Պերիպատետիկյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պերիպատետիկ դպրոցից)
Արիստոտելի դպրոցը հեղինակ՝ Գուստավ Ադոլֆ Սպանգենբերգ 1880 թ.

Պերիպատետիկները կամ ճեմականները (հին հուն․՝ περιπατέω, թարգմանաբար՝ ճեմել) Հին Հունաստանի փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչներ են, հանդիսանում են Արիստոտելի հետևորդները։

Պերիպատետիկյան դպրոց անվանումն առաջացել է աթենական Լիկեոնի՝ գիմնազիայի ծառուղում ուսուցումը ճեմելով, զբոսնելով վարելու սովորությունից (այստեղից էլ՝ հայերեն «ճեմարան» տերմինը)։ Նախապես «պերիպատետիկոսներ» (հին հուն․՝ περιπατητικός) անվանում էին Արիստոտելի անմիջական աշակերտներին, հետագայում՝ նրա փիլիսոփայական ուսմունքի և գիտական տարբեր տեսությունների պաշտպաններին ու տարածողներին։ Պերիպատետիկների շնորհիվ Լիկեոնը շարունակեց մնալ անտիկ աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից և մրցել Պլատոնյան ակադեմիայի հետ։

Պերիպատետիկյան դպրոցն ունեցել է զարգացման մի քանի շրջան և գիտությանը տվել բազմաթիվ ականավոր փիլիսոփաներ ու գիտնականներ՝ Թեոֆրաստոս, Եվդեմոս Հռոդոսցի, Ստրատոն Լամփսակացի (1-ին շրջան՝ մ․ թ․ ա․ 4-1-ին դարեր), Անդրոնիկոս Հռոդոսցի (2-րդ շրջան՝ մ․ թ․ ա․ 1-ին դար), Ալեքսանդր Ափրոդիզիացի (3-րդ շրջան՝ մ․ թ․ 2-3-րդ դարեր) և ուրիշներ։ Պերիպատետիկյան դպրոցը գոյատևել է անտիկ շրջանի ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև վաղ միջնադար և նպաստել հունական ու հռոմեական փիլիսոփայության, մասնավորապես ստոիցիզմի, էկլեկտիզմի և նեոպլատոնականության ձևավորմանը։

Հայ իրականության մեջ Պերիպատետիկյան դպրոցի ազդեցությունը Ալեքսանդրյան նեոպլատոնական դպրոցի միջոցով կրել է Դավիթ Անհաղթը։ Պերիպատետիզմի նշանավոր հուշարձան է միայն հայերենով պահպանված «Անանուն մեկնութիուն Ստորոգութեանցն Արիստոտէլի» աշխատությունը, որը թարգմանվել է 6-րդ դարում (հրտ․ 1961) և բարերար ազդեցություն ունեցել միջնադարի հայ իմացաբանական ու տրամաբանական մտքի զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 273 CC-BY-SA-icon-80x15.png