Պրովինցիայի մայրամուտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրովինցիայի մայրամուտը
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակԱկսել Բակունց
Բնագիր լեզուՀայերեն
Թվային տարբերակtert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/bakunc.pdf

Պրովինցիայի մայրամուտը, Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի պատմվածքներից է, որը հրատարակվել է 1932 թվականին։

Պատմվածքի գրության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների պատմվածքը արտացոլում էր պատմական ժամանակաշրջանի ոգին։ Իրականությունը գեղարվեստորեն վերարտադրելու համար հեղինակները դիմում էին արձակի փոքր ձևերին, որոնք նպատակահարմար էին ժամանակի խնդիրների արտացոլմանը։ Պատմական այս ժամանակաշրջանի գլխավոր թեման «երկու աշխարհի սահմանագծում» կանգնած հին և նոր մարդու գոյության հարցն էր։ Այս թեմային անդրադարձան ժամանակի գրողներից շատերը՝ Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Միքայել Մանվելյանը և Ակսել Բակունցը։ Հատկանշական է Ակսել Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքը, որը թեև լույս տեսավ 1932 թվականին, սակայն եղավ ժամանակի խնդիրների լավագույն ամփոփումը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը նկարագրական բնույթի է, պատմողը հեղինակն է։ Պատմվածքում հերոսներ չկան։ «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքը Երևանի Աստաֆյան փողոցի մասին է, որը ինքնատիպ է։ Այս փողոցը առանձնանում է քաղաքի մյուս փողոցներից և՛ իր վարքուբարքով, և՛ մարդկանցով։ Այն սովորական առումով փողոց չէ, այլ ունի այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ են միայն Աստաֆյան փողոցին։ Այս փողոցի բնակիչների քայլվածքն անգամ տարբեր է՝ կարծես հոգևոր երթ լինի։ Աստաֆյան փողոցում առավոտյան տներն երևում են մշուշի մեջ, և տիրում է խորին լռություն։ Առաջինը փողոց են դուրս գալիս դռնապանները՝ փողոցը մաքրելու համար, այնուհետև՝ կաշեգործները, հյուսները, դարբինները, հնոցապանները։ Սրանց հաջորդում են գործավարները, մեքենաագրուհիները, հաշվապահները, հաշվետարները, քարտուղարները, մանր բաժնի վարիչները և այլն։ Մինչև ժամը տասը փողոցը լցված է լինում աղմուկով ու փոշով։ Օրվա մյուս ժամերն աչքի չեն ընկնում նշանակալից իրադարձություններով։ Եվ միայն գիշերը, երբ բոլորը քնած են լինում, փողոցում հայտնում է անանուն մարդը։ Նա նստում է բարձրում և նայում քաղաքի լույսերին, դաշտին և հեռվում գտնվող լեռներին։ Անանուն մարդը ուներ իր երազը. նա երազում էր փակել փողոցի բոլոր մուտքերը կավե պատերով և թողներ միայն մի դռնակ, որով կմտներ մի սայլ։ Նա ցանկանում էր քանդել բոլոր քարաշեն տները և դրանց փոխարեն կառուցեր կավե խրճիթներ։ Նա ցանկանում էր տեսնել համեստ աղջիկներ, որոնք սափորով գինի կբերեին հնձանը։ Նա ուզում էր, որ այդ աղմկոտ փողոցը դառնար հանգիստ, և նրա դիմաց միշտ տեսներ Արարատ լեռը։ Անցավ որոշ ժամանակ, անանուն մարդու կանգնած վայրում գտան մի վերարկու, հնաձև գլխարկ և կոշիկներ։ Եվ պատմում են, որ մի մարդ՝ հին տարազով, երբեմն անցնում է փողոցով, Աբովյան (Աստաֆյան փողոցի ներկայիս անվանումը) փողոցում սպասում տրամվային, և երբ անցնելիս է լինում քաղաքով, հայացքը հառում է բարձ լեռանը՝ հույս ունենալով մի օր բարձրանալ նրա գագաթը[2]։

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բակունցը «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքում պատկերում է հնի ու նորի պայքարը, նորի անխուսափելի հաղթանակը, որը իր ողբերգական ազդեցությունն է ունենում անհատի կյանքում։ Իր գաղափարները արտահայտելու համար Ակսել Բակունցը միջնորդ դարձրեց Աստաֆյան փողոցը։ Փողոցի սալահատակի քանդումը դառնում է նոր աշխարհի սկիզբը և հին աշխարհի մարդու կործանման պատճառը։ Ակսել Բակունցը անանուն մարդու կերպարով ցույց տվեց խեղճ մարդու իր պատկերացումը, որը, իր երազի հետ մենակ մնալով, ապավինում է բնությանը՝ հոգեպես կապվելով նրա յուրաքանչյուր մասնիկին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ադալյան, Ն. «Սովտահայ պատմվածքը 1920-30-ական թվականներին» (PDF). Հաղորդումներ և նկատողություններ։.
  2. Բակունց, Ակսել (1986թ.). Երկեր. Սովետական գրող. էջեր 231-243:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Տոնոյան, Է. «Գոգոլյան ավանդները և Բակունցի Պրովինցիայի մայրամուտը» (PDF). ԵՊՀ հրատ.:. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)