Ռոբբի (կարճ պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբբի
անգլ.՝ Robbie
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևպատմվածք
ՀեղինակԱյզեկ Ազիմով
ԵրկիրԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1940
ՏեսարանԱՄՆ
Հրատարակչություն«Popular Publications»
Հրատարակվել էսեպտեմբեր, 1840 թ.
ՇարքՌոբոտային շարք
ՀաջորդՏրամաբանություն

«Ռոբբի» (անգլ.՝ Robbie), ամերիկացի գրող Այզեկ Ազիմովի գիտաֆանտաստիկ ժանրի պատմվածքներից։ Այն ռոբոտի մասին Ազիմովի առաջին պատմությունը և գրական ստեղծագործությունն է՝ գրված 1939 թվականի հունվարի 10-ին[1]։ Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1940 թվականի սեպտեմբերին «Super Science Stories» ամսագրում «Արտասովոր խաղընկերը» վերնագրով։ Վերնագիրն ընտրել էր խմբագիր Ֆրեդերիկ Փոլը, իսկ Ազիմովն այն անվանել է «զզվելի»։ «Ռոբբիի» վերանայված տարբերակը հենց բնագրի վերնագրով վերահրատարակվել է հետևյալ ժողովածուներում՝ «Ես, Ռոբոտ» (1950), «Կատարյալ ռոբոտը» (1982), «Ռոբոտի մտապատկերներ» (1990)։ «Ռոբբին» Ազիմովի տասնչորսերորդ պատմությունն է և իններորդը՝ որ պետք է տպագրվեր։ Պատմությունն Ազիմովի Ռոբոտային շարքի մի մասն է, և նրա առաջին պոզիտրոնիկ ուղեղով ռոբոտների մասին պատմությունն էր, որ տպագրվեց։

Պատմվածքի հիմնական թեման ռոբոտների հանդեպ անտեղի ձևավորված տեխնոֆոբիան է։ Ռոբոտների մասին նախկինում հրատարակված գիտաֆանտաստիկայի ժանրի գրեթե բոլոր պատմություններն այն թեմայով էին, որ «ռոբոտն իրեն ստեղծողի դեմ է դուրս գալիս»։ Ազիմովը մշատեպ հայտնել է իր խոր համոզմունքը, որ Ֆրանկենշտայնի բարդույթը անտեղի վախ է, հետևաբար իր ստեղծագործությունների մեծ մասում փորձել է օրինակներով ցույց տալ, թե ինչպես կարող են ռոբոտները օգնել մարդկությանը։

2016 թվականին «Ռոբբին» արժանացել է 1941 թվականի Հյուգո մրցանակի որպես լավագույն պատմվածք[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Վեսթընների ընտանիքը ձեռք է բերում RB սերիայի մի ռոբոտ՝ Ռոբբի անունով, որը ծառայում է որպես իրենց դստեր՝ Գլորիայի դայակ։ Գլորիայի մայրը նորաձև հասարակության ներկայացուցիչ է, ու նրա կարծիքը մեծ մասամբ կախված է շրջապատից։ Այն ժամանակ, երբ հանրամատչելի ռոբոտները նորագույն մոլություն էին, նա երջանիկ էր Ռոբբիին ունենալու իր կարգավիճակի համար։ Այնուամենայնիվ հակառոբոտային հայացքներն արագորեն տարածվում են ողջ աշխարհով մեկ, և հանկարծ տիկին Վեսթընն անհանգստանում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ռոբոտ դայակն իր դստեր վրա, քանի որ Գլորիան ավելի շատ ժամանակ է սիրով անցկացնում Ռոբբիի հետ, քան այլ երեխաների, ու հնարավոր է, որ արդյունքում նա հասարակ շփում չկարողանա ստեղծել մարդկանց հետ։ Ռոբբիին գնելուց 2 տարի անց պարոն Վեսթընը վայր է դնում զենքերն ու, կնոջը լսելով, Ռոբբիին վերադարձնում գործարան։

Քանի որ Գլորիան շատ է կապված ռոբոտի հետ, ում նա իր լավագույն ընկերն է համարում, այդ դեպքից հետո դադարում է ժպտալ, ծիծաղել ու ընդհանրապես վայելել կյանքը։ Չնայած ծնողների շարունակական ջանքերին, որոնք նրան շուն են գնում Ռոբիին փոխարինելու համար, նա չի համակերպվում այդ ամենին և նրա տրամադրությունն աստիճանաբար ավելի է վատանում։ Մայրը, որը պնդում էր, որ Գլորիան դժվար թե կարողանա մոռանալ Ռոբբիին, քանի որ շրջապատված է այնպիսի վայրերով, որտեղ նախկինում խաղացել է Ռոբբիի հետ, կարծում է, որ Գլորիան կարիք ունի միջավայրի փոփոխության, որ կարողանա մոռանալ ընկերոջը։ Տիկին Վեսթընն ի վերջո համոզում է ամուսնուն տեղափոխվել Նյու Յորք։ Ցավոք այդ ծրագիրը հակառակ ազդեցություն է ունենում, քանի որ Գլորիան ենթադրում է, թե նրանք գնում են Ռոբբիին որոնելու և մասնավոր խուզարկուներ են վարձելու այդ գործի համար։

Այն բանից հետո, երբ Վեսթըններն իրենց դստեր հետ շրջում են զանազան հետաքրքիր զվարճանքների կենտրոններով, պարոն Վեսթընը, արդեն այլ ելք չգտնելով, մոտենում է կնոջն ու ասում․ «Գլորիան անզոր է մոռանալ Ռոբբիին, քանի որ նա Ռոբբիին մարդ է համարում, այլ ոչ թե ռոբոտ, ու եթե մենք նրան ռոբոտաշինության գործարան տանենք, նա կտեսնի, որ Ռոբբին ոչ այլ ինչ է, քան հասարակ մետաղ ու էլեկտրականություն»։ Ամուսնու առաջարկից տպավորված՝ տիկին Վեսթընը համաձայնում է մի կարճ շրջագայություն անցկացնել ԱՄՆ ռոբոտների և մեխանիկական մարդկանց հավաքական վայրերում։ Շրջայցի ընթացքում պարոն Վեսթընը խնդրում է տեսնել գործարանի այն սենյակը, որտեղ ռոբոտներն այլ ռոբոտներ են ստեղծում։ Սենյակն անակնկալի է բերում Գլորիային ու տիկին Վեսթընին, քանի որ ռոբոտ աշխատողներից մեկը հենց Ռոբբին էր։ Գլորիան անմոռաց վազում է շարժվող մեքենայի դիմացով՝ անհամբեր գրկելու իր ընկերոջը, իսկ Ռոբբին փրկում է նրան։ Տիկին Վեսթընը հանդիմանում է ամուսնուն այդ ամենը ծրագրելու համար։ Ի վերջո նրանք երկուսն էլ հասկանում են, որ Ռոբբին սովորական ռոբոտ չէ, ու այդ գործարանը նրա տեղը չէ։ Պարոն Վեսթընը գիտեր, որ եթե իրեն հաջողվել է նորից միավորել երկու ընկերներին, իր կինն այլևս անզոր է բաժանել նրանց։ Երբ Ռոբբին փրկում է Գլորիայի կյանքը, տիկին Վեսթընը վերջապես համաձայնում է, որ նա չի կարող անհոգի հրեշ լինել, ու զենքերը վայր է դնում։

1950 թվականի վերահրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի վերահրատարակված տարբերակն ունի լրացուցիչ բովանդակություն, որում պատկերվում է Սյուզըն Քելվինի սկզբնական տեսքը (պատմությունների ներքին ժամանակագրության մեջ), և շարունակում է պատկերվել պատմության շարունակության մեջ՝ «Ես, Ռոբոտ»-ում։ Այնտեղ նաև հղում է արվում Ռոբոտաշինության առաջին հիմնական օրենքին, իսկ ամսաթիվը փոխվում է 1998 թվական։

Սյուզընը, որն այդ ժամանակ քոլեջի ուսանողուհի էր, գտնվում է Նյու Յորքի մի թանգարանում և դիտում է «առաջին խոսող ռոբոտի» ցուցանմուշը։ Վերջինս մի մեծ համակարգիչ է, որ զբաղեցնում է ողջ սենյակը և կարող է պատասխանել այցելուների բանավոր հարցերին։ Չնայած այդ հարցերը վերահսկելու համար մարդու ներկայությունն անհրաժեշտ էր, բայց այդ մարդը դուրս է գալիս սենյակից, երբ ուղեկցորդական շրջայցներն ավարտվում են, և հենց այդ ժամանակ ներս է մտնում Գլորիան։ Նա մեքենային հարցնում է, թե արդյո՞ք նա գիտի Ռոբբի գտնվելու վայրը։ Նա այդ հարցը տալիս է՝ կարծելով, որ մեքենան պետք է իմանա նրա տեղը, քանի որ Ռոբբին նրա պես ռոբոտ է։ Համակարգիչը չի կարողանում ըմբռնել հարցը և փչանում է։ Սյուզընը մի քանի դիտարկումներ է գրի առնում և հեռանում, երբ հարցեր վերահսկողը զայրացած վերադառնում է՝ հասկանալու, թե ինչ է պատահել համակարգչին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիմովը գրել է «Ռոբբին» 1939 թվականի մայիսին։ Պատմությունը գրելիս նա ոգեշնչվել է Օտտո Բայնդերի «Ես, Ռոբոտ» պատմվածքից։ Վերջինս պատմություն է մի հոգատար ռոբոտի մասին, որը տպվագրվել է 1939 թվականի հունվարին «Amazing Stories» ամսագրում[3]։

Այն բանից հետո, երբ հունվարին այդ պատմվածքը գիտաֆանտաստիկ ժանրի կարկառուն դեմքերից մեկի՝ Ջոն Քեմփբելի կողմից հավանության չարժանացավ, Ազիմովը Ֆրեդերիկ Փոլին է վարձում որպես գրական ստեղծագործության ներկայացուցիչ։ Վերջինիս չի հաջողվում գտնել մի ամսագիր, որում համաձայնեին տպագրել պատմվածքը, մինչև հենց ինքը, 1939 թվականի հոկտեմբերին, դառնում է «Astonishing Stories» և «Super Science Stories» ամսագրերի խմբագիր։ 1940 թվականի մարտին Փոլը գնում է «Ռոբբի» պատմվծքը ամսագրի վերջին թողարկման համար, անվանափոխելով այն Ազիմովի չհավանած վերնագրով՝ «Արտասովոր խաղընկերը»[4]։ Ազիմովին հաջողվեց վերականգնել պատմության սկզբնական՝ «Ռոբբի» վերնագիրը, երբ պատմվածքը վերատպագրվեց «Ես, Ռոբոտ» ռոբոտային շարքի առաջին ժողովածուի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Introduction, The Complete Robot,  Այզեկ Ազիմով
  2. 1941 Retro-Hugos at the Hugo Awards website
  3. Asimov (1979) In Memory Yet Green, Avon Books, pp. 236–237
  4. Asimov, Isaac (1972). The early Asimov; or, Eleven years of trying. Garden City NY: Doubleday. էջեր 142–145.