Jump to content

Սուրբ Աստվածածին տաճար (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և ուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնի Սուլին
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Հիմնական ամսաթվերը1914
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճռուս-բյուզանդական ճարտարապետություն
Հիմնադրված1914
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Protection of the Theotokos, Krasny Sulin Վիքիպահեստում

Կրասնի Սուլինի Սուրբ Աստվածածին տաճար (ռուս.՝ Красносулинский Свято-Покровский храм), Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի տարածքում պահպանված երեք ուղղափառ եկեղեցիներից միակը (գոյություն են ունեցել նաև Սուրբ Անդրեաս եկեղեցին Սուլին ավանում և Ալեքսանդր Նևսկու տաճարը Պաստուխովի գործարանի մոտ)։ Ճարտարապետությամբ հիշեցնում է Նովոչերկասկ քաղաքի Համբարձման տաճարի փոքր պատճենը։ Կենտրոնական մեծ գմբեթով հնգագմբեթ տաճար է, որի հատակագիծն ունի ձգված խաչի ձև։ Արևմտյան գավիթի վերևում եռահարկ զանգակատուն է։

Սուրբ Աստվածածին տաճարը Սուլինովսկո-Կունդրյուչենսկի խուտորում (այժմ Կազաչի ավան) հիմնադրվել է 1911 թվականին։ Ճարտարապետի անունը ստույգ հայտնի չէ, սակայն պարզվել է, որ Դոնի երկրամասում նմանատիպ շատ տաճարներ կառուցվել են հայտնի ճարտարապետ Պյոտր Սեմյոնովիչ Ստուդենիկինի նախագծերով։ Շինարարությունը սկսվել է 1912 թվականին և կատարվել է խուտորի ատաման, պատվավոր քաղաքացի Ալեքսանդր Իվանովիչ Պոլյակովի ղեկավարությամբ, որը 7 տարի կառավարել է խուտորը (1910 թվականից մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության սկիզբը)։ Սկզբում եկեղեցին կառուցվել է խուտորի հասարակության հաշվին, իսկ 1913 թվականին խուտորի ղեկավարությունը եկեղեցու շինարարությունն ավարտելու և հոգևորականների համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռք բերելու համար հատկացրել է 29 հազար ռուբլի։ 1914 թվականին շինարարությունն ավարտվել է։

1914 թվականի դեկտեմբերի 10-ին տաճարն օծել է Դոնի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս սրբազան Վլադիմիրը (Պուտյատա)։

Սուրբ Աստվածածին տաճարը վերապրել է Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Տաճարում ծիսակատարություններն անցկացվել են մինչև 1935 թվականը, երբ այն փակվել է։ Տաճարը վերաբացվել է միայն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայի ընթացքում։ Այդ ժամանակ ուղարկվել էր Կոստանդնուպոլսի պատրիարքարանին պատկանող ազգությամբ հույն մի քահանա։ Օկուպացիոն իշխանությունները փորձում էին քանդել Ռուս Ուղղափառ եկեղեցու միասնությունը, և այդ նպատակով փորձում էին ընտրել Մոսկվայի հետ կապ չունեցող հոգևորականների։ Քաղաքի ազատագրումից հետո որոշ ժամանակ տաճարում ծիսակատարություններ չէին անցկացվում, սակայն դրանք վերսկսվեցին 1946 թվականին՝ տաճարում նոր քահանա նշանակվելուց հետո, և չեն դադարում մինչ օրս։

1980 թվականին տաճարը վերականգնվել է։ 1981 թվականի հունվարի 15-ին տաճարը ճանաչվել է ԽՍՀՄ պատմության և մշակույթի պատմական հուշարձան։ Իսկ արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո, շրջանային խորհրդի փոքր խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 325 որոշմամբ եկեղեցին ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության պատմության և մշակույթի հուշարձան։

2002 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաքի մշակույթի պալատում անցկացվել է մարաթոն հաջակցություն Սուրբ Աստվածածին տաճարի։ 2003 թվականի տաճարի տարածքում սկսվել է կիրակնօրյա դպրոցի շինարարությունը։ 2010 թվականին սկսվել են տաճարը վերականգնելու և որմնանկարելու ամենածավալուն աշխատանքները։ Վերականգնվել են կիրակնօրյա դպրոցը, քարե պարիսպը տաճարի տարածքի շուրջը, կառուցվել է դարպաս, կատարվել են վերականգողական աշխատանքներ տաճարի ներսում։

  • քահանա Պյոտր (1914-1935)՝ Պյոտր Պոպով
  • քահանա Լուկա (1946 թվականի սկիզբ)՝ Լուկա Կուց
  • քահանա Վլադիմիր (1955-1967)՝ Վլադիմիր Պոլյանսկի
  • քահանա Սիմեոն (1968-1996)՝ Սիմեոն Եսին
  • քահանա Ալեքսանդր (1996-1999)՝ Ալեքսանդր Պոչտովի
  • ավագ երեց Ալեքսանդր Մինին (1999 թվականից)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Донские Епархиальные Ведомости от 11 декабря 1914 г.
  • Кудрявцев В. В. «Страницы прошлого листая», стр. 20-21
  • ГАРО. Ф.р-4173. Оп.6. Д.52