Սառա Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սառա Դավթյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1908(1908-12-24)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 13, 1991(1991-05-13) (82 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1964)
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Սառա Աբրահամի Դավթյան (դեկտեմբերի 24, 1908(1908-12-24), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1991(1991-05-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1964 թ.), պրոֆեսոր (1966 թ.): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1961 թ.): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Դավթյանը ծնվել է թիֆլիսցի ձեռնարկատեր և հասարակական-քաղաքական գործիչ Աբրահամ Գրիգորիի Դավիդով-Դավթյանի և տնային տնտեսուհի Նինա Հակոբի Դավիդովա-Դավթյանի ընտանիքում: 1915-1926 թվականներին սովորել է Թիֆլիսի Հովնանյան վարժարանում: 1937 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1937-1939 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի ասպիրանտուրայում (Ա. Զայցևի ղեկավարությամբ): 1939-1960 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, եղել է ասիստենտ, 1955 թվականից՝ դոցենտ, միաժամանակ՝ հոգեբուժական հիվանդանոցի օրդինատոր: 1941-1955 թվականներին եղել է Հանրապետական հոգեբուժական կլինիկական հիվանդանոցի տնօրեն: 1960 թվականին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, 1962-1980 թվականներին ղեկավարել է իր կողմից հիմնադրած ամբիոնը[1]:

1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում որպես ասիստենտ աշխատել է Երևան էվակուացված Կրասնոդարի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում: 1941-1943 թվականներին եղել է Երևան էվակուացված Կրասնոդարի զինվորական հոսպիտալի պետը, ռազմա-բժշկական հանձնաժողովի անդամ: Ունեցել է բժշկական ծառայության փոխգնդապետի կոչում: 1941-1955 թվականներին եղել է Երևանի քաղխորհրդի առողջապահության բաժնի գլխավոր հոգեբույժ,1962-1984 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ: 1940-ական թվականներից, միաժամանակ՝ պրոֆեսոր Ա. Մեհրաբյանի ղեկավարությամբ զբաղվել է գիտական ուսումնասիրություններով:

Տիրապետել է հայերենի, ռուսերենի, վրացերենի:

Գիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ ՝ «Ուղեղի փակ վնասվածքների ժամանակ ձգձգվող նյարդա-հոգեկան խանգարումների կլինիկան» թեմայով, որը բարձր գնահատականի է արժանացել Լևոն Օրբելու, Վ. Գիլյարովսկու և այլոց կողմից: 1951 թվականին ստացել է բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան: Սառա Դավթյանը հոգեբուժությունից դիսերտացիա պաշտպանած հայաստանյան առաջին մասնագետն է: 1950-1960-ական թվականներին շարունակել է գիտական ուսումնասիրությունները շիզոֆրենիայի ընթացքի առանձնահատկությունների վերաբերյալ: 1964 թվականին Թբիլիսիում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Շիզոֆրենիայի դրսևորման վաղ ձևերը և նրա նևրոզանման ընթացքը» թեմայով՝ ստանալով բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան: 1966 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Գիտաժողովներ, անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմիցս մասնակցել է նյարդաբույժների և հոգեբույժների համամիութենական, անդրկովկասյան ու հանրապետական համագումարների և գիտաժողովների՝ Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Երևանում և այլուր:

Եղել է Նյարդաբույժների և հոգեբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ, Հայաստանի նյարդաբույժների և հոգեբույժների ընկերության վարչության անդամ և հոգեբույժների սեկցիայի նախագահը: Եղել է Շիզոֆրենիայի ուսումնասիրության համամիութենական պրոբլեմային խորհրդի անդամ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության կոլեգիայի և գիտա-բժշկական խորհրդի անդամ, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, Հանրապետական դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի նախագահ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1961 թ.
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1974 թ.
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Աշխատանքի վետերան մեդալ
  • Առողջապահության գերազանցիկ նշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Դավթյանի «Շիզոֆրենիայի վաղաժամ ախտորոշումը» մենագրությունն արժեքավոր ձեռնարկ է հոգեբույժների և ուսանողների համար: Հեղինակ է հրատարակված շուրջ 218 գիտական հոդվածների և 2 մենագրության:

  • Ранние формы проявления шизофрении и ее неврозоподобное течение, 1969.
  • Ранняя диагностика шизофрении, Ереван, 1972.
  • Շիզոֆրենիայի ժամանակ որոշ սինդրոմներ այլ սինդրոմների փոխակերպման կլինիկո-պաթոֆիզիոլոգիական առանձնահատկությունների հարցի մասին (ռուսերեն):
  • Роль эк­зогенных факторов в развертывании и течении шизофрении, 1974.
  • Հետծննդյան և ինֆեկցիոն պսիխոզներ (ռուսերեն, ձեռագիր), 1978 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002:
  • Айриян А.П., Армянские учёные-медики, Ереван, 1998.