Կարապետ Հարություն Դաուդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ-Հարություն Դաուդյան
Garabed Artin Pasha Davoudian.jpg
Ծնվել է1816
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1873
ԳործունեությունԼեռնալիբանանի առաջին մութասարիֆ-կուսակալ

Կարապետ-Հարություն Դաուդյան (1816- 1873), Լեռնալիբանանի առաջին մութասարիֆ-կուսակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ-Հարություն Դաուդյանը ծնվել է 1816 թվականին Կոստանդնուպոլսում, հայ կաթոլիկ էր։ Սովորել է Եվրոպայում: Իրավաբանական գործունեության հետ միաժամանակ զբաղվել է հետազոտական աշխատանքներով։ Հեղինակել է մի քանի ուսումնասիրություններ, ընտրվել Բեռլինի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ստացել Վիեննայի համալսարանի իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Մինչև մութասարիֆ նշանակվելը եղել է դիվանագիտական աշխատանքի Պրուսիայում և Ավստրիայում: Եղել է զարգացած և կրթված անձնավորություն, ծանոթ եվրոպական քաղաքական կյանքին և մշակույթին։ Համարվել է ժամանակի Օսմանյան կայսրության ամենալուսավոր դեմքերից մեկը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնալիբանանի Կանոնադրությունը գործողության մեջ դնելու և նրա կիրառմանը հետևելու համար 1861 թվականի հունիսի 22-ին Ստամբուլից Բեյրութ է վերադառնում միջազգային հանձնաժողովը։ Նրանց հետ Բեյրութ է ժամանում սուլթանի կողմից Լեռնալիբանանի առաջին մութսարիֆ Կարապետ Հարություն Դաուդյանը, ում թեկնածության ընտրությունն անցել էր վիճաբանությունների միջով։ Սակայն հայազգի Դաուդյանի թեկնածության վրա հատկապես պնդել էին Ռուսաստանն ու Պրուսիան, իսկ մյուս պետությունները, ի վերջո, տեղի էին տվել և համաձայնվել նրա թեկնածության հետ։ Ստանալով եվրոպական տերությունների համաձայնությունը, սուլթանը, ըստ Կանոնադրության առաջին հոդվածի, Կարապետ-Հարություն Դաուդյանին նշանակեց Լեռնալիբանանի առաջին մութասարիֆ՝ փոխարքա։ Նա պատմության մեջ մտել է որպես Դաուդ փաշա, երբեմն հիշատակվում է նաև Արթին Դաուդ փաշա։ Կարապետ Արթին Դաուդյանի նշանակումը Լեռնալիբանանի կուսակալ մեծ բարեբախտություն էր լիբանանցիների համար։ Եվ շատ չանցած նա երկրի կառավարելու իր ունակությունները դրսևորեց փայլուն կերպով։ Նա իր գլխավոր խնդիրը համարեց հաշտության հաստատումը տարբեր համայնքների միջև, շատ լավ հասկանալով, որ առանց դրա Լիբանանն ապագա չունի։ Դաուդ փաշան շնորհիվ իր արդարամտության, անկանխակալ մոտեցումների, համբերատարության և դիվանագիտական մեծ արվեստի, կարողացավ լուծել Լիբանանի արյունալի պատմության կողմից ժառանգություն ստացած մի շարք առանցքային հարցեր, որոնց մեջ առաջին հերթին պետք է նշել զանազան կրոնադավանական համայնքների միջև հաշտության հաստատումը, վերջ տալով արյունալի բախումներին։ Նա զանազան ձևերով սիրաշահում էր համայնքների հոգևոր և քաղաքացիական առաջնորդներին, Գործադիր մեծ ժողովի անդամներին, նրանց մերձեցնում իրար, հաշվի նստում նրանց շահերի ու կարծիքների հետ, մի խոսքով ստեղծում համերաշխության մթնոլորտ, ներշնչում տարբեր համայնքներին պատկանող պաշտոնյաներին, որ նրանք կարևոր պետական գործիչներ են և նրանցից մեծ բանով է կախված երկրի ապագան։ Դրական մեծ արձագանք գտավ նրա լավ հաշվարկված մի քայլը։ Նա հրաժարվեց ղեկավարելու Գործադիր մեծ ժողովում, որը սահմանված էր Կանոնադրության առաջին հոդվածով և ստեղծեց Գործադիր մեծ ժողովի նախագահի տեղակալի պաշտոն և այդ պաշտոնում նշանակեց մարոնի համայնքի ներկայացուցչին։ Դրանով նա մեծ զիջում էր կատարում մարոնիներին, որոնք մշտապես մեծ հավականություն են ունեցել ամեն բանում լինել առաջինը, այդ թվում և իշխանության հարցում։ Նրա կառավարման տարիներին ընդհանուր առմամբ խաղաղություն էր տիրում, երկրում հաստատվել էր կարգ ու կանոն, կյանքը դարձել էր անվտանգ, վերջ էր տրվել կամայականություններին, այդ թվում և հարկահավաքի բնագավառում։ Լինելով մասնագիտությամբ իրավաբան, կուսակալ Դաուդյանն արտակարգ ուշադրություն էր դարձնում օրենքների հետևողական կիրառմանը և երկրամասում օրինականության հաստատմանը։ Այդ ամենին զուգահեռ կային նաև դժվարություններ նրա կյանքում, կային թշնամություն, հատկապես Լեռնալիբանանի մարոնի հատվածի նախկին կայմակամ Յուսուֆ Քարամի կողմից, որը չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ փոխարքայությունը տրված է մի հայի։ Նա անգամ փորձեց ապստամբել և քիչ գլխացավանք չպատճառեց հայ կուսակալին։ Արթին Դաուդյանը հիմնականում կարողացավ լուծել իր առջև կանգնած դժվարագույն խնդիրները։ Ուստի և, երբ 1864 թվականին լրացավ նրա պաշտոնավարության ժամկետը, ապա եվրոպական հինգ պետությունները և Բարձր Դուռը միաձայն որոշեցին Դաուդ փաշային վերահաստատել Լեռնալիբանանի փոխարքայի պաշտոնում, այս անգամ արդեն հինգ տարի ժամկետով, քանի որ Կանոնադրության մեջ 1864 թվականին կատարված փոփոխության համաձայն, փոխարքայի պաշտոնավարության ժամկետը 3 տարվա փոխարեն սահմանվեց 5 տարի։ Կարապետ Հարություն Դաուդյանը որպես Լեռնալիբանանի փոխարքա պաշտոնավարեց 7 տարի՝ մինչև 1868 թվականը։ Նա հրաժարական տվեց իր պաշտոնավարության ժամկետն ավարտելուց մի փոքր շուտ, հոգնած ու զզված Յուսուֆ Քարամի և նրա շուրջ համախմբված մարոնի ղեկավարած դավերից։ Նրա պաշտոնավարության ժամանակաշրջանը Լիբանանի պատմության մեջ մտել է որպես ամենահետաքրքիր ժամանակաշրջաններից մեկը, որի բնորոշ գծերն էին խաղաղությունը, անդորրությունը, հաշտությունը կրոնադավանական տարբեր համայնքների միջև, համագործակցության և հաշտ ապրելու գաղափարների տարածումը բնակչության մեջ, տնտեսական նշանակալի վերելքը։ Նա այդպիսի ժառանգություն թողեց իր հաջորդ փոխարքաներին։ Մասնագետների մեծ մասը, որ ուսումնասիրել է Լիբանանի նշված ժամանակաշրջանի պատմությունը, գովեստով է խոսում կուսակալ Դաուդյանի մասին և բարձր գնահատում նրա գործունեությունը կուսակալի պաշտոնում։ Հատկապես կարելի է առանձնացնել բազմաթիվ աշխատությունների հեղինակ, Օսմանյան կայսրության առավել ընդունակ գործիչ՝ Քամալ Սալիբին։ Նման կարծիք է հայտնում արաբական երկրների ճանաչված մասնագետ Ֆիլիպ Հիթթին, որը իր «Սիրյայի՝ ներառյալ նաև Լիբանանի և Պաղեստինի պատմությունը» որտեղ Դաուդյանին բնութագրում էր «Արտակարգ ընդունակ մարդ»: Կան հեղինակներ, որոնք անդրադառնալով Լիբանանի տվյալ ժամանակաշրջանի պատմությունը, անգամ չեն հիշատակում նրա անունը, ասես այդ երկրամասը ղեկավար չի ունեցել։ Այդպես է վարվում խորհրդային պատմաբան Վ. Լուցկին, որի «Արաբական երկրների նոր պատմությունը» աշխատությունը ողողված է բազմաթիվ անուններով, այդ թվում տարբեր երկրորդական ու անարժան շեյխերի, ցեղապետների և այլ ոչ նշանավոր մարդկանց անուններով։ Կուսակալի պաշտոնում Դաուդյանին փոխարինեց դարձյալ հայ կաթոլիկ Ֆրանկո Նասրին։ Լեռնալիբանանը ընդհանուր հաշվով ունեցավ ութ կուսակալ, որոնցից չորսը հայեր էին, այդ թվում ոչ միայն առաջինը, այլև վերջինը՝ Հովհաննես Կույումջյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Հովհաննիսյան «Արաբական երկրների պատմություն»