Ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918), հարել է սոցիալիստական կուսակցության ձախ ինտերնացիոնալիստական թևին։ Վայան-Կուտյուրեն իր «Արձակուրդում» վիպակում (1919), «Զինվորական պատերազմ» (Ռ․ Լեֆեվրի հետ) (1919) պատմվածքների ժողովածուում, «Նամակներ իմ ընկերներին» (1920) ինքնակենսագրական երկում, «Մահվան XIII պար» (1920) և «Կարմիր գնացքներ» (1923) բանաստեղծությունների ժողովածուներում արձագանքել է պատերազմական տարիների իրադարձություններին։ Վայան-Կուտյուրեին ջերմորեն ողջունել է Հոկտեմբերյան պետական հեղաշրջումը, եղել Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ, 1920) հիմնադիրներից։ 1921 թվականին ընտրվել է ՖԿԿ ԿԿ-ի, հետագայում ԿԿ քաղբյուրոյի անդամ, ՖԿԿ պատվիրակ Կոմինտերնի 3-րդ կոնգրեսում (Մոսկվա, 1921)։ 1926-1937 թվականներին եղել է «Յումանիտեի» գլխավոր խմբագիրը։ «Կույրերի պարահանդեսը» (1927) պատմվածքների ժողովածուում Վայան-Կուտյուրեի երգիծական, գրոտեսկային ոճով քննադատել է «բուրժուական հասարակության բարքերը»։ Եղել է պատերազմի և ֆաշիզմի դեմ պայքարի ակնառու մասնակից, մասնակցել է միջազգային հակապատերազմական կոնգրեսին (Ամստերդամ, 1932) և Հանուն մշակույթի պաշտպանության գրողների միջազգային կոնգրեսներին (1935-1937)։ Հանդես է եկել ընդդեմ ֆաշիստական ինտերվենցիայի հանրապետական Իսպանիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 256)։