Պուշկինի բազմոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պուշկինի բազմոց-շլաֆբանկ, բազմոց Էրմիտաժի հավաքածուից, Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարանի ցուցանմուշներից մեկը։ Բազմոցը գտնվել է բանաստեղծի աշխատասենյակում․ Դանտեսի հետ մենամարտից հետո մահացու վիրավոր Պուշկինին պառկեցրել են այդ բազմոցին, որի վրա անցկացրել է իր կյանքի վերջին օրերը։ Բազմոցի իսկական լինելը և նրա պատկանելիությունը Պուշկինին ապացուցվել է հետազոտությունների արդյունքում, որոնք անց են կացվել 2008-2013 թվականներին, իսկական լինելն ապացուցվել է՝ համեմատելով բազմոցի պաստառի արյան մասնիկները Պուշկինի այն բաճկոնի վրայի արյան մասնիկների հետ, որը Պուշկինը հագել էր մենամարտին։

Նմանատիպ բազմոց, Ձմեռային պալատ, 1870

Բազմոցի ծագման պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային պալատի ուսումնական սենյակի ինտերիեր, Էդուարդ Գաուի ջրանկար, 1870[1].

Պուշկինի բազմոցը պատրաստվել է կարմիր ծառից և երեսպատվել սաֆյանով։ Բազմոցի ներքևի հատվածում տեղադրված են գզրոցներ։ Բազմոցի այս տիպը Ռուսաստանում հայտնի էր 18-րդ դարի վերջերից՝ «շլաֆբանկ» անվամբ (բառացի թարգմանությունը գերմաներենից՝ նստարան քնի համար)։ Շլաֆբանկները հայտնի էին որպես աշխատասենյակի կահույք ուսումնական և գիտական, ինչպես նաև քարտուղարների և սենեկասպասների շրջանում, որը թույլ էր տալիս տիրոջը հանգստանալ աշխատանքի վայրում, եթե նրանք շատ ժամանակ էին ծախսում աշխատավայրում։ Որակյալ և նրբաճաշակ աշխատանքի նմուշ հանդիսացող Պուշկինի շլաֆբանկը հանդիսանում է «Նիկոլայի» շրջանի կահույքի ամպիրի լավագույն օրինակներից մեկը։ Հավանաբար բազմոցը գնվել է 1831-1837 թվականներին, երբ Պուշկինների ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և հաստատվել Մոյկա 12 հասցեում գտնվող բնակարանում։ Ալեքսանդր Պուշկինի ընտանիքի կողմից բազմոցի ձեռք բերման և դրա ծագման մասին կոնկրետ ամսաթիվ հայտնի չէ։ Այդ տարիներին Պետերբուրգում աշխատում էին կահույքի մի քանի հայտնի ընկերություններ՝ Հենրիխ Համբսի և իր որդիների, Անդրեյ Տուրի, Վասիլի Բաբկովի, Անդրեյ Տարասովի, Իվան Բաումանի, Վիլհելմ Շտրոմի, Կոնրադ Գուտի, Ադոլֆ Էմզենի, Ադամ Շիցի և Ալեքսանդր Կաուշի։ Այդ ժամանակաշրջանում մեկ այլ շատ նման շլաֆբանկ էր պատրաստվել ցարորդի Ալեքսանդր II-ի համար։ Ձմեռային պալատի Ուսումնական սենյակի կահույքի հավաքածուի վրա աշխատել են Շիցը, Գուտը և Կաուշը։

Պուշկինն օգտագործել է ձեռք բերված բազմոցը, որպեսզի կահավորի իր աշխատասենյակը։ Երբ սկսվել է հրատարակվել «Սովրեմեննիկ» ամսագիրը, Պուշկինը, լինելով դրա գլխավոր խմբագիրը, աշխատասենյակում ընդունում էր գրականագետների։ Նրա աշխատասենյակի բազմոցի մասին իր գրառումներում հիշատակել է մասնավորապես, Ալեքսանդր Տուրգենևը։ Հենց այս բազմոցին են պառկեցրել մահացու վիրավորված բանաստեղծին մենամարտից հետո՝ 1837 թվականի փետրվարի 8-ին։ Երկու օր անց Պուշկինը մահացել է։ Նրա մահից հետո բանաստեղծի այրին՝ Նատալյա Նիկոլաևնան, հանգուցյալի իրերի մեծամասնությունը բաժանել է նրա ընկերներին։ Ժուկովսկիին բաժին է հասել սերթուկը, որով Պուշկինը եղել էր մենամարտին, իսկ Վյազեմսկիին՝ բաճկոնը։ Պավել Նաշչոկինին՝ Ալեքսանդր Պուշկինի մոտ ընկերոջը, իր կյանքի վերջին օրերին այրին փոխանցել է արծաթյա ժամացույցը, արխալուղը և դրամապանակը, նրան առաջարկել է վերցնել նաև բազմոցը՝ արյան հետքերով, որի վրա մահացել էր Պուշկինը։ Բայց ինչպես հետո գրել է Պավել Նաշչոկինի կինը՝ Վերա Ալեքսանդրովնան, նրա համար «այնքան ծանր էր ընկերոջ կորուստը, այնքան ցավոտ էր տեսնել նրա անժամանակ բռնի մահվան նյութեղեն ապացույցները, որ նա հրաժարվեց»[2][3]։

Մենամարտից հետո Նատալյա Նիկոլաևնան, ինչպես ցանկացել էր հանգուցյալ ամուսինը, հեռացավ Սանկտ Պետերբուրգից։ Պուշկինների ընտանիքի բնակարանի իրերը հանձնվել են Մեծ Գոստինի դվոր՝ պահպանության։ 1841 թվականին Պուշկինների ընտանիքի կալվածքը Միխայլովսկոեում, ինչպես նաև քաղաքի բնակարանի իրերը, հանգուցյալ Պուշկինի ունեցվածքը և հանձնվեցին երեխաների խնամակալներին։ Խնամակալները, իրենց հերթին, որոշեցին կահույքի մեծ մասը հանձնել այրուն՝ «խնամակալներին ազատելով ավելորդ ծախսերից․․․»։ 1841 թվականի մայիսին Նատալյա Նիկոլաևնան կահույքի մեծ մասը Պետերբուրգի բնակարանից տեղափոխեց Միխայլովսկոե։ Պետերբուրգում գտնվող Պուշկինի տուն-թանգարանի տնօրենի՝ Գալինա Սեդովայի կարծիքով՝ այրին Միխայլովսկոեում բազմոցը հազիվ թե ուղիղ իմաստով է օգտագործել, այն պահել է, որպես ամուսնուց հուշ[4]։

Բազմոցը գտնվել է Միխայլովսկոեում մինչև 1890-ական թվականները՝ մինչև Ռուսաստանի գիտությունների ակադեմիային դաստակերտի վաճառքը։ Այն բանից հետո, երբ կայացվել է վաճառքի որոշումը, բանաստեղծի որդին՝ Գրիգորի Պուշկինը, որը բնակվում էր Միխայլովսկոեում և շուտով պատրաստվում էր տեղափոխվել կնոջ կալվածք, որոշեց հրաժարվել հոր անվան հետ կապված իրերի մի մասից։ Այսպես, Պուշկինի գրադարանը նվիրաբերվեց Ռումյանցևի թանգարանին, կարմիր փայտից սեղանը՝ Ցարսկոե Սելոյի կայսերական լիցեյի թանգարանին։ Հենց այդ ժամանակ բանաստեղծի աշխատասենյակի բազմոցը նվիրել են Դմիտրի Ֆիլոսոֆովին և նրա կնոջը՝ Մարիա Ալեքսեևնային, որը Գրիգորի Պուշկինի կնոջ՝ Վարվառա Ալեքսեևնայի հարազատ քույրն էր։ Ֆիլոսոֆովները դաստակերտ են ունեցել Ուսադիշչի գյուղում՝ Միխայլովսկոեի հարևանությամբ։ Բազմոցը իրենց տանն է մնացել մինչև 1918 թվականը մինչև գերմանական զորքերի հարձակման սպառնալիքի տակ Ֆիլոսոֆովների որդին՝ Մարկ Դմիտրիևիչը, կահավորանքը չտեղափոխեց իր պետրոգրադյան բնակարան։ 1920-ական թվականներին Մարկ Ֆիլոսոֆովը աշխատել է Էրմիտաժում և հենց այդ ժամանակ էլ Պուշկինի բազմոցը տեղափոխել է թանգարանի իր աշխատասենյակ։ Առաջին անգամ թանգարանի գույքագրման ժամանակ, բազմոցը գրանցվել է 1923 թվականին՝ առանց նշելու ծագման մասին։ Պարզ է, որ Մ․ Ֆիլոսոֆովն իր կոլեգաների հետ կիսվել է բազմոցի ծագման մասին։ 1935 թվականին Ֆիլոսոֆովին աքսորել են Սամարա, հետագայում՝ բռնաճնշվել է։ Այդ օրերին երկրում ընթանում էին Պուշկինի հոբելյանի նախապատրաստական աշխատանքները, իսկ տուն-թանգարանում վերականգնողական աշխատանքներ էին կատարվում՝ վերականգնելու Պուշկինի ժամանակների տեսքը։ Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Օրբելին, հավանաբար Ֆիլոսոֆովներից լսելով ընտանեկան մասունքի պատմության մասին, բազմոց-շլաֆբանկն Էրմիտաժից փոխանցում է Մոյկա 12 հասցեում գտնվող Պուշկինի տուն֊թանգարան՝ Պուշկինի աշխատասենյակի կահավորման համար։ Այդ ժամանակ բացի բանավոր լեգենդներից, որը եկել էր բռնաճնշված գիտնականից, բազմոցի ծագման մասին ոչ մի հաստատում չկար։ Փոխանցման ակտում նշվել է միայն՝ «19-րդ դարի 30-ական թվականների կարմիր փայտից և սաֆյանից բազմոց»։ 1937 թվականից միչև մեր օրերը բազմոց-շլաֆբանկը գտնվում է Պուշկինի վերջին բնակարանի՝ տուն-թանգարանի ցուցանմուշների շարքում[5][6]։

Մասունքի իսկական լինելու հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Պուշկինի տուն-թանգարանի աշխատակիցները որոշեցին ապացուցել բազմոց-շլաֆբանկի իրական ծագումը՝ օգտվելով ժամանակակից դատա-կենսաբանական հետազոտության նվաճումներից։ Առաջին փուլի ընթացքում պետք էր գտնել բանաստեղծի արյան հետքերը բազմոցի սաֆյանե պաստառի վրա։ Ժուկովսկու նկարով թանգարանի աշխատակիցները և Լենինգրադի մարզի դատաբժշկական փորձաքննության բյուրոյին փորձագետները՝ Յուրի Մոլինի գլխավորությամբ, որոշեցին վիրավոր Պուշկինի ենթադրյալ պառկած դիրքը և նրա վնասվածքի նկարագրությամբ որոշեցին պաստառի հնարավոր հատվածը, որտեղ կարող էին մնալ Պուշկինի արյան միկրոմասնիկներ։ Փորձաքննության ընթացում վերցված 27 փորձանյութերից մեկի վրա հայտնաբերվել են արյան մասնիկներ։

Պաստառի արյունոտ հատվածը ենթարկվել է հակադարձ փորձաքննության՝ օգտագործելով արհեստական մանեկեն, որի արդյունքում հաստատվել է, որ պաստառի նշված հատվածը համապատասխանում է վնասվածքի բնույթին և Պուշկինի հնարավոր արյունահոսությանը։ Հետազոտության երկրորդ փուլում փորձագետները համեմատեցին հայտնաբերված արյան մասնիկները այն նմուշների հետ, որոնց ծագումն իսկապես հայտնի էր՝ բաճկոնի վրայի արյան հետքերի հետ, որը նվիրել էր Վյազեմսկին։ Հաստատվել է արյան խմբի համընկումը՝ Аβ (II), որը թույլ տվեց ենթադրել, որ արյան նմուշները հենց մեկ հոգու են պատկանում՝ Ալեքսանդր Պուշկինին։ Փորձաքննության արդյունքների մասին գիտնական քրեագետները և պուշկինագետները լայնորեն հայտարարեցին Պուշկինի մահվան հերթական տարեդարձին՝ 2010 թվականի փետրվարի 10-ին[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Диван Пушкина». Всероссийский музей А. С. Пушкина.