Ռազմիկ Մադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Մադոյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1927(1927-08-22)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբեր 2005 (78 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1962)
Մասնագիտությունթատերագետ
ԱշխատավայրՇիրակի պետական համալսարան, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, Հայֆիլմ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն
 Razmik Madoyan Վիքիպահեստում

Ռազմիկ Մելիքսեթի Մադոյան (օգոստոսի 22, 1927(1927-08-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբեր 2005), հայ թատերագետ։ ՀԽՍՀ թատերական գործիչների, կինեմատոգրաֆիստների, ժուռնալիստների միությունների անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Մադոյանը ծնվել է Լենինականում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1951 թվականից աշխատել է Լենինականի քաղաքային «Բանվոր» թերթում։ 1960-1962 թթ. ուսանել է Մոսկվայի Ա. Վ. Լունաչարսկու անվան Թատերարվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1960-ական թվականներին աշխատել է Լենինականի Քաղաքային կոմիտեում որպես վերահսկողության բաժնի վարիչ։ Աշխատել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ապա նշանակվել ՀՀ Կինեմատոգրաֆիայի նախարարի առաջին տեղակալ, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն։ 1984-1994 թթ. եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ամբիոնի վարիչ։ 1963 թվականին պաշտպանել է գիտական թեզ ՝ «Լենինականի թատրոնի 100-ամյա ուղին» թեմայով։

Ընտրվել է Լենինականի և Երևանի քաղխորհրդի պատգամավոր, երկու անգամ պարգևատրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի Պատվոգրով։

Հեղինակ է 15 գրքերի[2].

  • «Թատրոնի ուղին», Երևան։ Հայաստան, 1967։
  • «Տարիներ և ֆիլմ»
  • «Բեմն իմ խաչն է»
  • «ԽՍՀՄ ժողովուրդների պատմություն», Երևան։ Լույս, 1990։
  • «Նռան գույնը և Փարաջանովի լեգենդը»
  • «Արծրունի Հարությունյան», Երևան։ Հայպետհրատ, 1962։
  • «Թատրոնը բացում է դռները», Երևան։ Լույս, 1987։
  • «Ժամանակը ժապավենի վրա», Երևան։ Արևիկ, 1990[3]։
  • «Կումայրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոն», Երևան։ ՀԹԳՄ, 1991։
  • «Ներկայացումներ և կերպարներ», Երևան։ ՀԹԳՄ, 1989։
  • «Տարիներ և ֆիլմեր։ [70-80-ական թթ]», Երևան։ Սովետական գրող, 1984։
  • «Յուշերիս Հետ» ։ Լույս է տեսել 2003։

Ռազմիկ Մադոյանը մահացել է 2005 թվականի հոկտեմբերին։

Հատված Ռազմիկ Մադոյանի «Յուշերիս Հետ» գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակի Կողմից

Երկար ժամանակ չէի կարողանում ինքս ինձ համոզել՝ անդրադառնալ յուշերիս։

Մտերիմ բարեկամներիցս մէկ-երկուսը, սակայն, հակառակն էին պնդում։

Ու գրիչ վերցրի, հետևեալ կռուանով.

ա) Ապրածս կեանքի մէջ, ինչպես ջրի վճիտ հայելում, տեսանելի են սերրնդակիցներից անցած ճանապարհի լոյսն ու խաւարը։ Հակասական ու բարդ այն ժամանակները, որ վայրի պրագմատիզմով էին նշանաւորուած։

Ես նույնպէս այդ իրադարձութիւնների խառնարանում եմ եղել, մասնակցել մեր ազգային մշակոյթի նոր զարթօնքին։

բ) Ճակատագրի բերումով, բախտ եմ ունեցել առընչւելու անցեալ հազարամեակի վերջին 50-55 տարիների հայ և որ միայն հայ, ականաւր արուեստագէտների, գրողների, գիտնականների հետ։

գ) Ծերութեան շեմին դարձայ... գաղթական և յայտնուեցի Սփիւռքում, կիսեցի իմ միլիոնաւոր ազգակիցների ճակատագիրը։ Ունեցայ նոր, հիանալի մտաւորական բարեկամներ, որոնց օգնութեամն էլ Սփիւռքի հոգու խորքը թափանցելու հնարաւորութիւն ստացայ։

Բնականաբար, պարտաւորուած եմ գալիք սերունդին փոխանցել կեանքիս այն էջերը, որոնք իմաստաւորուած են յատկապէս ազգիս մեծերի հետ ունեցած առընչութիւններով։

Գէօթէն ասում. ՙԱմէն մի հեղինակ հերոսին հագացընում է իր հասակին համաձայն՚։ Նուաստս էլ յուշապատումի հերոսներին պիտի հագցնի իր հասակին, ասել է թէ, իր կարողութեանը համապատասխան։ Սակայն մշտապէս՝ իրականութեան տառին անդաւաճան։

Աստծով առաջ։

Հատված Գագիկ Վարդանյանի «Գյումրի» գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Անվանի գյումրեցի, թատերագետ, պրոֆեսոր ՌԱԶՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ բոլորանվեր սիրով էր կապված հարազատ ծննդավայրի հետ։ Գյումրին նրա համար ամեն ինչ էր, ավելին՝ արվեստների և արհեստների մայրաքաղաք։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որ ծառայել է որպես եկեղեցի մինչև 1921 թ, որից հետո մինչև 1950 թ. ՝որպես պահեստ։ 30-ականների համատարած եկեղեցակործանմանը դիմագրաված զանգակատունը 1964 թ. հենց Ռազմիկ Մադոյանի մտահղացմամբ է վերակառուցվել և ծառայել է որպես դասական երաժշտության սրահ։ Նա նաև սատարել է Անիի Մայր տաճարը պատճենող մշակույթի օջախին՝ գործուն մասնակցություն ունենալով Լոս Անջելեսում հայրենակցական միության հիմնադրման գործում՝ընտրվելով վարչության անդամ։ Ռազմիկ Մադոյանի «Հայֆիլմ» կինոստուդիան ղեկավարելու տարիները Հայկական կինոյի համար իսկակապես ծաղկունքի շրջան էր։ Մեկը մյուսի հետևից էկրան էին դուրս գալիս Ս. Փարաջանովի«Նռան գույնը»,Հ. Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» «Նահապետ», «Հայրիկ», «Կտոր մը երկինք», Ա. Մկրտչյանի «Հին օրերի երգը» Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» , Ա. Մանարյանի «Հեղնար աղբյուր» և այլ ֆիլմեր։ Գյումրեցիներիս համար մեծ պատիվ է ունենալու Ռազմիկ Մադոյանի նման համաքաղաքացու, ով մնայուն հետք է թողել հայ արվեստի պատմության էջերում։

Հատված Ռազմիկ Մադոյանի «Ժամանակը ժապավենի վրա» գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի խումբ հայֆիլմցիներ (աջից ձախ) Յուրի Երզնկյան,Ֆրունզե Դովլաթյան, Արմեն Ջիգարխանյան, Ռազմիկ Մադոյան և Առնոլդ Աղաբաբյան:

Արվեստագիտության թեկնածու Ռազմիկ Մադոյանի գիրքը ընթերցողին տանում է կինոյի գրավիչ ու կախարդական աշխարհը։ Հեղինակն անմիջական զրույցի ձևով հաղորդակից է դարձնում հայ կինոարվեստին, ծանոթացնում նրա առավել անվանի գործիչների անցած ստեղծագործական ճանապարհին, անդրադառնում նաև խորհրդային ու արտասահմանյան մի քանի մեծահամբավ կինոգործիչների կյանքին ու ստեղծագործությանը։

Գիրքը նվիրվում է՝ բոլոր այն զավակներին և նրանց թվում իմ դստեր ` ՀՐԱՆՈՒՇ ՄԱԴՈՅԱՆԻ հիշատակին, որոնք 1988 թ. դեկտեմբերի 7-ի նահատակներ եղան...

ՀԵՂԻՆԱԿ

ԿԻՆՈՆ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Կինոն Հայաստանում խորհրդային կարգերի ծնունդ է։

-Ինչՙու նոր արվեստն այդպես ուշացումով ոտք դրեց Հայաստան։ Չէ որ Հայաստանն արվեստների օրրան է եղել և 2000 տարվա թատրոնի պատմություն ունի...

Կինոյի ուշացած մուտքը Հայաստան աշխարհ, իմ պատանի բարեկամ, ունի արդարացուցիչ պատճառներ։ Առաջինը այն է, որ մեր երկիրը երկար ժամանակ զրկված է եղել պետականությունից։ Մինչդեռ կինոն արվեստի այն տեսակն է, որ պետական հովանավորության կարիք ունի։ Նյութական հսկայական միջոցներ պետք է ներդրվեն կինոստուդիա ստեղծելու և ֆիլմեր նկարահանելու համար։

Եվ երկրորդ, մեր մտավորականների ճնշող մեծամասնությունը, եթե չասեմ բոլորը, նրանք, ովքեր ֆիլմեր կարող էին ստեղծել, սփռված էին աշխարհով մեկ։

Եվ այսուհանդերձ, մշակույթի մի քանի հայ գործիչներ դարասկզբի առաջին տասնամյակում կինոյի առնչվելու գործնական քայլեր կատարեցին։

Այդ իմաստով ուշագրավ է դերասանուհի Սաթենիկ Ադամյանի նամակը դերասան և գրող Միքայել Մանվելյանին։

Նամակից պարզվում է, որ հայ մտավորականները մտադրվել են ստեղծել ազգային առաջին կինոնկարը։ Եվ նրա գրական հիմքը, Սաթենիկ Ադամյանի առաջարկությամբ, լինելու էր Մանվելյանի «Հեքիաթ» պիեսը։

Սա էլ թերևս պետք է համարել մեր հայկական անդրանիկ կինոսցենարը, որին, ցավոք վիճակված չէր ֆիլմ դառնալ։

Բայց հիմա լավ կլինի լսենք, թե ինչ է խորհուրդ տալիս Սաթենիկ Ադամյանը իր բարեկամ գործընկերոջը։

«Հարգելի Միշո,-գրում էր նա,-ուզում եմ ավելի մոտ ծանոթացնել Ձեզ այս սինեմայի (Այն ժամանակ «կինո» բառը դեռ տարածում չուներ, ավելի ուշ արևմտահայերը սկսեցին օգտագործել «շարժանկար» անվանումը՝ Ռ. Մ.) պայմանների հետ, որ դուք իմանաք, թե ինչումն է բանը։ Նախ և առաջ սա այն ֆիրման չէ, որտեղ խաղում էր Արշոն (Արշավիր Շահխաթունի՝ Ռ. Մ.), սա բոլորովին...նոր գործ է։ Ձեռնարկողը մի հայ է, ունի իր սեփական մեքենաները (նկատի ունի հատկապես օպերատորական խցիկը՝ Ռ. Մ.) և գործելու է անկախ այն մեծ ֆիրմայից։

Ուզում է ձեռնարկել մի շարք պատկերների /նկարահանում/ հայկական կյանքից, հայկական գրականությունից։ Առաջարկեց ինձ մասնակցել և իմ կողմից դերակատարներ հրավիրել և որոշել պիեսը։ Իբրև առաջին փորձ ինձ հարմար երևաց Ձեր «Հեքիաթը»։ Խոսեցի արդեն Զարիֆյանի (Հովհաննես Զարիֆյան՝ Ռ. Մ.) հետ, որը կմասնակցի և իբրև ընկեր՝ որոշ տոկոսով... Մոսկվայից այս օրերս գալու է մեքենայատերը, մանրամասն խոսելու իմ հետ...Նկարներ (Նկարահանումներ՝ Ռ. Մ.) կկատարենք մեր տանը ՝ Թիֆլիսում։ Մեր տունը գտնվում է Քռի ափին, ունենք պատշգամբ ժայռի գլխին, կարելի է հարմարեցնել տեսարանները...Առաջարկում եմ և խնդրում եմ լարեք Ձեր ֆանտազիան և մի քանի տեսարաններ ավելացնեք «Հեքիաթի» վրա։ Այդ հավելվածը Ձեզանից ստանալուց հետո միայն մենք այստեղ կձեռնարկենք փորձերը, կգրեմ Զարիֆյանին, Ազնիվին (Ազնիվ Հրաչյա՝ Ռ. Մ.) և մյուս դերակատարներին, որ հավաքվեն գան Թիֆլիս»։

Այս նամակում դժվար չէ նկատել (մանավանդ եթե նկատի ենք առնում Սաթենիկ Ադամյանի կազմած լիբրետոսցենարը) կինոբեմադրիչի մտածողությունը և նվիրվածությունը հայ կինեմատոգրաֆի հիմնադրման գաղափարին։

Արշոն, որի անունը հիշատակում է դերասանուհին, ժամանակի ճանաչված արտիստներից մեկն էր, Արշավիր Շախաթունին։ Նա մեր բեմի առաջին վարպետներից էր, որ 1923-13 թվականներից սկսած անընդմեջ նկարահանվում էր ռուսական ֆիլմերում։

Լինելով Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստաժյոր, նա արժանանում է ռուս ճանաչված կինոպրոդյուսեր Ա. Ա. Խանժոնկովի ուշադրությանը։ Շահխաթունին «Կովկասի նվաճումը» ֆիլմում խաղում է գլխավոր հերոսի՝ Շամիլի դերը։ Եվ անշուշտ, նրա տպավորիչ խաղին պետք է վերագրել այն իրողությունը, կինոնկարը հաջողություն է գտնում։

Ահա այս նույն տարիներին կինոյում իրենց առաջին քայլերն են կատարում հայ թատրոնի ճանաչված դերասանուհիներ Ժասմենը և Եկատիրինա Դուրյան-Արմենյանը։

Դու, ընթերցող, անշուշտ քիչ բան չես կարդացել 1915 թվականի Մեծ եղեռնի մասին։ Բայց ֆիլմ չես դիտելու։ Մինչդեռ 1915 թվականին նկարահանվել է «Թուրքական Հայաստանի ողբերգությունը» ժապավենը, որը, ցավոք, մինչև օրս չի հայտնաբերված։ Սակայն ֆիլմի բովանդակությունը մոտավոր գծերով մեզ հայտնի է. այն պատմում է հայկական տարագիր մի ընտանիքի ողբերգությանը և Անդրանիկ զորավարի գերմարդկային ջանքերի մասին՝ թուրքի յաթաղանից փրկելու անմեղ ու անզեն մարդկանց։

Հանրապետության պետական արխիվում կան փաստագրական ժապավենի որոշ պատառիկներ, որոնք ներկայացնում են Մեծ եղեռնի սարսափելի մի քանի դրվագներ...

Օպերատորական խցիկի աչքը ժապավենի վրա դրոշմել է նաև կադրեր, որոնք ներկայացնում են Երևանը 1920 թվականի նոյեմբերին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Ռոզան, մահացել է 2013 թվականին։ Նա Երևանում աշխատում էր Լուսավորության Մինիստրությունում (այն ժամանակ այդպես էր կոչվում), տեսուչ էր։

Ավագ դուստրը՝ Հրանուշը, ով բժշկուհի էր, զոհվել է երկրաշարժի ժամանակ։ Միջնեկ դուստրը՝ Արմինեն թատերականն է ավարտել։ Կրտսերը՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանը[4], գրող է, թարգմանիչ, մի շարք գրքերի և թարգմանությունների հեղինակ։ 1980 թվականից նա ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում։ Բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու համար հաճախ լինում է Հայաստանում, հատկապես ծննդավայր Գյումրիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Մադոյան» հոդվածին։