Խնդգնդիկներ (ռուս.՝ Смешарики, смешные шарики՝ ծիծաղելի գնդիկներ), ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ։ Ստեղծվել է «Աշխարհն առանց բռնության» կրթական նախագծի շրջանակներում, մշակույթի նախարարության հովանավորությամբ[1]։ Սերիալը պատմում է խնդգնդիկների՝ գնդաձև էակների արկածների մասին, որոնք ապրում են Խնդգնդիկների աշխարհում, որը մեծ աշխարհից բաժանված է ծովով, անապատով, անտառով ու սարերով։ Խնդգնդիկներն ապրում են ընկերական կոլեկտիվով, զբաղվում են տարբեր ամենօրյա գործերով, երբեմն հայտնվում են տարօրինակ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների մեջ։ Հիմնական մասը կազմված է ավելի քան 450 սերիայից, որի մեջ կա ինչպես զվարճալի, այնպես էլ լուրջ և փիլիսոփայական թեմաներ, դրա համար մուլտֆիլմը նայում են թե երեխաները, թե մեծահասակները։ Սերիաների տևողությունը 6 րոպե 30 վայրկյանից մինչև 13 րոպե (տիտրերը և գրադրվագը ներառյալ)։ 2008 թվականի սեպտեմբերին մուլտֆիլմը հարմարեցվել է «The CW» ամերիկյան հեռուստաալիքով ցուցադրության համար՝ ստանալով «Kikoriki» վերնագիրը[2]։ Մուլտֆիլմը ցուցադրվել է նաև 60 պետություններում, թարգմանվել է 15 լեզուներով, մուլտֆիլմի հանդիսատեսները կազմում են 50 մլն մարդ։
Արտաքնապես բոլոր խնդգնդիկներն իրար նման են։ Հիմնական հերոսներին կարելի է բաժանել տարիքային 2 խմբի. Երեխաներ (Նյուշա, Բարաշ, Կրոշ, Յոժիկ և Բիբի) և մեծահասակների (Կար-Կարիչ, Սովունյա, Կոպատիչ, Պին և Լոսյաշ)։ Երեխաները հիմնականում խաղում են և զվարճանում, իսկ մեծերը զբաղվում են գործերով՝ մեկը գիտական հետազոտություններով, մյուսը՝ տեխնիկայով, իսկ ոմանք գյուղատնտեսությամբ։ Մեծերը հատուկ ձևով հոգ են տանում փոքրերի նկատմամբ, իսկ երեխաները հարգում են մեծերին։