղկում է մարտ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]:

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայաստանի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Տեսակին աճելավայրերի վրա շարունակվող մարդածին գործոնների հետևանքով սպառնում է բնակության շրջանի կրճատում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.