Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բեշիքթաշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԲեշիքթաշ և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեշիքթաշ շրջանում[1]։

Առաջին անգամ Գրիգոր վարդապետ Դարանաղցին 1623 թվականին հայտնում է, որ Բեշիքթաշի շրջանում կար հայկական ժամատուն՝ երկու քահանաներով։ Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանը ևս վկայում է Բեշիքթաշի փոքր ժամատան մասին։ 18-րդ դարի պատմիչ Սարգիս Դպիր Սարաֆ Հովհաննեսյանի համաձայն, Քեշիքթաշի եկեղեցին քանդվել է 1759 թվականին։ Օսմանյան աղբյուրներից հայտնի է դառնում, որ այս եկեղեցին կառուցվել էր ակնեցի Հակոբ Հովհաննեսյանի (Եաղուպ Ամիրա) բարերարությամբ։ Եկեղեցին քանդվել է առանց թույլտվության ընդարձակված լինելու պատճառաբանությամբ։

19-րդ դարի սկզբին նոր փայտաշեն եկեղեցի է կառուցվել։ 1838 թվականին արքունի ճարտարապետ Կարապետ Բալյանի կողմից քարաշեն եկեղեցի կառուցվեց[2]։ Այդ թվականներին Օսմանյան կայսրությունում արգելված էր գմբեթավոր եկեղեցիների կառուցումը։ Ճարտարապետը ներքին գմբեթ կառուցեց, որն արտաքինից չէր երևում։ Գմբեթի և պատերի զարդարանքները եվրոպական ոճով են։ Ներքին պատերը զարդարված են 19-րդ դարի արքունի նկարիչ Ումեդ Բեյզադի համաչափ, խոշոր նկարներով։

Բեշիքթաշի բնակիչ Սարգիս Բալյանը եկեղեցու կողքը կառուցել է Մաքրուհյան վարժարանը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ կնոջ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1987 թվականին Շնորհք պատրիարք Գալուստյանի օրոք։ Եկեղեցու բակի մեջ տեղադրված են Կարապետ և Սարգիս Բալյանների կիսանդրիները, որոնց բացումը տեղի է ունեցել 1993 թվականին։ Եկեղեցու հարավային, արտաքին պատի տակ թաղված է Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարարության խորհրդական Կարապետ Հարություն Դաուդյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kültür Envanteri - Surp Asdvadzadzin Kilisesi, Beşiktaş». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  2. «Beşiktaş Surp Asdvadzadzın Kilisesi - İstanbul'da Osmanlı Mimarisi - turanakinci.com». www.turanakinci.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.