Jump to content

Ջերմուկ (հանքային ջուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջերմուկ (հանքաղբյուր)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմուկ (այլ կիրառումներ)
Ջերմուկ
Տեսակառևտրային կազմակերպություն
ԵնթատեսակՀանքային ջուր
Ծագման երկիր Հայաստան
Ստեղծման տարի1951
Անվանված էՋերմուկ
jermukgroup.am(հայ.)
 Jermuk (water) Վիքիպահեստում

Ջերմուկ, ածխաթթվական, սիլիկատային, հիդրոկարբոնատ-սուլֆատային, նատրիումական, բարձր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Ջերմուկ քաղաքի տարածքում։ Ընդգրկում է Արփա գետի հնահովտի սարավանդը և կիրճը[1]։

Հետազոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին առաջինը հետազոտությամբ զբաղվել է Գ․ Վոսկոբոյնիկովը, 1925 թվականից սկսվել են համակարգված հետազոտությունները (Կ․ Պաֆենհոլց), 1938 թվականից՝ հորատման և շահագործման աշխատանքները (Ա․ Դեմյոխին)։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային ջրերի առաջացման գործում որոշիչ դեր են խաղում մթնոլորտային տեղումները, որոնք տեկտոնական բեկվածքներով թափանցում են խոր հորիզոններ, հարստանում տաք ածխաթթվական գազով, լուծում շրջակա ապարների որոշ քիմիական բաղադրամասեր և գազահեղուկային խառնուրդի ձևով դուրս գալիս Երկրի մակերևույթ։ Ջրի ջերմաստիճանը (մինչև 64 °C) հետևանք է ներժայթուքային ապարների և լավաների արտաժայթքման օջախների բարձր ջերմաստիճանի։ Ջերմությունը հաղորդվում է ստորերկրյա ջրերին ու շրջակա միջավայրին, և այդ պատճառով հանքային ջրերի տեղամասում բավական բարձր է երկրաջերմային ջերմաստիճանը՝ 4-13 °C։ Հանքայնացումը 4, 3 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 0, 5 գ/լ, շահագործման պաշարները՝ 147 մ³/օր։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկ հանքային ջրի քիմիական կազմն է՝

  • հորատանցք՝ 4/57

CO20.5 H2SiO30.083M 4.3 T62°C

  • հորատանցք՝ 9

CO20.4 M 4.7 T64.4 °C

Պարունակում է նաև Fe, Li, Zn, Cu, Pb, Br և այլ միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաբուժական հատկություններով նման է Ժելեզնովոդսկի (ՌԴ) և Կարլովի Վարիի (Չեխիա) հանքային ջրերին։ Դեռևս միջին դարերից հայտնի «Ջերմուկ»-ի բուժիչ հատկությունների մասին վկայում են Ջերմուկ քաղաքի տարածքում պահպանված քարաշեն ավազանների մնացորդները։

«Ջերմուկ»-ն օգտագործվում է խմելու, լոգանքների, ստամոքսաղիքային, լյարդի, լեղուղիների, շաքարախտի և այլ հիվանդությունների բուժման համար։ Հանքային ջրի հիմքի վրա գործում է «Ջերմուկ» առողջարանային համալիրը։

Շշալցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շշալցնում է տեղի Ջերմուկ Գրուպ ընկերությունը[2]։

Մկնդեղի պարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկի հանքային ջրերում մկնդեղի պարունակությունը 50 անգամ գերազանցում է առողջության համար ապահով մակարդակը։ Այս պատճառով մի շարք երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ֊ն և Հոնգկոնգը հայտարարել են Ջերմուկը վնասակար առողջության համար և արգելել դրա վաճառքը[3][4]։ Հետազոտությունները ցույց են տվել որ եթե մկնդեղի կոնցենտրացիան գերազանցում է 10 միկրոգրամ/լիտր֊ից ապա զգալիորեն ավելանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը[5][6]։ Ջերմուկի հանքային ջրում մկնդեղի կոնցենտրացիան եղել է 500-600 միկրոգրամ/լիտր ըստ 2007 թվականի չափումների[4] և 450 միկրոգրամ/լիտր ըստ 2019 թվականի չափումների[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համբարձում Մուսայելյան (1979 թ.). «Հայաստանի հանքային ջրերը Ջերմուկ». Սովետական Հայաստան. Թիվ 3: էջ 37, 38.
  2. Ջերմուկ Գրուպ
  3. Ամերիկացիները զգուշացվել են Ջերմուկի վնասակարության մասին, իսկ Հոնկոնգում արգելվել է դրա վաճառքը
  4. 4,0 4,1 «Center for Food Safety and Applied Nutrition - Fiscal Year 2007» (PDF). Center for Food Safety and Applied Nutrition. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  5. Knobeloch, L. M.; Zierold, K. M.; Anderson, H. A. (2006). «Association of arsenic-contaminated drinking-water with prevalence of skin cancer in Wisconsin's Fox River Valley». J. Health Popul Nutr. 24 (2): 206–13. hdl:1807/50099. PMID 17195561.
  6. Ferreccio, C.; Sancha, A. M. (2006). «Arsenic exposure and its impact on health in Chile». J Health Popul Nutr. 24 (2): 164–75. hdl:1807/50095. PMID 17195557.
  7. «"Detention Without Physical Examination of Bottled Water due to Arsenic ***and Flavored Water Beverages*** Due to Inorganic Arsenic"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
Ընթերցե՛ք «ջերմուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։