Պետական հեղաշրջում Բուլղարիայում (1886)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշխան Ալեքսանդր I-ի պալատը, որտեղ նա ձերբակալվել է դավադիրների կողմից (անհայտ հեղինակ)

Պետական հեղաշրջում Բուլղարիայում (1886), հայտնի նաև որպես օգոստոսի 9-ի պետական հեղաշրջում (բուլղար․՝ Деветоавгустовски преврат), արքայազն Ալեքսանդր Բատենբերգին բուլղարական գահից տապալելու փորձ, որը տեղի է ունեցել 1886 թվականի օգոստոսի 9-ին (21): Չնայած այն հանգամանքին, որ փորձը անհաջող էր և ավարտվեց հակահեղաշրջումով, ի վերջո դա հանգեցրեց Ալեքսանդր Բատենբերգի հրաժարականին և երկրում ծանր քաղաքական ճգնաժամի[1][2]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-թուրքական պատերազմից հետո (1877-1878 թվականներ) Բուլղարիան ազատագրվել էր թուրքական տիրապետությունից: Երկրի ղեկավարումը ստացել էր արքայազն Ալեքսանդր Բատենբերգը՝ ռուսական կայսր Ալեքսանդր II-ի զարմիկը: 1881 թվականին Ալեքսանդր II-ի սպանությունից հետո նրան փոխարինել է Ալեքսանդր III-ը, որն առանձնանում էր պահպանողական տրամադրությամբ:

1885 թվականի Արևելյան Ռումելիայի անեքսիայից հետո (Բուլղարիայի պատմագրության մեջ՝ Բուլղարիայի միավորումը Արևելյան Ռումելիայի հետ), որը հավանության չի արժանացել ռուսական կայսրության կողմից, ռուս-բուլղարական հարաբերությունները վատացել են: Ռուսական արքունիքի դժգոհությունը իշխանի գործողություններից ազդում էր բուլղարական իշխանության նկատմամբ ռուսական քաղաքականության վրա[3]: Սա Բատենբերգի վրա կատաղի հարձակումների առիթ տվեց ռուսամետ քաղաքական խմբերի կողմից (Ցանկովի առաջադեմ լիբերալ կուսակցություն և Արևելյան Ռումելիայի ժողովրդական կուսակցություն), որոնք համոզված էին, որ Ռուսաստանի պաշտպանությունը անհրաժեշտ էր անկախ Բուլղարիայի պահպանման համար Սան Ստեֆանոյի պայմանագրի շրջանակներում որոշված սահմաններում[4]: Սերբիայի առաջիկա նոր հարձակումների մասին լուրերը նույնպես պահանջում էին Ռուսաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորում. 1885 թվականի պատերազմից հետո բուլղարական նյութական և ֆինանսական առումով թուլացած բանակը խոցելի էր, բանակի կադրային քաղաքականությունը նույնպես դժգոհություն էր առաջացրել[4]:

Հեղաշրջման իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղաշրջման կազմակերպիչներն էին՝ ռազմական ուսումնարանի տնօրեն Պյոտր Գրուեվը, գեներալներ Անաստաս Բենդերեվը, Ռադկո Դիմիտրիեվը և Գեորգի Վազովը: Հեղաշրջմանը մասնակցել է նաև Բուլղարիայում ռուսական ռազմական կցորդ գնդապետ Սախարովը[4]:

Հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, առաջիկա սերբական հարձակումներից պաշտպանության նախապատրաստության պատրվակով, Բենդերևն սկսեց զորքեր տեղակայել Սոֆիայի մոտ, միևնույն ժամանակ, իշխանին հավատարիմ ստորաբաժանումները հեռացվել էին. 1-ին հետևակային գնդի երկու ջոկատներն ուղարկվեցին կառուցելու պաշտպանական շինություններ Սլիվնիցայի մոտ, 1-ին հեծելազորային գունդը մեկնել է զորավարժությունների Սամոկով, 2-րդ (Ստրումյան) հետևակի գունդը տեղակայվել է Պերնիկում, Սոֆիայում մնաց նվիրված դավադրությանը 1-ին հրետանային գունդը: Գրուեվը բանակցություններ է վարել նախարար-նախագահ Պետկո Կարավելովի և ռազմական նախարար Կոնստանտին Նիկիֆորովի հետ, ովքեր համաձայնել էին խնդրել իշխանին հրաժարական տալ, սակայն դավադրությանը մասնակցել հրաժարվել են[4]:

Բատենբերգի տապալում և ժամանակավոր կառավարության ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականի օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Ստրումյան գնդի զորամասերը և ռազմական ուսումնարանի կուրսանտները մտան Սոֆիա, չեզոքացրին քաղաքում մնացած զորքերը և շրջապատեցին իշխանական պալատը: Ալեքսանդր Բատենբերգը ձերբակալվել է և ստիպված է եղել հրաժարական ստորագրել[4]: Այդ նույն առավոտյան նրան տեղափոխել են Օտրյահովո և Դանուբով արտաքսել են Ռուսաստան[5]:

Դավադիրները հետագա գործողությունների հստակ պլան չունեին: Նրանք հույս ունեին ձևավորել կառավարություն բոլոր քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ, բայց հանդիպեցին Կարավելովի և մյուս առաջատար քաղաքական գործիչների ընդդիմությանը: Երեկոյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդատվությունից հետո հայտարարվեց ժամանակավոր կառավարության կազմը, որը ղեկավարում էր միտրոպոլիտ Կլիմենտ Տիռնովսկին[5]: Օգոստոսի 10-ին ռազմական գերատեսչությունների մեծ մասը երդում է տվել նոր կառավարությանը: Բուլղարացի շատ սպաներ և քաղաքական գործիչներ, սակայն, չեն աջակցել հեղաշրջմանը, այդ թվում Ազգային ժողովի նախագահ Ստեֆան Ստամբոլովը, որն այդ պահին Տիռնովոյում էր գտնվում: Նիկիֆորովը հրաժարվել է մասնակցել ժամանակավոր կառավարության մեջ, պլևենյան գունդը հրաժարվել է երդվել, իսկ Սլիվնիցայում ցույց է անցկացրել նոր կառավարության դեմ: Վառնայի գնդում զինվորականները հրաժարվել են ենթարկվել դավադրությանն աջակցող հրամանատարին[5]:

Հակահեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլովդիվում օգոստոսի 10-ին սկսվեց հակահեղաշրջման կազմակերպումը, որը գլխավորում էր Սավա Մուտկուրովը: Նրան աջակցում էին Դիմիտրի Տոնչևը, մյուս լիբերալ ​​քաղաքական գործիչները և բրիտանական հյուպատոսությունը[5]: Զինվորական ստորաբաժանումները, որոնք չէին ճանաչել նոր կառավարությունը, Պազարջիկից, Հասկովոյից և Ստարա Զագորայից սկսեցին շարժվել Պլովդիվ: Օգոստոսի 11-ին Ստամբոլևը հանդես է եկել հայտարարությամբ և նշանակել Մուտգուրովին բուլղարական բանակի գլխավոր հրամանատար: Մուտգուրովը ժամանակավոր կառավարությանը վերջնագիր ներկայացրեց, որը պահանջում էր լիազորություններից հրաժարում 24 ժամվա ընթացքում մահապատիժի սպառնալիքով[5]: Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը Սլիվվնիցայում ռեժիմի ապստամբեց 1-ին հետևակային գունդը: Օգոստոսի 12-ին Սոֆիայում և Շումենում մեկուսացվել էին ժամանակավոր կառավարության կողմնակիցները: Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մասնակցությամբ ձևավորվեց նոր կառավարություն՝ Կարավելովի գլխավորությամբ: Գրուևը և մյուս դավադիրները փախան մայրաքաղաքից[5]:

Բատենբերգի վերադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարավելովի կառավարությունը ստացավ Ռուսաստանի աջակցությունը, սակայն նրան չէին աջակցում Տիռնովոյի և Պլովդիվի հակահեղաշրջման կազմակերպիչները[5]: Քաղաքացիական պատերազմից և օկուպացիայից վախենալով, Կարավելովը ցանկացավ հետաձգել իշխանական գահի վերականգնման որոշումը մինչև Մեծ Ազգային ժողովի գումարումը, սակայն Ստամբոլովը Բատենբերգին հրավիրեց հնարավորինս շուտ վերադառնալ Բուլղարիա[5]: Օգոստոսի 16-ին Ստամբոլովը Պետկո Սլավեյկովին, Գեորգի Ստանսկուն և իրեն հայտարարեց փոխարքաներ: Օգոստոսի 17-ին Կարավելովի կաբինետը հրաժարական տվեց, Պլովդիվի զինվորական ստորաբաժանումներն առանց արյան գրավեցին մայրաքաղաքը[5]:

Ալեքսանդր Բատենբերգը օգոստոսի 17-ին վերադարձել է Սոֆիա, բայց ինն օր անցԿաղապար:Сс3, 1886 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7-ին) Ռուսական կայսրության հետ խաղաղություն հաստատելու հերթական անհաջող փորձից հետո ստորագրել է հրաժարականը և ընդմիշտ հեռացել Բուլղարիայից[5]: Իշխանությունը փոխանցվեց Ստամբոլովի գլխավորած ռեգենտային խորհրդին:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականի հուլիսի 7-ին Բուլղարիայում ընտրվեց նոր իշխան` Ֆերդինանդ I-ը՝ Սաքսեն-Կոբուրգ-Գոթական դինաստիայի ներկայացուցիչը, Ավստրիայի կայսրի զարմիկը և ավստրիական բանակի սպան: Նրա իշխանության առաջին տարիներին ներքաղաքական կյանքում առաջատար դերը պատկանում էր Ստեֆան Ստամբոլովի Լիբերալ կուսակցությանը, որի արտաքին քաղաքականության մեջ նկատվում էր Ռուսաստանի նկատմամբ հարաբերության սառեցում: Ռուսաստանի կողմնակից սպաները արտագաղթեցին Ռումինիա և 1887 թվականի փետրվարին կրկին փորձեցին Բուլղարիայում հեղաշրջում կազմակերպել, սակայն առանց հաջողության: Բուլղարիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերականգնվել են միայն 1896 թվականին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Chisholm Hugh, ed. (1911)։ «Bulgaria/History»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press 
  2. Anderson F. M., Hershey M. Sh. The Bulgarian Revolution of 1885 // Handbook for the Diplomatic History of Europe, Asia, and Africa 1870-1914. — Washington: National Board for Historical Service, Government Printing Office, 1918. — P. 119—122.
  3. 3,0 3,1 Стателова
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Радев, т. 1, 1990
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Радев, т. 2, 1990

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]