Սամվել Շմավոնյան
Ծնվել է | հավանաբար 1856 |
---|---|
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 1916 |
Մահվան վայր | Հալեպ |
Մահվան պատճառ | Բծավոր տիֆ |
Ազգություն | հայ |
Դավանանք | ավետարանական |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Ամուսին | Աղավնի Արամյան |
Ծնողներ | Ստեփան Շմավոնյան |
Սամվել Ստեփանի Շմավոնյան (հավանաբար 1856, Կ. Պոլիս - 1916, Հալեպ), հայ բժիշկ
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հավանաբար 1856 թվականին Կոստանդնուպոլսի Հայնի թաղամասում։ Կ. Պոլսի հանրահայտ վերապատվելի Ստեփան Շմավոնյանի որդին է։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1872 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ միաժամանակ աշխատել է և ուսանել Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Համալսարանի 1500 ուսանողներից միակն է, որ ուսումն ավարտել է ոսկե մեդալով։ Մի քանի տարի աշխատել է զանազան բուժհիմնարկներում և հմտացել մասնագիտության մեջ։
1885 թվականին վերադարձել է Հալեպ՝ հիվանդ քրոջը՝ տիկին Ռեբեկա Մարգարյանին բուժելու նպատակով։ Քրոջ ապաքինվելուց հետո հաստատվել է Հալեպի Կաստ-էլ-Հաջար թաղամասում, ուր բացել է իր սեփական հիվանդանոցը և աշխատել։ Կարճ ժամանակ անց մեծ համբավ է ձեռք բերել քաղաքի քրիստոնյա, մուսուլմանական և հրեա բնակչության շրջանում։
Ամուսնացել է պոլսեցի Աղավնի Արամյանի հետ։ Զավակներ չեն ունեցել։ Աշխույժ մասնակցություն է ունեցել քաղաքում իրականացվող ազգային, եկեղեցական, կրթական և այլ ազգանպաստ միջոցառումներին։ Նյութապես օգնել և բարոյապես քաջալերել է 1909 թվականին Հալեպի Ակ-յոլ թաղամասում դարմանատուն բացած սասունցիներին։ Միաժամանակ աշխատելով այդ դարմանատանը, քննել է հիվանդներին, հսկել մաքրությանն ու կարգուկանոնին։ Եղել է ՀԲԸՄ-ի 1910 թ. Հալեպում հիմնված մասնաճյուղի հիմնադիրներից մեկը և նրա վարչության ցմահ ատենապետը։ 1915 թվականին՝ հայերի տարագրության և Մեծ Եղեռնի ընթացք ում, թողնելով գործերը, մի բարի հրեշտակի նման ընդունել, կերակրել ու հագցրել է աքսորյալ ազգակիցներին։ Երբ վերապատվելի Ահարոն Շիրաճյանն ստանձնել է որբանոց-ապաստարան բացելու գործը, բժիշկը դարձել է նրա առաջին բարերարը՝ 200 հնչյուն ոսկի պատկառելի գումար նվիրաբերելով։
Հալեպի Ազիզիե թաղամասում ավետարանական Էմմանուել եկեղեցու կառուցման համար նվիրաբերել է 300 օսմանյան ոսկի։ Լինելով ավետարանական համայնքի անդամ՝ մշտապես ներկա է եղել եկեղեցու կարևոր ժողովներին և ջանացել խոսքով, խորհուրդներով ու գործով օգտակար լինել եկեղեցական, կրթական ու հասարակական միջոցառումներին։
1916 թվականին թուրքական կառավարությունը վտանգավոր է համարել ՀԲԸՄ-ի գործունեությունը։ 1916 թվականին Ջեմալ փաշան հրաման է արձակել կախաղան բարձրացնել բժշկին՝ որպես վտանգավոր ընկերության պարագլխի, սակայն հայ և մուսուլման բնակչությունը միասնաբար դիմել է կառավարությանը և կարողացել մահապատժից փրկել սիրելի բժշկին։
1916 թվականին հազիվ բեկանված մահավճիռը, վարակվել է տիֆով և մի քանի օր անց մահացել՝ մոտ 60 տարեկանում։
Չնայած անկայուն քաղաքական իրավիճակին, հալածանքներին ու աքսորին, բազմազգ թափորը թաց աչքերով է ուղեկցել բժշկի դագաղը։
Բժիշկ Սամվել Շմավոնյանը նախօրոք գիտակցել էր, որ իր դեմ մահվան վճիռ է արձակված։ Երբ խնամում էր տիֆով հիվանդ քրոջը՝ Արուսյակ Մարգարյանին, շարունակ կրկնել է. «Ինքս պէտք էի ըլլալ թիֆուսէ վարակուողը, պիտի նախընտրէի հիւանդութեամբ մեռնիլ, քան թէ կախաղանի վրայ»։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգարեան-Սինանեան Ա., Տոքթ. Սամուէլ Շմաւոնեան, «Գեղարդ» սուրիահայ տարեգիրք, Ե. գիրք, Հալէպ, 1996։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։