Սլավա Ռաշկայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլավա Ռաշկայ
խորվ.՝ Slava Raškaj
Ի ծնեխորվ.՝ Slavomira Friderika Olga Raškaj
Ծնվել էհունվարի 2, 1877(1877-01-02)[1][2][3]
ԾննդավայրՕզալ, Կարլովաչկա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էմարտի 29, 1906(1906-03-29)[1][3] (29 տարեկան)
Մահվան վայրStenjevec, Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[4]
 Slava Raškaj Վիքիպահեստում

Սլավա Ռաշկայ (խորվ.՝ Slava Raškaj, հունվարի 2, 1877(1877-01-02)[1][2][3], Օզալ, Կարլովաչկա, Ավստրո-Հունգարիա - մարտի 29, 1906(1906-03-29)[1][3], Stenjevec, Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), խորվաթ նկարչուհի, ջրանկարիչ, ով համարվում է խորվաթ առաջին իմպրեսիոնիստը[5]։ Սլավա Ռաշկայն ի ծնե խուլ էր, սակայն կրթություն է ստացել Վիեննայում և Զագրեբում՝ աշակերտելով Բելա Չիկոշ-Սեսիային։ 1890-ական թվականներին նրա աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայում, այդ թվում՝ 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում[6]։ Մինչ 1990-ական թվականները նրա աշխատանքները մնացել են գրեթե աննկատ, սակայն հետագայում դրանց նկատմամբ հետաքրքրությունը հետզհետե աճում է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաշուշաններ, մոտ 1900

Սլավա Ռաշկայը ծնվել է 1877 թվականի հունվարի 2-ին Խորվաթիայի Օզալ քաղաքում։ Ապագա նկարչուհուն կոչել են Ֆրիդերիկա Սլավոմիրա Օլգա Ռաշկայ (խորվ.՝ Friderika Slavomira Olga Raškaj)[6]։ Նրա ընտանիքը պատկանում էր միջին դասին․ մայրը եղել է փոստի տեղական մասնաճյուղի ղեկավարը, ինչն այն ժամանակ եղել է բավական հարգալից պաշտոն։ Սլավա Ռաշկայի մայրը՝ Օլգան, սիրել է նկարչությունը և այդ սերը փոխանցել է իր երկու դուստրերին՝ Սլավային ու Պաուլային (վերջինս Օրախովիցայում աշխատել է որպես ուսուցչուհի և ազատ ժամանակ զբաղվել է նկարչությամբ)[6]։

Ութ տարեկան հասակում Սլավա Ռաշկային ուղարկել են Վիեննա՝ սովորելու խուլ երեխաների համար նախատեսված դպրոցում։ Այդ շրջանի նրա աշխատանքներում պատկերված են դասական քանդակներ։ Դրանք արված են մատիտով կամ տուշով։ Սլավա Ռաշկայի՝ վաղ շրջանի նկարներից երկուսը պահպանվել են և ներկայում ցուցադրվում են Խորվաթիայի Դպրոցական թանգարանում, որ գտնվում է Զագրեբում՝ Մարշալ Տիտոյի հրապարակում[6]։ Դպրոցում ուսանելու տարիներին նա սովորում է գերմաներեն ու ֆրանսերեն։ Մի որոշ ժամանակ անց նա սկսում է նկարել ջրաներկով ու գուաշով։

Երբ Սլավա Ռաշկայը վերադարձել է հայրենի քաղաք, տեղի դպրոցի ուսուցիչներից մեկը, նկատելով աղջկա տաղանդը, ծնողներին խնդրել է նրան ուղարկել Զագրեբ՝ սովորելու հայտնի նկարիչ Վլախո Բուկովացի արվեստանոցում։ Սակայն վերջինս հրաժարվել է ուսուցանել Սլավային, և աղջիկը 1896 թվականին դարձել է Բելա Չիկոշ-Սեսիայի աշակերտը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Սլավա Ռաշկայն աշխատել է Բելա Չիկոշ-Սեսիայի հետ։ Այդ ընթացքում նա բնակվել է Իլիցա փողոցում գտնվող Խուլուհամր երեխաների պետական ինստիտուտում (խորվ.՝ Zemaljski zavod za odgoj gluhonijeme djece), որի տնօրենն իր նախկին ուսուցիչ Իվան Մուխա Օտոիչն էր[6][7]։ Արվեստանոցի փոխարեն Սլավա Ռաշկայը նկարում էր տեղի դիարանում, որտեղ հետագայում Օտոիչի օգնությամբ ստեղծեց իր սեփական արվեստանոցը։ Այդ շրջանում Սլավա Ռաշկայն ստեղծել է մռայլ նատյուրմորտներ, որոնցում պատկերված են ոչ սովորական իրեր՝ ծովաստղեր, արծաթե զարդատուփեր, վարդեր ու բուեր, օմար ու հովհար։

1890-ական թվականների վերջերին Սլավա Ռաշկայն սկսել է աշխատել է պլենէր ձևով՝ պատկերելով Զագրեբի բուսաբանական այգին ու քաղաքային զբոսայգիները, այդ թվում՝ Մաքսիմիր այգին։ Նրա նկարների գունային գամման դարձել է ավելի բաց ու թեթև[6]։ 1899 թվականին Սլավա Ռաշկայը վերադարձել է Օզալ և շարունակել նկարել բնություն։ Նրա լավագույն աշխատանքներն ստեղծվել են 1890-ական թվականներին։ Դրանցից են «Ինքնադիմանկար», «Գարունն Օզալում», «Հին ալրաղաց» և այլ նկարներ։ Սլավա Ռաշկայի առաջին ցուցահանդեսը, որում ներկայացված էին վեց նկարներ, տեղի է ունեցել 1898 թվականին Զագրեբի նորաբաց Արվեստի պավիլիոնում, որտեղ ներկայացված էին նաև Վլախո Բուկովացի ու Մենցի Ցրնիչի աշխատանքները։ Սլավա Ռաշկայի աշխատանքները ցուցադրվել են նաև Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում[6]։

Սլավա Ռաշկայի շիրիմն Օզալում

1900 թվականին Սլավա Ռաշկայի մոտ սկսել են ի հայտ գալ դեպրեսիայի նշաններ։ Նա սկսել է նկարել լքված հին ջրաղացներ, Կուպա գետի խոր անդունդը, ավերակներ։ Նրան տարել են հիվանդանոց, սակայն շուտով ուղարկել են բուժումը շարունակելու տանը։ Սակայն նրա վիճակը գնալով վատացել է, և 1903 թվականին նրան տարել են Ստենևեցի հոգեբուժարան։ Կյանքի վերջին տարիներին նա չի նկարել։

Սլավա Ռաշկայը մահացել է տուբերկուլոզից 1906 թվականի մարտի 29-ին[6]։

Առավել նշանակալի աշխատանքներ․

  • «Stablo u snijegu» (Ծառը ձյան մեջ)
  • «Rano proljeće» (Վաղ գարուն)
  • «Proljeće u Ozlju» (Գարունն Օզալում)
  • «Zimski pejsaž» (Ձմեռային բնանկար)
  • «Lopoči» (Ջրաշուշաններ)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին էկրան է բարձրացել Դալիբոր Մատանիչի «100 минут Славы» ֆիլմը՝ նվիրված Սլավա Ռաշկայի ու Բելա Չիկոշ-Սեսիայի հարաբերություններին[8][9]։

2008 թվականին Կոլովիչևի դվորի պատկերասրահում բացվել է մեծ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Սլավա Ռաշկայի 185 աշխատանքները։ Ցուցահանդեսը շարունակվել է մայիսից մինչև օգոստոս[6]։

2000 թվականի դեկտեմբերին Խորվաթիայի ազգային բանկը թողարկել է Սլավա Ռաշկայի պատկերով արծաթե հուշադրամ[10], որ ընդգրկված է «Հայտնի խորվաթուհիներ» հուշադրամների շարքում։

Զագրեբում գործում է լսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների կրթական կենտրոն, որ կրում է Սլավա Ռաշկայի անունը (խորվ.՝ Centar za odgoj i obrazovanje «Slava Raškaj» Zagreb

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Ljiljana Kolešnik Neuspjela retrospektiva (խորվաթերեն) // Kvartal: kronika povijesti umjetnosti u Hrvatskoj. — 2008.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Ožegović, Nina (2008 թ․ մայիսի 26). «Sjaj genijalne slikarice» [Glory of a genius artist]. Nacional (Croatian). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Josip Medved s učenicima prvog zavoda za gluhonijeme u Zagrebu» (Croatian). Croatian School Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Sto minuta slave» (Croatian). DaliborMatanic.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «100 Minutes of Glory (2004)». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Slava Raškaj» (Croatian). Croatian National Bank. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավա Ռաշկայ» հոդվածին։