Սուրբ Նշան եկեղեցու օրիորդաց դպրոց (Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նշան եկեղեցու օրիորդաց դպրոց
Տեսակդպրոց
Անվանված էՍուրբ Նշան եկեղեցի
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԹբիլիսի

Սուրբ Նշանի օրիորդաց դպրոց, հայկական ուսումնական հաստատություն Թիֆլիսում, որը գործում էր Սուրբ Նշան եկեղեցուն կից[1]։

Սուրբ Նշան եկեղեցուն կից տարբեր ժամանակներում գործել են օրիորդաց դպրոցներ։ Հայտնի է, որ 1873 թվականին եկեղեցուն կից գործել է տիկին Տեր-Գրիգորյանցի հիմնած դպրոցը։ Սակայն առավել հայտնի օրիորդաց դպրոց է համարվում 1883 թվականին Հայուհյաց բարեգործական ընկերության կողմից բացված ուսումնական հաստատությունը, որը 1884 թվականին արդեն ուներ 200 սան[2][3]։ 1884 թվականին ընկերության և Սուրբ Նշան եկեղեցու կողմից մասամբ հանգանակություններից հավաքված միջոցներով սկսվում է առանձին շինության կառուցումը[1]։ Հայազգի տարբեր մասնագետներ անվճար դասախոսություններ են անցկացնում ուսումնարանում։ Այդպիսիներից է բժշկապետ Դավիթ Օրբելին, ով 1885 թվականին այդ գործի համար շնորհակալություն է ստանում Հայուհյաց բարեգործական ընկերության կողմից։ Նույն թվականին 30 սան ունեցող դպրոցին Նիկողայոս Մեղվինյանը և Մարկոս Դոլուխանյանը նվիրում են «Աղբիւր» ամսագրի տարվա լրակազմը[1][4]։ Հայտնի է, որ 1887 թվականին օրիորդաց միդասյա դպրոցում դասավանդում էին Նունե Փրիդոնյանը (ռուսաց լեզու) և Մակար Վարդիկյանը (երգեցողություն)[5]։

1888 թվականը դպրոցի համար առանցքային տարի է եղել։ Մայիսի 29-ին տեղի է ունեցել աշակերտուհիների ավարտական հանդիսավոր հրաժեշտը, իսկ սեպտեմբերի 21-ին բացվել է ուսումնարանի երրորդ բաժինը։ Բացմանը ներկա են եղել հոգաբարձուհիներ, բարեգործական ընկերության անդամներ, ուսումնարանի աշակերտուհիներն ու նրանց ծնողները։ Նորաբաց ուսումնարանը գտնվել է Սերգիևսկի փողոցի վրա՝ Շահպարունյանի տանը։ Այստեղ իրավունք ունեին ընդունվել այն աշակերտուհիները, ովքեր ավարտել էին դպրոցի առաջին բաժինը[1][6][7][8]։

1888 թ. հոկտեմբերի 10-ին դպրոց է այցելել Հայ առաքելական եկեղեցու Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսը։ Այդ առթիվ «Արձագանք» պարբերականում տպագրվել է.

Նորին Վեհափառութիւնը բարեհաճեց այցելել Ս. Նշան եկեղեցւոյ դպրոցը, որ գտնվում է Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան հովանաւորութեան ներքոյ և կառավարվում է այդ ընկերութեան միջոցներով։ Դպրոցի պատշգամբի վերայ շարուած էին Ընկերութեան վարչութեան անդամները, փոխանդամները և դպրոցի ուսուցչուհիները։ Թեմիս Առաջնորդ Գերապատիւ Արիստակէս Սրբազան եպիսկոպոսը, որ միևնոյն ժամանակ Ընկերութեան պատուաւոր Նախագահն է, ներկայացրեց Նորին Օծութեան Ընկերութեան վարչութեան ատենապետուհուն` իշխանուհի Կատերինէ Բեհբութեանին, որ իւր կողմիցն էլ ներկայացրեց Վարչութեան անդամներին, փոխանդամներին և դպրոցի աւագ վարժուհոյն և վարժուհիներին։ Նորին Օծութիւնը մուտք գործեց դպրոցի դահլիճը, ուր արդէն շարուած էին դպրոցի աշակերտուհիները և երգում էին «Բաբէ» երգը։ Երգից յետոյ դպրոցի աւագ վարժուհի օրիորդ Վարվառէ Զոհրաբեանը բաղդ ունեցաւ ներկայացնել Նորին Օծութեան դպրոցում աւարտող աշակերտուհեաց, որոնք այժմ Ընկերութիւնից առանձին հիմնուած կար ու ձևի դպրոցում շարունակում են իրանց ուսումը...
- «Արձագանք». [9]

Հայուհյաց բարեգործական ընկերությունը հետագայում էլ ֆինանսական աճակցություն է ցուցաբերել օրիորդաց դպրոցին, այդ թվում՝ նաև կից գործող կարուձևի ուսումնարանին[10][11]։ Դպրոցը ֆինանսական աջակցություն է ստացել նաև անհատներից[1][12]։

Հայտնի է, որ դպրոցը 1891/1892 ուսումնական տարում ունեցել է 6 ուսուցիչ՝ Հովհաննես սարկավագ Նազարյանց, ավագ ուսուցչուհի Նունե Փրիդոնյանց, Գալուստ Աբուլյանց, Աղեքսանդր Սիմեոնյանց, Մարիամ Մալումյանց և Սրբուհի Սուսանյանց[13]։

1896 թվականին կառավարության հրամանով փակվելու նախօրեին եղել է երկդասյա` 5 բաժանմունքով։ 1907/1908 ուսումնական տարվանից գործում էր Կամոյանց եկեղեցու դպրոցի հետ միացյալ։ 1911 թվականին երկդասյա 5-ամյա հաստատություն էր[1][14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սամվել Կարապետյան, Վավերագրեր հայ ճարտարապետության, 1. Թբիլիսիի Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցի, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2012 թ. -36 էջ։ ISBN978-9939-843-05-6 (հայ.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine, (ռուս.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine
  2. «Մեղու Հայաստանի», 1873, N 9, 10 մարտի, էջ 3։
  3. «Արձագանք», 1884, N 10, 11 մարտի, էջ 143։
  4. «Մեղու Հայաստանի», 1885, N 29, հինգշաբթի, 18 ապրիլի, էջ 3։
  5. ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 8, թ. 22:
  6. «Արձագանք», 1888, N 10, 20 մարտի, էջ 125։
  7. «Արձագանք», 1888, N 21, 5 յունիսի, էջ 293։
  8. «Արձագանք», 1888, N 37, 27 սեպտեմբերի, էջ 506։
  9. «Արձագանք», 1888, N 40, 16 սեպտեմբերի, էջ 544։
  10. «Արձագանք», 1891, N 7, 28 ապրիլի, էջ 102։
  11. «Արձագանք», 1891, N 5, էջ 69։
  12. «Արձագանք», 1892, N 44, 15 (27) ապրիլի, էջ 1։
  13. ՀԱԴ, ֆ. 56, ց. 15, գ. 26, թ. 24:
  14. Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 594։