Պրոկրաստինացիա
Պրոկրաստինացիա (անգլ.՝ procrastination ուշացում, հետաձգում, լատին․՝ procrastinatio նույնիմաստ բառից, ծագում է լատին․՝ cras վաղը կամ լատին․՝ crastinus վաղվա և լատին․՝ pro համար, հանուն[1] բառերից), հոգեբանության մեջ` անգամ կարևոր ու հրատապ գործերը հետաձգելու հակվածություն, որը հանգեցնում է կենսական խնդիրների ու ցավալի հոգեբանական ազդեցության[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոկրաստինացիան այն է, երբ մարդը, գիտակցելով որոշակի կարևոր գործեր կատարելու անհրաժեշտությունը (օրինակ, իր ծառայողական պարտավորությունները), արհամարհում է այդ անհրաժեշտությունն ու իր ուշադրությունը կենտրոնացնում է կենցաղային մանրուքների կամ զվարճանքի վրա։ Պրոկրաստինացիան տարբերվում է ծուլությունից նրանով, որ ծուլության դեպքում սուբյեկտը չի ցանկանում որևէ բան անել և չի անհանգստանում այդ առթիվ, իսկ պրոկրաստինացիայի դեպքում նա գիտակցում է աշխատանքի կարևորությունն ու հրատապությունը, սակայն չի անում դա` գտնելով տարբեր ինքնաարդարացումներ։ Պրոկրաստինացիան հանգստից տարբերվում է նրանով, որ հանգստի ժամանակ մարդն էներգիա է ստանում, իսկ այս դեպքում կորցնում է այն[3]։ Այս իրավիճակն այս կամ այն չափով ծանոթ է մարդկանց մեծամասնությանը և որոշակի մակարդակում նորմալ է համարվում։ Պրոկրաստինացիան խնդիր է համարվում, երբ վերածվում է սովորական «աշխատանքային» դրության, որում մարդն անց է կացնում իր ժամանակի մեծ մասը։ Այդպիսի մարդն ամենակարևոր գործերն անընդհատ հետաձգում է, իսկ երբ պարզվում է, որ բոլոր ժամկետներն արդեն անցել են, կամ ուղղակի հրաժարվում է պլանավորածից, կամ էլ փորձում է ամբողջ աշխատանքը կատարել միանգամից, անհնարին կարճ ժամկետում։ Արդյունքում գործերը չեն կատարվում կամ կատարվում են անորակ, ուշացումով կամ ոչ լիարժեք, ինչը հանգեցնում է համապատասխան բացասական հետևանքների, որոնք կարող են լինել տհաճ իրավիճակներ աշխատավայրում, կորցրած հնարավորություններ, շրջապատի դժգոհություն` չիրակացրած պարտավորությունների պատճառով և այլն։ Սրա արդյունքը կարող է լինել սթրեսը, մեղքի զգացումը, արդյունավետության կորուստը։ Այս զգացմունքների համադրումն ու ուժերի գերլարումը կարող են հետագայում ևս հանգեցնել պրոկրաստինացիայի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերմինն ի հայտ է եկել 1977 թվականին, երբ միաժամանակ լույս են տեսել երկու հոդված. «Պրոկրաստինացիան մարդու կյանքում» և «Պրոկրաստինացիայի հաղթահարումը»։ 2014 թվականի տվյալներով խնդիրը լուսաբանող հիմնական պարբերականը «Procrastination And Task Avoiding» (հայերեն՝ Պրոկրաստինացիա և խուսափում խնդիրներից) ամսագիրն է[4]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն մի շարք տեսություններ, որոնք փորձում են բացատրել տվյալ երևույթը, սակայն դրանցից ոչ մեկը համընդհանուր չի համարվում։
Ցածր ինքնագնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործերը հետաձգելու ակնհայտ պատճառ է ցածր ինքնագնահատականը, անինքնավստահությունը, անվստահությունն առ այն, որ գործը կստացվի, որ այն կընդունվի այլ մարդկանց կողմից, կասկածը` արդյո՞ք իմաստ ունի դրա վրա էներգիա, ժամանակ ու գումար ծախսել։ Եթե մարդը բարձրացնի իր ինքնագնահատականը, նա կսկսի ավելի արագ ու առանց հետաձգումների աշխատել։
Կատարելապաշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոկրաստինացիայի պատճառ է նաև կատարելապաշտությունը (պերֆեկցիոնիզմը), որն արտահայտվում է կատարելության հասնելու ձգտումներում, ստիպում է մարդուն կենտրոնանալ մանրուքների վրա` արհամարհելով ժամանակի սահմանափակ լինելը և ուղեկցվում է անկատար աշխատանք կատարելու վախով։ Պերֆեկցիոնիստները հաճույք են ստանում ծայրահեղ ժամկետներից, ճնշող հանգամանքներից, «վերջին գիշերվա» աշխատանքից։ Նրանք գիտակցաբար կամ ենթագիտակցաբար վստահ են, որ իրենց աշխատանքի որակը կաված է վերևից եկող ճնշումից, և որքան այն շատ լինի, այնքան ավելի լավ արդյունք կունենան իրենք։
Ինքնասահմանափակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ այս տեսության` պրոկրաստինատորը սահմանափակում է ինքն իրեն` հաջող լինելու, զանգվածից առանձնանալու ու իրեն լավագույնս դրսևորելու հանդեպ ունեցած վախից։ Այստեղ ևս, ինչպես առաջին դեպքում, հիմնական դեր ունի վախը։
Անհնազանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ այս տեսության, մեզ նյարդայնացնում են պարտադրված դերերը, ծրագրերը, նախագծերը, և մենք հետաձգում ենք գործը, որպեսզի շրջապատին, ղեկավարությանը, աշխարհին ցույց տանք մեր ինքնուրույնությունը և ըստ սեփական որոշումների գործելու կարողությունը։ Արտաքին ճնշման ենթարկվելով` մենք կոնֆլիկտի մեջ ենք մտնում հասարակության կամ ղեկավարության հետ։ Այսպիսով «խռովարարները», անարխիստները պնդում են իրենց սեփական կարծիքը։ Նրանք միշտ դժգոհ են իրենց կարգավիճակից և ամբողջ կյանքը կարող են անցկացնել հասարակությունից իրենց անկախությունն ապացուցելու վրա, ինչը նրանց դարձնում է իրենց սեփական գաղափարների գերին. արդյունքում նրանց գործունեությունը սահմանափակվում է հենց միայն մտքերի գեներացումով։
Պրոկրաստինացիայի հաղթահարման ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ պրոկրաստինացիան ուղղակիորեն կախված է մոտիվացիայի աստիճանից, որոշ դեպքերում խնդիրը կարելի է լուծել աշխատանքը փոխելով (ուսումը թողնելով), սակայն սա ոչ համընդհանուր և շատ ծայրահեղ մեթոդ է, և մարդկանց մեծամասնությունը պատրաստ չէ դրան։ Միևնույն ժամանակ, եթե պրոկրաստինացիայի բարձր աստիճանը տվյալ մարդու մոտ կապված է բարձր լարվածության և ծրագրեր կազմելու անկարողության հետ, ապա մեծ է հավանականությունը, որ գործունեության ոլորտի փոփոխությունը ևս չի օգնի (կամ էլ կօգնի միայն առաջին պահին)։ Պրոկրաստինացիայից ազատվելու որոշակի երաշխավորված դեղատոմս գոյություն չունի։ Սակայն ժամանակի կառավարման շրջանակներում գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս այս կամ այն չափով նվազեցնել պրոկրաստինացիայի աստիճանը` այդպիսով բարձրացնել աշխատանքից ստացվող իրական արդյունքը, ինչն իր հերթին բարձրացնում է կյանքից բավարարվածության աստիճանն ու ազատում է սթրեսից։
Ժամանակի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց համար հստակ առանձնացնել կարևոր ու հետաձգելի գործերը, պրոկրաստինացիայի լուրջ խնդիրներ չեն ունենում։ Լյուսի Մակդոնալդը[5], հղում կատարելով Դուայթ Էյզենհաուերի մտքերին, առաջարկում է բոլոր գործերը բաժանել ըստ երկու չափանիշի. կարևոր և հրատապ։ Այդպիսով առանձնանում են չորս խումբ գործեր, որոնց վրա ժամանակ է ծախսվում.
Կարևոր և ոչ հրատապ (Important and Not Urgent — Priority Principle) Հենց այս գործերն են ամենամեծ ազդեցությունն ունենում մարդու կյանքի վրա, և պրոկրաստինացիան առաջին հերթին հարվածում է դրանց։ Սրա մեջ է մտնում այն ամենը, հանուն ինչի մարդն ապրում է, նրա այն նպատակներն ու խնդիրները, որոնք կյանքին իմաստ են տալիս։ Այդ պատճառով կարևոր է գիտակցել նման գործերի գոյությունն ու հիշել դրանց մասին որպես շարժման ուղղությունը որոշող երևույթներ։
Կարևոր և հրատապ (Important and Urgent — Crisis Management) Այս կատեգորիայի մեջ են մտնում իսկապես անհետաձգելի գործերը, օրինակ, վթարային իրավիճակները, հիվանդությունները, չափազանց կարճ ժամկետները, ընտանեկան ճգնաժամը, կյանքին սպառնացող վտանգը։
Անկարևոր և հրատապ (Not Important and Urgent — Distractions as Denial) Տարբեր, իբրև թե կարևոր, սակայն իրականում կյանքի վրա ազդեցություն չունեցող մանրուքներ։ Դրանցից կարող են լինել, օրինակ, հարևանի հրավերը, մորաքրոջ ծննդյան տարեդարձը, ամենօրյա զրույցները ճաշի ընթացքում, տան ամենօրյա հարդարումը։ Այս գործերի անկարևորությունը չի նշանակում, թե դրանք կարելի է առհասարակ չանել, բայց մարդը պետք է նաև գիտակցի, որ դրանք խիստ էական չեն և կարելի է բնականորեն ու հանգիստ հրաժարվել դրանցից` հօգուտ 1-ին և 2-րդ կատեգորիայի գործերի։
Անկարևոր և ոչ հրատապ (Not Important and Not Urgent — Busy with the «Trivial Many») Սրանք ամենօրյա բազմաթիվ գործերն են, որոնք շատ փոքր ներդրում են ունենում կյանքի որակի բարելավման վրա, սակայն շատ ժամանակ են խլում։ Այսպիսի գործերին ժամանակ է հատկացվում այն դեպքում, երբ մարդ չգիտի, թե որ ուղղությամբ է պետք շարժվել. նա պատասխանում է բոլոր զանգերին, աշխատանքային ժամին զրուցում է հարազատների հետ, երկար թեյախմություններ է կազմակերպում, թղթախաղով զբաղվում և այլն։
Աշխատասիրության դաստիարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջողությունը հաջողություն է ծնում։ Սրանից ելնելով` մարդը պետք է պահպանի դրական տրամադրվածությունը` նախորդ յուրաքանչյուր գործողության մեջ դրական հետևանքներ գտնելով, ինչն էլ իր հերթին ակտիվ գործունեության խթան է դառնում։ Անհրաժեշտ է ինքն իրեն պարգևատրել հաջողությունների համար, բարձր պահել սեփական լիարժեքության զգացողությունը։ Նոր գործ սկսելիս պետք է վստահ լինել, որ նախկինում եղել են հաջողություններ, տոնել փոքրիկ ամենօրյա հաղթանակները, միևնույն ժամանակ` շատ չկենտրոնանալ դրանց վրա և հետևել հաղթանակների ու խնդիրների հարաբերակցությանը։
Ջանքերի ճիշտ բաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մեթոդը հայտնի է բոլոր սպորտսմեններին, անհրաժեշտ է սովորել սեփական ուժերը բաշխել, ծրագրել գործունեությունն այնպես, որ ամբողջ գործն արվի առանց ուժերի չափազանց լարման։ Նշանակալի է, որ արևմտյան փորձը համարում է, որ պլանավորված, սակայն չիրականացված գործը մեծ ուժ է խլում։ Էներգիան իզուր է ծախսվում, երբ մենք չենք իրականացնում այն, ինչ պլանավորել ենք, և պլանավորում ենք այն, ինչը երբևէ չենք իրականացնելու։ Մեղքի զգացումը քայքայում է մեր ներքին էներգետիկ պաշարները։ Որքան շատ են չավարտված գործերը, այնքան քիչ ուժ է մնում դրանք իրագործելու համար։ Այս մեթոդը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. նախօրոք նոր գործեր մի՛ պլանավորիր, եթե դեռ ունես չավարտած գործեր։
Նպատակների կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնշված մեթոդները խորհուրդ են տալիս խնդիրները համակարգել ըստ առաջնահերթությունների, և հատուկ կարևորության ցուցիչը կարող է լինել ինչպես իրագործման ժամկետը, այնպես էլ` խնդրի նշանակալիությունը։ Ծրագրումը պետք է իրականացվի մի քանի մակարդակով, գլոբալից մինչև որոշակի ծրագրեր։ Յուրաքանչյուր փուլում պետք է սահմանվեն հիմնական արժեքներ, ըստ որոնց պետք է որոշվեն նպատակին հասնելու աստիճանը, այդ ընթացքում ձեռք բերվող հմտությունները։ Պրոկրաստինացիան հաղթահարելու տեսանկյունից այս ամենն անհրաժեշտ է, որպեսզի մարդը յուրաքանչյուր գործողություն անելիս գոնե հեռահար կերպով, ապագայում պատկերացնի, թե այն ինչի համար է արվում և ինչ ազդեցություն է ունենալու։ Մարդն սկսում է հասկանալ, թե ինչ է ուզում, ինչի է ձգտում, ինչի է հասնում, ինչ է պետք դրա համար անել, յուրաքանչյուր գործողություն նրա համար որոշակի անձնական իմաստէ ձեռք բերում, արդյունքում նա ավելի հազվադեպ է հետաձգում իսկապես կարևոր գործերը։ Միևնույն ժամանակ սա չի լուծում հիմնական խնդիրները, եթե մարդը սխալ կողմնորոշում ունի և չի կարողանում որոշակիորեն սահմանել իր հիմնական նպատակը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Why We Procrastinate And How To Stop - ScienceDaily
- John Perry Structured Procrastination(անգլ.).
- Procrastination(անգլ.) // Oxford English Dictionary. — 1989.
- «Прокрастинация» (словарь-справочник). psyfactor.org. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- Максим Котин 5 правил прокрастинации // слон.ру : интернет-журнал.
- Henri C. Schouwenburg, Clarry H. Lay, Timothy A. Pychyl, and Joseph R. Ferrari (Eds.) Counseling the Procrastinator in Academic Settings. Washington DC: American Psychological Association, 2004.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дворецкий И. Х. Латинско-русский словарь. — Москва: Дрофа, 2009. — 1062 с. — ISBN 978-5-358-07096-7
- ↑ Прокрастинация: болезнь века, 2014, էջ 25
- ↑ Людвиг, Петр, 2014, էջ 18
- ↑ Прокрастинация: болезнь века, 2014
- ↑ Lucy Macdonald, «Learn to make time» (2006)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոկրաստինացիա - Զարթոնք կենտրոն
- «Procrastination and Science» (անգլերեն).
- «Structured Procrastination» (անգլերեն).