Սինտերկլաաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինտերկլաասը ժամանում է Նիդեռլանդներ

Սինտերկլաաս (հոլ.՝ Sinterklaas, նաև Sint Nicolaas կամ De Goedheiligman), Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի, Սանտա Կլաուս Նիդերլանդներում և Բելգիայում։ Հանդիսանում է սիրված սուրբծննդյան հերոս Սանտա Կլաուսի տարբերակներից մեկը[1], համանուն ամենամյա փառատոնի գլխավոր հերոսն է։ Երեխաները և մեծահասակները սուրբ Նիկողայոսի օրը նշում են դեկտեմբերի 5-ին (Նիդեռլանդներում) կամ դեկտեմբերի 6-ին (Բելգիայում), չնայած դա չի համարվում ազգային տոն։ Սինտերկլաասի ժամանակակից տեսքը, հավանաբար, ծագել է Յան Սխենկմենի (1806-1863) «Սուրբ Նիկոլասն ու իր ծառաները» (1850) պատկերազարդ գրքից, բայց տոնը շատ ավելի հին ծագում ունի։ Ամեն տարի Նիդեռլանդներում բոլոր երեխաները սպասում են Սինտերկլաասին։ Նոյեմբերի վերջին նա Իսպանիայից ժամանում է շոգենավով, որպեսզի բոլոր նվերները բերի մինչև դեկտեմբերի 5-ը։ Շատ քաղաքներում Սինտերկլաասը, շոգենավով տեղ հասնելուց հետո, պաշտոնապես և հանդիսավոր կերպով իր շքախմբի հետ շրջում է փողոցներով և քաղաքային իշխանությունների կողմից ընդունելության արժանանում։

Սինտերկլաասը սպիտակ մորուքով և մազերով, կարմիր հագուստով վեհաշուք ծերունի է, ով սպիտակ ձի է վարում։ Նա ունի շատ Սև Պիտ անունով օգնականներ (հոլ.՝ Zwarte Piet), ովքեր սրբի փոխարեն կատարում են բոլոր «սև գործերը»։ Նրանք շատ աշխատանք ունեն. պետք է Իսպանիայից անվտանգ և ապահով տեղափոխեն արժեքավոր բեռները, փաթեթավորեն դրանք և հասցնեն երեխաների տուն։

Սինտերկլաասն ունի մի մեծ գիրք, որտեղ գրանցված են բոլոր երեխաների նվերները, նրանց անուններն ու հասցեները։ Բայց Սինտերկլաասը լսում է միայն ծնողներին, ուստի երեխաները նրանց միջոցով պետք է ուղարկեն բոլոր նամակները և ցանկությունները։

Ամեն օր՝ Իսպանիայից Սինտերկլաասի ժամանումից մինչ նրա մեկնումը, հեռուստատեսությամբ հատուկ հաղորդում է հեռարձակվում այն ​​մասին, թե ինչպես է անցնում նրա օրը, ինչ խնդիրներ են առաջանում և ինչպես են դրանք լուծվում։ Երեխաները սովորում են հատուկ երգեր։ Երգեր են երգվում նաև այն ժամանակ, երբ Սև Պիտերն աշխատում են։

Ցանկացողները կարող են ստեղծագործական մասնակցություն ունենալ տոնին։ Լավագույն բանաստեղծները, գրողները և նրանք, ովքեր պարզապես լավ գաղափար են առաջարկել, ցուցադրվում են հեռուստատեսությամբ։

Դեկտեմբերի 6-ին ամեն ինչ հասնում է իր տրամաբանական ավարտին։ Առավոտյան երեխաները Սինտերկլաասի նվերը գտնում են իրենց կոշիկի մեջ։

Նմանատիպ, բայց հստակորեն տարբերվող սուրբ Նիկողայոսի տոն նշվում է նաև Լյուքսեմբուրգում (լյուքս.՝ Kleeschen), Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում (տե՛ս «Ժողովրդական բանահյուսության ձմեռային կերպարներ» հոդվածի ցուցակը)։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սինտերկլաասը ժամանում է երկիր, երեխաներն ամեն երեկո իրենց կոշիկները դնում են բուխարու մոտ, որպեսզի առավոտյան նրանց մեջ քաղցրավենիք գտնեն։ Ավանդույթի համաձայն, գիշերը Սև Պիտն իջնում ​​է ծխնելույզով ու նրանց կոշիկների մեջ կոնֆետ է դնում։ Ծխնելույզ չունեցող տներում կոշիկները սովորաբար դնում են մուտքի կամ հետևի դռան մոտ։ Սև Պիտը ցանկանում է, որ երեխաները նվերի դիմաց ինչ-որ բան անեն։ Հետևաբար, երեխաները սովորաբար նկար են թողնում Սինտերկլաասի համար կամ որևէ բան՝ նրա ձիու համար (գազար, շաքարավազ կամ խոտ)։ Այս ավանդույթի մասին հիշատակվում է 15-րդ դարից։

Սինտերկլաասի օգնական Սև Պիտը

Նվերների երեկո (Pakjesavond)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նվերների երեկոն տարածված չէր։ Դրանում մեծ դեր են ունեցել ճգնաժամի տարիները։ Պատերազմից հետո բարեկեցությունը թույլ է տվել ընդլայնել ավանդույթները, և նվերների երեկոն ավանդույթ է դարձել շատ ընտանիքների համար։

Սինտերկլաասը նվերների անտեսանելի կախարդական բերողից աստիճանաբար վերածվել է երեխաների պապիկի-ընկերոջ, որը գալիս է այցելության նվերներով լի մի մեծ պարկով, և որին երեխաներն անհամբեր սպասում են։

Նվերների երեկոն միայն երեխաների համար չէ։ Մեծահասակները նույնպես միմյանց նվերներ են մատուցում, սովորաբար փաթեթավորված օրիգինալ ոճով, որպես «անակնկալ»։ Ընտրությունը, թե ում պետք է նվեր տալ, սովորաբար որոշվում է վիճակահանությամբ։

Նվերների գիշերը հոլանդական ավանդույթ է։ Բելգիայում նվերներն ստանում են դեկտեմբերի 6-ի առավոտյան։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինտերկլաասի մասին երգերը փոխանցվում են բանավոր կերպով, հիմնականում ծնողներից երեխաներին և հանդիսանում են այն հոլանդական երգային մշակույթ․ մեկն այն քչերից, որոնք մինչ օրս ակտիվորեն օգտագործվում են երգարվեստում։

Սուրբ Նիկողայոսի մասին ամենահին կրոնական երգերը թվագրվում են տասնվեցերորդ և տասնյոթերորդ դարերով։ Տասնիններորդ դարում ձայնագրվել են Սինտերկլաասի մասին մի քանի ժողովրդական երգեր՝ «Sinterklaas goed heiligman», «Sinterklaas kapoentje» և «Sinterklaasje bonne bonne bonne»։ Սինտերկլաասի մասին ներկայիս ավանդական երգերը գրեթե ամբողջությամբ սկիզբ են առել տասնիններորդ դարի երկրորդ կեսից և քսաներորդ դարի առաջին կեսից․ Ջ․ Հեյջեի «Zie, de maan schijnt door de bomen», Յան Սխենկմենի «Zie, ginds komt de stoomboot / Uit Spanje weer aan» և Կատարինա Լեոպոլդի «O, kom er eens kijken / Wat ik in mijn schoentje vind»։

Ձի[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի իննսունականների սկզբից ի վեր Նիդերլանդներում Սինտերկլաասի ձին անուն ունի՝ Ամերիգո։ 20-րդ դարի հիսունական և վաթսունական թվականներին ձիու համար օգտագործվել են նաև տարբեր անուններ, այդ թվում՝ «Majestueuzo» և «Բյանկա»։ Ֆլանդրիայում ձիուն անվանում են «Այսօր վատ եղանակ» («Slecht Weer Vandaag»):

Հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինտերկլաասի հագուստը նման է եպիսկոպոսականին, բայց ունի մի քանի էական տարբերություններ։ Թիկնոցը կամ վերարկուն, որ Սինտերկլաասը սովորաբար կրում է (կաթոլիկության մեջ՝ տոգա՝ երկար սրբազան մանուշակագույն եպիսկոպոսի հագուստ՝ 33 կոճակով, որը խորհրդանշում է Քրիստոսի տարիների թիվը) ունի պարզեցված ձև։ Իր հագուստի տակ նա ժամաշապիկ է հագնում։ Ժամաշապիկը կտրված է ժանյակով և ավարտվում է ծնկների և կոճերի արանքում։ Այն կարմիր է, իսկ ծայրերում՝ զարդարված գոտի։ Առավել տարածված է կարմիր, ոսկեգույն եզրերով թիկնոցը, որն ուսերից հասնում է գրեթե գետնին։ Թիկնոցի հակառակ կողմը սովորաբար ոսկեգույն կամ սպիտակ է։ Սինտերկլաասը այս հագուստը հագնում է մնացած բոլոր հագուստների վրա։

Սինտերկլաասը գլխին դնում է կարմիր խույր։ Այն ձևով տարբերվում է եպիսկոպոսների խույրերից (կարմիր խույրը կաթոլիկ եկեղեցում չէին կրում, որպես կանոն, դրանք սպիտակ էին լինում)։

Սինտերկլաասի գավազանը տարբերվում է եպիսկոպոսների գավազանից։ Այն համարվում է օձի խորհրդանիշը (իմաստության և անսահմանության նշան), որն իջնում ​​է ուղղահայաց գծով, որպես երկրային արքայություն իջնող ոգու և իմաստության խորհրդանիշ։

Նա նաև կրում է սև կոշիկներ և երկար սպիտակ ձեռնոցներ (երբեմն՝ մանուշակագույն)։ Սովորաբար աջ ձեռքի մատնեմատին կրում է եպիսկոպոսի ոսկե մատանի՝ ռուբինով։

Քաղցրավենիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինտերկլաասի տոնին բնորոշ քաղցրավենիքներն են՝

  • Շոկոլադ (Շոկոլադե դրամներ, շոկելադե սիգարետներ, շոկոլադե մկներ և շոկոլադե գորտեր)։
  • Շոկոլադե տառեր
  • Մարցիպան
  • Կոնֆետներ
  • Գինի և այլն։

Ժամանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինտերկլաասը շոգենավով ժամանում է Իսպանիայից

Երկիր մուտք գործելը սովորաբար տեղի է ունենում նոյեմբերի կեսերին։ Այս միջոցառումն եթեր է թողարկվում ուղիղ հեռարձակմամբ։ Սինտերկլաասը նվերներ բարձած իր շոգենավով ժամանում է Նիդերլանդներ / Բելգիա։ Շոգենավը խարիսխ է նետում և նա իջնում է նավից ու իր ձիով հանդիսավոր կերպով շրջում փողոցներում․ նրան ողջունում են ավանդական երգեր երգող երեխաները[2]։ Ափից հեռու գտնվող որոշ գյուղեր ու քաղաքներ նա այցելում է իր ձիով․ երբեմն օգտագործվում են տրանսպորտի այլ միջոցներ։ Սինտերկլաասի և նրա շքախմբի ժամանումը պաշտոնական ազդանշան է երեխաների համար, որ նրանք արդեն կարող են պատրաստել իրենց կոշիկները, և հաջորդ առավոտ ինչ-որ քաղցր բան ստանալ։

Մեկնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնումը սովորաբար տեղի է ունենում դեկտեմբերի 6-ին և նշվում ժողովրդական տոնախմբություններով։ Սինտերկլաասը և նրա օգնականները հրաժեշտի համերգ են կազմակերպում, այնուհետև բոլորը նրանց ուղեկցում են նավ։

Ծագում և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքականների առարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներում բողոքական նախարարները փորձել են վերացնել այս տոնը՝ այն համարելով կաթոլիկ սնահավատություն։ Օրինակ՝ Դելֆտում մոտ 1600 թվականին արգելվել է նշել այս տոնը և բացահայտ վաճառել ավանդական քաղցրավենիքները։ Եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերը նույնպես դեմ էր տոնին։ Նա մտածում էր, որ Սուրբ ծնունդն ավելի հարմար է նվերներ տալու համար։ Բայց Սինտերկլաասի տոնը այնքան տարածված էր (նույնիսկ բնակչության խիստ բողոքական հատվածի շրջանում), որ նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Մարդիկ դադարել են տոնը նշել փողոցում, բայց շարունակել են դա անել տանը։ 20-րդ դարում Սինտերկլաասի տոնակատարությունը նշվել է աննախադեպ շքեղությամբ։

Ժամանակակից մանկական տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինտերկլաասը Հոլանդիա է գալիս Իսպանիայից։ Իր գրքում նա կարող է տեսնել, արդյոք երեխան իրեն լավ թեվատ է պահել, և արդյոք նա արժանի է նվերի։ Եթե ​​երեխան իրեն վատ է պահել, ապա Սև Պիտը նրան պարկով տանում է Իսպանիա։ Նախկինում դաստիարաչական այս թեման տոնի համատեքստի հստակ մաս է կազմել։ Հետագայում Սինտերկլաասը բռնակալ ուսուցչից վերածվել է երեխաների ընկերոջ։ Նա սկսել է պարկերն օգտագործել նվերներ տեղափոխելու համար, իսկ դրա համար բավական էր, որ երեխան խոստանա, որ այլևս ոչ մի վատ բան չի անի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clark Cindy Dell (1 November 1998)։ Flights of Fancy, Leaps of Faith: Children's Myths in Contemporary America։ University of Chicago Press։ էջ 26։ ISBN 9780226107783 
  2. «Sinterklaas Arrival—Amsterdam, the Netherlands»։ St. Nicholas Center։ 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]