Սիելո Լատինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիելո Լատինի
Cielo Latini en la feria del libro cropped.jpg
Ծնվել է հունիսի 14, 1984(1984-06-14) (34 տարեկան)
Ծննդավայր Լա Պլատա, Արգենտինա
Մասնագիտություն գրող
Լեզու իսպաներեն
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
Կրթություն Արգենտինայի կաթոլիկ համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Abzurdah

Սիելո Լատինի (իսպ.՝ Cielo Latini, հունիսի 14, 1984(1984-06-14), Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի գրող: Դեռ պարմանուհի՝ գրել է Abzurdah ինքնակենսագրական վեպը՝ մանրամասնելով իր ունեցած հիմնախնդիրները՝ կապված անորեքսիայի և նյարդային բուլիմիայի հետ: Գիրքը մեծ հաջողություն է ունեցել, դարձել բեսթսելլեր, 2015 թվականին էկրանավորվել է (գլխավոր դերում նկարահանվել է արգենտինացի կինոաստղ Մարիա Էուխենիա Սուարեսը):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիելո Լատինին ծնվել է 1984 թվականի հունիսի 14-ին, Արգենտինայի Լա Պլատա քաղաքում: Արգենտինայի կաթոլիկական համալսարանում ուսումնասիրել է ժուռնալիստիկա: Դեռ շատ երիտասարդ՝ սիրահարվել է իրենից տասը տարով մեծ Ալեխանդրոյին: Ձգտելով բարելավել իր արտաքին տեսքը՝ ընկել է ծայրահեղությունների մեջ, ձեռք է բերել անորեքսիա և նյարդային բուլիմիա հիվանդություններ: Հենց այդ շրջանում էլ համացանցում բացել է "Me como a mí" վեբ էջը՝ քաջալերելով հետևորդ աղջիկներին՝ հաղթահարելու այդ կարգի խանգարումները: Չնայած աղջկա զոհողություններին՝ Ալեխանդրոն լքել է նրան, և նա փորձել է ինքնասպան լինել, բայց փրկվել է մահից, մի նոր բոյֆրենդի հետ է մտերմացել, նոր կյանք սկսել[1]:

Քսան տարեկանում Սիելոյի մեջ ծնունդ է առել իր սննդային խանգարումների, Ալեխանդրոյի հետ ունեցած հարաբերությունների, իր ապրումների մասին ինքնակենսագրական վեպ գրելու գաղափարը, որը իրագործել է՝ դրսևորելով մեծ ձիրք ու տաղանդ: Abzurdah խորագիրը կրող նրա ինքնակենսագրական վեպը հսկայական հաջողություն է ունեցել, երիտասարդ հեղինակին հարցազրույցների են հրավիրել թե՛ ռադիոն, թե՛ հեռուստատեսությունը՝ ներառյալ արգենտինացի ճանաչված հեռուստալրագրողուհի Ալմորսանդո կոն Միրտա Լեգրանը (Almorzando con Mirtha Legrand): Բազմաթիվ հարցազրույցներից մեկի ժամանակ Սիելոն ծանոթացել է ժուռնալիստ Ռոնալդո Գրանիայի հետ և, չնայած տարիքային անդունդին (Ռոնալդոն 25 տարով մեծ է նրանից)՝ սիրահարվել են, ամուսնացել (ներկայումս երկու դուստր ունեն)[2]:

Ընկերներից մեկի պատմածի հիման վրա Լատինին գրել է իր երկրորդ գիրքը՝ Chubasco-ն[3], որը նույնպես արժանացել է ընթերցողների ջերմ ընդունելությանը: Եղել են նաև այն էկրանավորելու առաջարկություններ:

2006 թվականին Լատինին վաճառել էր Abzurdah-ի էկրանավորման իրավունքները, բայց ֆիլմը չէր նկարահանվել, և այդ իրավունքները հինգ տարի անց վերադարձվել էին գրքի հեղինակին: Նա մեկ անգամ ևս վաճառեց դրանք, և 2015 թվականին նույնանուն կինոնկարը վերջապես էկրան բարձրացավ: Ընդ որում՝ գլխավոր հերոսուհու՝ Լատինիի դերում հանդես է եկել արգենտինական կինոյի ճանաչված ու սիրված աստղերից մեկը՝ Մարիա Էուխենիա Սուարեսը: Գրքի հեղինակը ներգրավված չի եղել իր երկի կինոնկարահանման աշխատանքներում և երբ մասնավոր մի կինոդիտման ժամանակ ծանոթացել է ավարտուն գործին, գովել է կինոռեժիսորի և դերասանների աշխատանքը, հատկապես այն բանի համար, որ նրանք չափից ավելի չեն ծանրացել սննդային խանգարումների վրա և առավել ուշադրություն են նվիրել հոգեկան ապրումներին[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]