Jump to content

Պորտալ:Նոր ժամանակ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նապոլեոնյան պատերազմներ (1803-1815), համընդգրկուն հակամարտության պատերազմների մի շարք էին, որոնք մղվել են ո՛չ միայն Եվրոպայում, այլև՝ Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում:

Նապոլեոնյան պատերազմները արդյունք էին Նապոլեոն I-ի գլխավորած Ֆրանսիական կայսրության վարած քաղաքականության: Վերջինիս դեմ համախմբվեցին Եվրոպայի մի շարք տերություններ, կազմելով տարբեր դաշնախմբեր, որոնց գլխավորում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Այդ պատերազմները հեղափոխականացրեցին եվրոպական բանակները և դրանք աննախադեպ մասշտաբներով մեծացրեցին՝ լայնորեն կիրառելով համընդհանուր զինապարտությունը: Նապոլեոնյան պատերազմները Ֆրանսիական հեղափոխական պատերազմների շարունակությունն էին, որոնք սկիզբ էին առել 1792 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Սկզբնապես, Ֆրանսիայի հզորությունը արագորեն աճեց, քանզի Նապոլեոնի Մեծ Բանակը նվաճեց գրեթե ամբողջ մայրցամաքային Եվրոպան: Իր ռազմական կարիերայի ընթացքում Նապոլեոնը մղել է 60 ճակատամարտ, որոնցից 53-ը շահել է, իսկ պարտվել է միայն 7-ում, այն էլ՝ հիմնականում իր գահակալության վերջում։ Ֆրանսիական հսկայական տերությունը արագորեն կործանվեց, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Ֆրանսիայի աղետալի հարձակումը Ռուսաստանի վրա՝ ներխուժումը Ռուսաստան 1812 թվականին: 1814 թվականին Նապոլեոնը պարտություն կրեց, և աքսորվեց Էլբա կղզի: Ապա նա փախավ աքսորավայրից և 1815 թվականին 100 օրով վերստին պետության գլուխ անցավ: Դրանից հետո նա դարձյալ պարտություն կրեց: Այս անգամ Վաթեռլոոյի ճակատամարտը դարձավ նրա վերջին պարտությունը, և դարձյալ աքսորվեց, ընդ որում՝ ավելի հեռու՝ Ատլանտյան օվկիանոսի՝ Մեծ Բրիտանիային պատկանող Սուրբ Հեղինե կղզին: