Սուուր-Մերիյոկիի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Սուուր-Մերիյոկիի դաստակերտ, գտնվել է Վիբորգի գավառի Վիբորգ գյուղական համայնքի արևմտյան մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուուր-Մերիյոկիի կալվածքը հայտնի էր 16-րդ դարից։ Այն բազում անգամներ ձեռքից ձեռք էր անցել՝ հանդիսանալով նվիրատվության և ժառանգության առարկա։ Նրա հայտնի տերերից են ազնվական Էրիկ Լիլիեսշկյոլդը, Վիբորգի ամրոցի ավագ պարետ Շուվալովը և ծովակալ Ռուդակովը։ 1900 թվականին Սուուր-Մերիյոկին գնեց շվեյցարացի Մաքսիմիլիան Օտմար Նոյշելլերը, ով բնակում էր Սանկտ Պետերբուրգում և հանդիսանում էր «Եռանկյունի» գործարանի հիմնական բաժնետերերից մեկը[1]։

Դաստակերտը հայտնի էր ազգային ռոմանտիզմի ոճով իր հիմնական շենքով, որը կառուցվել էր 1904 թվականին ճարտարապետներ Հերման Գեզելլիուսի, Արմաս Լինդգրենի և Էլիել Սաարինենի նախագծով, ովքեր հռչակավոր էին դարձել 1900 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսի իրենց տաղավարով։ «Անտառային պալատ»-ը զարդարված էր քանդակագործներ Ֆելիքս Նյուլունդի և Լոյա Գեզելիուս-Սաարինենի աշխատանքներով, Էրիկ Էստրյոմի մետաղի վրա քանդակադրոշմամբ, Վյայնո Բլումստեդտի և Գաբրիել Էնգբերգի որմնանկարներով, ավանդական ֆիննական գորգերով (որոնց ուրվագծերը պատրաստվել էին Կալևալայի նկարազարդող Ակսելի Գալլեն-Կալլելայի կողմից), շքեղ բուխարիներով և լապտերներով։

Դաստակերտում տեղակայված էր աստղադիտարան և լուսանկարչական լաբորատորիա։ Նոյշելլերը շատ հետաքրքրված էր ոչ միայն աստղագիտությամբ և գունավոր լուսանկարչությամբ, այլև գյուղատնտեսության վարման նորագույն մեթոդներով։ Ֆինլանդիայում առաջին անգամ տրակտոր է օգտագործվել շրջակա հողերում։ Դաստակերտի հպարտությունը այրշիրյան ցեղատեսակի 300 կովերն էին[2]։

Մաքսիմիլիան Նոյշելլերը մահացել է Սանկտ Պետերբուրգում 1919 թվականին և նրա այրին՝ Կոռնելիան, 1923 թվականին որոշում է վաճառել կալվածքը։ 1927 թվականին դաստակերտը ձեռք բերեց Ֆինլանդիայի կառավարությունը՝ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի կարիքների համար։ Դաստակերտի տարածքում կառուցվել է Սուուր-Մերիյոկիի (Suur-Merijoen lentokenttä) օդանավակայանը, իսկ առանձին ցամաքային էսկադրիլիան այստեղ բազավորված էր մինչև 1939 թվականը։ Դաստակերտի հիմնական շենքը ծառայում էր որպես սպաների ակումբ։ Aero Oy-ի (այժմ՝ Finnair) առաջին ներքին կանոնավոր չվերթը De Havilland Dragon Rapide ինքնաթիռով (OH-BLA[3]) Հելսինկիից Վիբորգի Սուուր-Մերիոկիի օդանավակայան հասավ 1937 թվականի մայիսի 1-ին։ Ուղևորափոխադրումները շարունակվեցին ամառային եղանակներին մինչև 1939 թվականի օգոստոսի վերջը։ 1939 թվականի աշնանը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Սուուր-Մերիոկիի օդանավակայանը ծառայեց որպես ռազմական օդանավակայան։

Ցուլի արձանը

Դաստակերտի հիմնական շենքը վնասվել է և այսօր ամբողջովին ավերված է։ Պատերազմից հետո լքված օդանավակայանի տեղում մեծ զորանոց կառուցվեց։ Պահպանվել են դաստակերտի որոշ շինություններ, ծառեր և շտեմարանի քարե հիմքը։ Խորհրդային բազմաբնակարան շենքերով զբաղեցրած նախկին կալվածքի հողերը մասամբ պատկանում են Վիբորգի Խարիտոնովսկի միկրոշրջանին, իսկ մասամբ՝ Սելեզնյովո ավանին։

Ցուլի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրիշյան ցեղատեսակի կովերին բուծման նպատակով Անգլիայից ցեղական ցուլ է բերվել։ Գրեյ մականունով եղջյուրավոր կենդանին դարձել էր բոլորի սիրելին և Նոյշելլերի ցուցումով կալվածքի բակում տեղադրվեց Ջոն Մունստերհելմի կողմից քանդակված ցուլի արձանը։ Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) արձանը ֆինն սպաների կողմից տեղափոխվել է Յարվենպյաա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Суур-Мерийоки, заколдованное место...
  2. Lähettänyt Avainsijoitus. «Avainsijoitus» (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Aircraft Data OH-BLA, De Havilland DH-89A Dragon Rapide C/N 6347». www.airport-data.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.