Սմբատ Զարեհավանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սմբատ Զարեհավանցի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), Թոնդրակյան շարժման հիմնադիր։ Ծնվել է Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում։ Ապրել և գործել է 10-րդ դարի 1-ին (այլ կարծիքով՝ 2-րդ) կեսին։ Պատմագիտության մեջ գերիշխող է այն կարծիքը, որ Սմբատ Զարեհավանցին իր քարոզչությունն սկսել է 830-ական թվականներին՝ Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսի (և ոչ թե Հովհաննես Ե Դրասխանակերտցու) օրոք։

Սմբատ Զարեհավանցին ծնվել է Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում։ Նա երկար ճամփորդել է Հայաստանում և հարևան երկրներում` ծանոթանալով ժամանակի բոլոր ուսմունքներին ու գաղափարախոսություններին։ Եղել է նաև պավլիկյան շարժման կենտրոնում` Տևրիկ քաղաքում, որտեղ մանրամասն ուսումնասիրել է նաև պավլիկյանների գաղափարաբանությունը։

Սմբատ Զարեհավանցին Թոնդրակյան շարժման հետևորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ աղբյուրների, հատկապես 15-րդ դարի հեղինակ Մխիթար Ապարանեցու հաղորդած տեղեկությունների, Սմբատ Զարեհավանցին, ինչպես մինչ Ապահունիքի Թոնդրակ ավանում հաստատվելը, այնպես էլ դրանից հետո ճամփորդել է, եղել Պավլիկյան շարժման կենտրոններից մեկում՝ Տևրիկում, որտեղ հավանաբար հանդիպել է Սերգիոս Տյուքիկոսին, կրել նրա առաջնորդած շարժման ազդեցությունը։ Գրիգոր Մագիստրոսը վկայում է, որ Սմբատ Զարեհավանցին իր «չար մոլությունը» ուսանել է բժիշկ-աստղաբաշխ ոմն Մրջուսիկ մոգից (հավանաբար զրադաշտական)։ Վերահաստատվելով Թոնդրակում, Սմբատ Զարեհավանցին կրկին գլխավորել է իր ստեղծած համայնքը։

Սմբատ Զարեհավանցու հակաֆեոդոլական պայքարի ուսմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Գրիգոր Նարեկացու, Սմբատ Զարեհավանցուն մահապատժի է ենթարկել Մանազկերտի արաբ ամիրա Աբուլ Վարդը (Աբուլ-Բարդ)։ Ուստի ենթադրվում է, որ Սմբատ Զարեհավանցու պայքարն ուղղված է եղել նաև օտարերկրյա նվաճողների դեմ։ Սմբատ Զարեհավանցու հայացքների վերաբերյալ տեղեկությունները պահպանված են նրա հակառակորդների գրվածքներում։ Չնայած դրանց միակողմանիությանը, ակնառու է, որ Սմբատ Զարեհավանցին իր ժամանակի աղանդավորական գաղափարների միավորմամբ ստեղծել է հակաֆեոդոլական պայքարի ուսմունք։ Գրիգոր Մագիստրոսը գրում է, որ «․․․յամենեցունց զթոյնս չարութեան մի վայր ժողովեալ հերձուածս, հաւանեցան այնմ աստուածամարտ և ցանկապատառ դիւամոլի անօրինին Սմբատայ օրէնս դընել․․․» («Թղթեր», Ալեքսանդրապոլ, 1910,էջ 160)։

Սմբատ Զարեհավանցու հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Զարեհավանցին մերժել է քրիստեական եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդներն ու ծեսերը, Հիսուս Քրիստոսի հարությունը, հոգու անմահությունն ու հանդերձյալ կյանքը և առհասարակ եկեղեցին։ Հավանաբար, նա ժխտել է նաև աստծո մասնակցությունը երկրային գործերին (թոնդրակյաններն իրենց աղոթքներն ուղղել են ոչ թե աստծուն, այլ իրենց առաջնորդին), որն էլ Գրիգոր Մագիստրոսին և Գրիգոր Նարեկացուն առիթ է տվել նրան համարելու Էպիկուրի և Պյութագորասի հետևորդ։ Սմբատ Զարեհավանցու հայացքներին հատուկ է եղել նաև պանթեիզմը (նրա հետևորդ Կյուրեղն ասել է, որ աստված ամեն բանի մեջ է և ամենուր)։ Որպես հակաֆեոդալիստական գյուղացիական շարժման գաղափարախոս, Սմբատ Զարեհավանցին քարոզել է մարդկանց իրավական և գույքային հավասարություն և դրանից բխեցրել հասարակական կյանքի վերափոխման համար պայքարի անհրաժեշտությունը։ Ամուսնության հարցում կնոջը վերապահել է ընտրության և սիրո ազատություն։ Սմբատ Զարեհավանցու սոցիալական և փիլիսոփայական հայացքները դրվել են Թոնդրակյան շարժման գաղափարախոսության հիմքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 454