Ռեդինգյան բանտի բալլադը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեդինգյան բանտի բալլադը (1904)

Ռեդինգյան բանտի բալլադը (անգլ.՝ The Ballad of Reading Gaol) Օսկար Ուայլդի պոեմներից է, որ գրվել է Բերնեվալ-Լե-Գրանի աքսորի ժամանակ, 1897 թվականի մայիսի 19-ին Ռեդինգյան բանտից ազատվելուց հետո։ Ուայլդը բանտարկվել էր այն բանից հետո, երբ 1895 թվականին այլ տղամարդկանց հետ միասին մեղադրվել էր կոպիտ անպարկեշտության մեջ և դատապարտվել երկու տարվա ծանր աշխատանքի:։

Ուայլդի բանտարկության ընթացքում, 1896թ. հուլիսի 7-ին, երեքշաբթի օրը իրագործվեց Չարլզ Թոմաս Վուլդրիդջի մահապատիժը, ով արքայական ձիավորների գվարդիայի հեծելակ էր։ Նա նույն տարվա սկզբին Վինձորի մոտ գտնվող Քլյուեր քաղաքում դատապարտվել էր իր կնոջ՝ Լորա Էլենի կոկորդը կտրելու համար[1]։ Մահապատժի ենթարկվելիս նա 30 տարեկան էր[2][3]։

Ուայլդը պոեմը գրել է 1897 թվականի կեսերին, երբ ապրում էր Ռոբերտ Ռոսի մոտ Բերնեվալ-լե-Գրանում։ Պոեմը պատմում է Վուլդրիջի մահապատժի մասին. այն պատմության օբյեկտիվ շարադրումից անցնում է խորհրդանշական նույնացման բանտարկյալների հետ՝ որպես ամբողջություն[4]։ Իրենց դատապարտած օրենքների արդարությունը գնահատելու որևէ փորձ չի արվում, այլ ավելի շուտ պոեմը ձգտում է ընդգծել այն պատժի դաժանությունը, որը կիսում են բոլոր դատապարտյալները։ Ուայլդը համադրում է մահապատժի ենթարկվածին և իրեն՝ «Սակայն յուրաքանչյուր մարդ սպանում է այն, ինչ սիրում է» տողով։ Ուայլդը նույնպես բաժանված էր կնոջից և որդիներից[5]։ Նա որդեգրեց պրոլետարական բալլադի ձևը և առաջարկեց այն տպագրել Reynold's Magazine-ում, «քանի որ այն լայնորեն տարածված է հանցավոր դասերի մեջ, որոնց ես այժմ պատկանում եմ, և հիմա ինձ կկարդան իմ բախտակիցները»[6]։

Ավարտված բանաստեղծությունը հրատարակվեց Լեոնարդ Սմիթերսի կողմից 1898 թվականի փետրվարի 13-ին[7]՝ «C.3.3.» անվան տակ, որը նշանակում էր «C» բաժին, 3-րդ հարկ, 3-րդ բանտախուց։ Սա երաշխավորեց այն, որ Ուայլդի անունը, որն այն ժամանակ արդեն տխրահռչակ էր, չհայտնվեր բանաստեղծության շապիկին։ Մինչև 1899 թվականի հունիսի 7-րդ տպագրությունը հանրությանը դեռ հայտնի չէր, որ «C.3.3.»-ը իրականում Ուայլդն էր։ Առաջին հրատարակությունը՝ 800 օրինակով, սպառվեց մեկ շաբաթվա ընթացքում, և Սմիթերսը հայտարարեց, որ երկրորդ հրատարակությունը պատրաստ կլիներ մեկ շաբաթվա ընթացքում. այն տպագրվեց փետրվարի 24-ին՝ 1000 օրինակով, որը նույնպես լավ վաճառվեց։ Երրորդ հրատարակությունը՝ «հեղինակի կողմից ստորագրված» 99 համարակալված օրինակով, տպագրվեց մարտի 4-ին, նույն օրը տպագրվեց նաև չորրորդ հրատարակությունը՝ 1200 սովորական օրինակով։ Հինգերորդ հրատարակությունը՝ 1000 օրինակով, տպագրվեց մարտի 17-ին, իսկ վեցերորդը՝ 1000 օրինակով, 1898 թվականի մայիսի 21-ին։ Մինչ այս պահը գրքի տիտղոսաթերթում հեղինակը դեռ շարունակում էր նշված լինել որպես «C.3.3.», թեև շատ գրախոսներ և, իհարկե, նրանք, ովքեր գնել էին համարակալված և ստորագրված երրորդ հրատարակության օրինակները, գիտեին, որ հեղինակը Ուայլդն էր։ Սակայն յոթերորդ հրատարակությունը, որը տպագրվեց 1899թ. հունիսի 23-ին, փաստացի բացահայտեց հեղինակի ինքնությունը՝ Օսկար Ուայլդ անունը դնելով քառակուսի փակագծերի մեջ՝ «C.3.3.»-ի տակ[8][9]։

Պոեմը բաղկացած է 109 վեցտողանի տներից՝ յուրաքանչյուրը 8-6-8-6-8-6 վանկերով և ա-բ-գ-բ-դ-բ հանգավորմամբ։ Որոշ տներում կարելի է հանդիպել 8 վանկանոց տողերի հանգավորման։ Ամբողջ բանաստեղծությունը բաժանված է 6 անվերնագիր մասերի՝ 16, 13, 37, 23, 17 և 3 տներից բաղկացած։ Պոեմի մեկ այլ տարբերակ՝ կազմված միայն 63 տներից և բաժանված 4 բաժինների՝ 15, 7, 22 և 19 տներով, որը, ենթադրաբար, հիմնված է պոեմի սկզբնական սևագրության վրա, ներառվել է Ուայլդի պոեզիայի հետմահու հրատարակություններում՝ Ռոբերտ Ռոսի խմբագրությամբ, «ի շահ ասմունքողների և նրանց հանդիսատեսների, ովքեր ամբողջ պոեմը չափազանց երկար են համարում»[10]։

Պոեմի հայերեն թարգմանության հեղինակը Խորեն Գասպարյանն է[11]։

Բանաստեղծության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայլդի խուցը Ռեդինգյան Բանտում

Ուայլդը բանտարկվեց 1895 թվականի մարտի 25-ին՝ դատապարտվելով երկու տարվա ծանր աշխատանքի, որն ավելի խիստ էր համարվում, քան ուղղակի ազատազրումը։ Սկզբում նրան կարճ ժամանակով ուղարկեցին Նյուգեյթի բանտ, իսկ հաջորդ շաբաթ տեղափոխեցին Փենթոնվիլի բանտ, որտեղ «ծանր աշխատանքը» բաղկացած էր ժամերով վազքուղով քայլելու կամ նավատորմի հին պարանների թելերը միմյանցից առանձնացնելու նման բազում անիմաստ առաջադրանքներից, իսկ կարդալ թույլատրված էր միայն Աստվածաշունչը և «Ուխտագնացի ճանապարհորդությունը» (անգլ.՝ The Pilgrim's Progress): Բանտարկյալներին արգելված էր խոսել իրար հետ, և իրենց մենախցերից դուրս նրանք պարտավոր էին հաստ շղարշով գլխարկներ կրել, որպեսզի չճանաչեին միմյանց։ Մի քանի ամիս անց նրան տեղափոխեցին Ուանդսվորթի բանտ, որը նույնպես նմանատիպ կառավարման համակարգ ուներ։ Այնտեղ լինելու ընթացքում նա ստիպված էր իրեն սնանկ հայտարարել, քանի որ կորցրել էր գրեթե ողջ ունեցվածքը՝ ներառյալ իր գրքերն ու ձեռագրերը։ 1895 թվականի նոյեմբերի 23-ին նա կրկին տեղափոխվեց Ռեդինգի բանտ, որտեղ էլ անցկացրեց իր պատժի մնացած մասը՝ «C» բաժնի երրորդ հարկի երրորդ խցում՝ դառնալով «C.3.3». բանտարկյալներին այնտեղ դիմում էին միայն իրենց խցերի համարներով։

Ուայլդի՝ Ռեդինգյան բանտ ժամանելուց մոտ հինգ ամիս անց Չարլզ Թոմաս Վուլդրիջը, ով թագավորական ձիավորների գվարդիայի հեծելակ էր, բերվեց Ռեդինգ՝ իր կնոջ սպանության գործով դատավարությանը սպասելու։ 1896 թվականի հունիսի 17-ին Վուլդրիջը դատապարտվեց մահվան և վերադարձավ Ռեդինգ՝ իր մահապատիժը կրելու, որը տեղի ունեցավ երեքշաբթի օրը՝ 1896 թվականի հուլիսի 7-ին. այն 18 տարվա մեջ առաջին կախաղանն էր Ռեդինգում։ Ուայլդի բանաստեղծությունը նվիրված է նրան՝ որպես «C. T. W.»:

Ուայլդը բանտից ազատվեց 1897 թվականի մայիսի 18-ին և անմիջապես մեկնեց Ֆրանսիա՝ այդպես էլ Բրիտանիա չվերադառնալով։ Նա մահացավ Փարիզում, 46 տարեկան հասակում, 1900 թվականի նոյեմբերի 30-ին[12]։

Ֆրանսիայում եղած ժամանակ, գոյատևելով իր կնոջ կողմից տրվող շաբաթական երեք ֆունտ ստերլինգ նպաստով, Ուայլդը ջանում էր լրացուցիչ գումարի աղբյուր գտնել։ 1897 թվականի օգոստոսին նա հրատարակիչ Լեոնարդ Սմիթերսին ուղարկեց Բալլադի նախնական սևագրությունը, որն այնպիսի տպավորություն թողեց, որ Սմիթերսը ոգևորված էր այն հրատարակելու մտքով և նույնիսկ դիմեց Օբրի Բերդսլիին՝ այն նկարազարդելու համար (ինչը չարվեց)։ Դրանից հետո նրանք ակտիվ նամակագրության մեջ էին, քանի որ Ուայլդը բազմիցս վերանայում ու ընդլայնում էր տեքստը և հեռվից վերահսկում տառատեսակի ընտրությունն ու չափը և աշխատանքի կառուցվածքը։ Այնուամենայնիվ, նույնիսկ գիրքը հրատարակելու համար վարձված տպարանը տեքստի մեջ փոփոխություն պահանջեց՝ վախենալով, որ բանտի բժիշկը նրանց դատի կտար «Մինչ կոպտաբերան բժիշկն ագահությամբ նայում էր» տողի համար. արդյունքում այն փոխվեց՝ դառնալով «Մինչ մի կոպտաբերան բժիշկ ագահությամբ նայում էր»։ Ինչպես նրա կենսագիրներից մեկը՝ Լեոնարդ Քրեսվել Ինգլբին ասել է. «Գրեյի Էլեգիայից ի վեր, հավանաբար, ոչ մի բանաստեղծություն այնքան վերանայված, խուզված և հղկված չի եղել կրկին ու կրկին, որքան բանտախցից արձակված այս ճիչը»։ Ի սկզբանե առաջին հրատարակությունը, չունենալով երկրորդ հրատարակության երաշխիք, նախատեսված էր ընդամենը 400 օրինակով, սակայն շուտով Ուայլդը հասկացավ, որ նույնիսկ 400-ը ամբողջությամբ վաճառելը չէր կարողանա ծածկել տպագրության ծախսերը, և նրա դրդմամբ Սմիթերսը տպարանին հանձնարարեց կրկնապատկել տպաքանակը և պահել տպագրական թիթեղները՝ վերահրատարակելու հույսով։ Մինչ հրապարակման օրը մոտենում էր, Ուայլդը հաճախ խուճապի նոպաներ էր ունենում բանաստեղծության վաճառքի ձախողման վտանգի պատճառով և երբեմն անհաջող փորձեր անում՝ բանաստեղծության հեղինակային իրավունքը կանխիկ գումարով անմիջապես վաճառելու։ Բարեբախտաբար, բանաստեղծությունը շատ լավ ու արագ վաճառվեց և այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ հաջորդող տպագրությունները նույնպես լավ վաճառվեցին ավելի քան մեկ տարվա ընթացքում՝ Ուայլդին ապահովելով կայուն եկամտով, որը նրան այդպես էլ չհաջողվեց վայելել. գրողը մահացավ Բալլադի առաջին տպագրումից չորս տարի անց[13]։

Կա կարծիք[14], որ Ուայլդը ինչ-որ չափով ոգեշնչված էր Ալֆրեդ Էդուարդ Հաուզմանի Շրոփշիրի տղան (անգլ.՝ A Shropshire Lad) շարքի «IX» բանաստեղծությունից, որտեղ ակնարկվում է դատապարտյալ բանտարկյալների կախաղան բարձրացվելու մասին։

Թեև չկա որևէ կոնկրետ ապացույց, որ առաջին հրատարակության հայտնվելուց հետո Ուայլդը ակտիվ կերպով վերանայել է գործը, սակայն երկրորդ հրատարակության մեջ, որը տպագրվել է առաջին հրատարակության վաճառքից ընդամենը երկու շաբաթ անց, կատարվել են որոշ աննշան փոփոխություններ։ Օրինակ՝ առաջին հրատարակության մեջ տողերից մեկը՝ «Եվ նրա քայլքը թեթև էր», երկրորդում դառնում է «Եվ նրա քայլքը թեթև էր թվում»։ Այս փոքրիկ փոփոխությունները պահպանվեցին մինչև յոթերորդ հրատարակությունը՝ վերջինը, որ մշակված էր Սմիթերսի կողմից, և նաև տեղ գտան դրան հետևած վերահրատարակությունների մեծ մասում[15]։ Քանի որ Սմիթերսը տպարանին հրահանգել էր պահել առաջին հրատարակության թիթեղները, հավանական է թվում, որ դրանք միտումնավոր վերանայումներ են, որոնք կատարվել են Ուայլդի խնդրանքով։

Ուայլդը խոստովանել էր (հավանաբար մի քանի մարդու մոտ, քանի որ բազմաթիվ առանձին աղբյուրներ հիշատակում են դա), որ բանաստեղծության առաջին տողում՝ «Նա չէր հագնում իր կարմիր վերարկուն», բացահայտ սխալ կար. Վուլդրիջը, որպես թագավորական ձիերի գվարդիայի անդամ, ուներ կապույտ համազգեստ։ Այս սխալը, սակայն, նա արդարացնում էր բանաստեղծական տեսանկյունից, քանի որ այլապես երկրորդ տողն անիմաստ կլիներ, եթե լիներ «Քանի որ արյունն ու գինին կապույտ են»[16]։

Ուշագրավ հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծության որոշ հատվածներ առավել հայտնի են.

Բոլորն են իրենց սերը սպանում,
Թող որ այս մասին իմանան իրոք,
Մեկն իր հայացքի դառնությամբ անհուն,
Մեկը քծնանքի շողոմ խոսքերով,
Վախկոտն համբույրով է այդ բանն անում,
Քաջն էլ այդ բանը անում է սրով։

Այս տունը հղում է Շեքսպիրի Վենետիկի վաճառականին, որտեղ Բասանիոն հարցնում է. «Արդյո՞ք բոլոր մարդիկ սպանում են այն, ինչ չեն սիրում»։

Բանաստեղծությունից մի հատված ընտրվել է որպես տապանագիր՝ Ուայլդի գերեզմանի վրա.

Օտար արցունքներ կփորձեն լցվել
Խղճի փշրված անոթը անգին,
Կսգան նրանք, ում վիշտն է անմեռ`
Մարդիկ օտարված և վտարանդի։

Հղումներ այլ գործերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի Անհանդուրժողականություն (անգլ՝ Intolerance) ֆիլմի գագաթնակետին, երբ տղային տանում են դեպի կախաղանը, տիտղոսաթերթերից մեկում մեջբերվում է հետևյալ հատվածը.

Հարցախույզ աչքով, հիվանդ կասկածով
Հետևում էինք նրան ամեն օր,
Մեր սրտի խորքում ցավն էր փոթորկում`
Նույնը չէ՞ր լինի մեր վախճանն անզոր:-
Ո՞վ գիտե կյանքում, թե ի՛նչ Դժոխքում
Կխարխափի իր հոգին մեղավոր։

  • «Վիրջինիացին» (անգլ.՝ The Virginian) սերիալի «The Brazen Bell» (1962) վերնագրով դրվագում մի երկչոտ ուսուցիչ (Ջորջ Ք. Սքոթի կատարմամբ) արտասանում է «Ռեդինգյան բանտի բալլադը»՝ շեղելու սեփական կնոջ մահվան համար դատապարտված մարդասպանին, ով պատանդ էր պահում իրեն և մի խումբ դպրոցականների (գործողությունները տեղի են ունենում 1898 թվականին՝ մոտավորապես նույն տարում, ինչ բանաստեղծության առաջին հրատարակությունը)։
  • Վլադիմիր Մայակովսկու «Այս մասին» (ռուս.՝ Про это) բանաստեղծության մեջ կա «Ռեդինգյան բանտի բալլադը» («Баллада Редингской тюрьмы») վերնագրով հատված։
  • Էնթոնի Բյորջեսսի «Լարովի նարինջ» (անգլ.՝ A Clockwork Orange) վեպում բժիշկ Բրանոմը, Ալեքսի վրա կիրառվող էքսպերիմենտալ թերապիան քննարկելիս, ասում է. «Յուրաքանչյուր մարդ սպանում է այն, ինչ սիրում է, ինչպես ասում էր բանաստեղծ-բանտարկյալը»։
  • «Յուրաքանչյուր մարդ սպանում է այն, ինչ սիրում է» տողը հանդիպում է հանցավորության գաղափարների հետ կապ ունեցող երկու ֆիլմերում՝ Mad Love և Querelle:
  • Ռեդինգյան բանտի բալլադը մեջբերված է Էփտոն Սինքլերի «Ջունգլին» (անգլ.՝ The Jungle) վեպի 16-րդ գլխի վերջում՝ վերագրելով այն «բանաստեղծին, որին վիճակված էր աշխարհի արդարությունն իր մաշկի վրա զգալ»։
  • Բանաստեղծությունից մի հատված մեջբերված է 2018 թվականի Երջանիկ արքայազնը ֆիլմում։

Աուդիո արտադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BBC Radio-ում եղել են բանաստեղծության մի շարք ընթերցումներ՝ ներառելով այնպիսի ընթերցողների, ինչպիսիք են Ռալֆ Ռիչարդսոնը (1963)[17], Սամուել Ուեսթը (2005)[18] և Ալեքս Ջենինգսը (2012)[19]։
  • 1995 թվականի հոկտեմբերի 9-ին BBC Radio 3 -ով Լոնդոնի Լիրիկական թատրոնից հեռարձակվել է բանաստեղծության կենդանի կատարումը։ Ընթերցողների թվում էին Իեն Մակկելենը, Սթիվեն Ֆրայը, Նիլ Թենանտը և Բեթ Բորնը[20]։
  • Աուդիոգրքերի ձայնագրությունները ներառում են Դոնալդ Սինդենի[21] և Սայմոն Քելոուի ընթերցումները[22]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Իբերտի առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ La ballade de la geôle de Reading (Ռեդինգյան բանտի բալլադը) գրվել է 1920 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GRO Register of Deaths: JUN qtr 1896 Wooldridge, Laura Ellen aged 23 Windsor 2c 241
  2. «And I, May I Say Nothing?». the OSScholars. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 22-ին.
  3. GRO Register of Deaths: SEP qtr 1896 Wooldridge, Charles Thomas aged 30 Reading 2c 210
  4. Sandulescu, C. George, ed. (1994). Rediscovering Oscar Wilde. Gerrards Cross [England]: C. Smythe. 0-86140-376-2 (1994) pg. 308
  5. Sandulescu, pg. 310
  6. Kiberd, D. (2000) Irish Classics Granata 1-86207-459-3 (2000) pg. 336
  7. Mason, Stuart, Bibliography of Oscar Wilde (1914, London) page 408. "Stuart Mason" was the pen-name of rare book dealer Christopher Sclater Millard (1872–1927), who had been Robert Ross's secretary. His Bibliography of the Poems of Oscar Wilde (1907, London) has some details about the Ballad that do not appear in his larger 1914 book. Although the announced date of publication was 13 February, that was a Sunday so the book was not actually available for purchase until the next day, ibid pages 408–409. The first edition consisted of 800 copies on Van Gelder Dutch handmade paper, selling for 2 shillings 6 pence, and 30 copies printed on Japanese vellum for 21 shillings (one guinea).
  8. Mason, Stuart (1914; new ed. 1972) Bibliography of Oscar Wilde. Rota pub; Haskell House Pub 0-8383-1378-7 pgs. 408–423
  9. Ellmann, Richard (1988). Oscar Wilde. New York: Vintage Books. 978-0-394-75984-5 pg 526
  10. Ross, Robert (ed.), Selected Poems of Oscar wilde including the Ballad of Reading Gaol, Methuen, London, 5th ed., 1912.
  11. «ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ | Ռեդինգյան բանտի բալլադը | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. from various biographies of Oscar Wilde, most notably H. Montgomery Hyde (1976), Richard Ellmann (1987), Frank Harris (1916), Bibliography Of Oscar Wilde, Stuart Mason (1907 and 1914), and the notes in Isobel Murray, ed., Oscar Wilde, The Soul of Man and Prison Writings (1990, Oxford Univ. Press) pages 219–224.
  13. Nelson, James G., Publisher to the Decadents: Leonard Smithers in the careers of Beardsley, Wilde, Dowson (2000, Pennsylvania State Univ.) chapt. 6, pages 173–224; Harris, Frank, Oscar Wilde: His Life and Confessions (1916, NY) vol. 2, pages 387–400; Ingleby, Leonard Cresswell, Oscar Wilde (1907, London) pages 283–298 (the line quoted is on page 286); Mason, Stuart, Bibliography of the Poems of Oscar Wilde (1907, London) pages 76–84; Mason, Stuart, Bibliography of Oscar Wilde (1914, London) pages 407–423.
  14. Maston, Stuart, Bibliography of the Poems of Oscar Wilde (1907, London) pages 80–81; Harris, Frank, Oscar Wilde: His Life and Confessions (1916, NY) vol.2, page 389-390.
  15. Mason, Stuart, Bibliography of the Poems of Oscar Wilde (1907, London) pages 82–84; Mason, Stuart, Bibliography of Oscar Wilde (1914, London) pages 417–419.
  16. e.g., Hart-Davis, Rupert, The Letters of Oscar Wilde (1962, NY, Harcourt) page 730.
  17. «The Ballad of Reading Gaol». 1963 թ․ մայիսի 26. էջ 18.
  18. «BBC Radio 4 Extra - Oscar Wilde, The Ballad of Reading Gaol». BBC.
  19. «BBC Radio 4 - Poetry Please, The Ballad of Reading Gaol by Oscar Wilde». BBC.
  20. «The Ballad of Reading Gaol». 1994 թ․ հոկտեմբերի 9. էջ 124.
  21. «The Ballad of Reading Gaol».
  22. «Ballad of Reading Gaol & De Profundis».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]