Jump to content

Պատերազմի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերազմի Ավետարան
Տեսակձեռագիր
ԳրիչՀովհաննես Օրբելյան
ԾաղկողՄոմիկ
ՍտացողՍտեփանոս Օրբելյան
Տարեթիվ1302
ՎայրՆորավանք, Ամաղու
Գիրբոլորգիր
Կազմկաշեպատ, արծաթե քանդակազարդ
Համար6792
ԺողովածուՄատենադարան
ՏեղադրությունԵրևան

«Պատերազմի Ավետարան», ձեռագիր մատյան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրվել և պատկերազարդվել է 1302 թվականին Ամաղուի Նորավանքում, պատվիրատու՝ Սյունիքի մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյան, գրիչ՝ Հովհաննես Օրբելյան, ծաղկող՝ Մոմիկ։ 1406–1411 թվականներին «Պատերազմի Ավետարան» պահվել է Վասպուրականի Բզնունյաց գավառի Սքանչելագործ Սուրբ Նշան վանքում (Պատերազմի Սուրբ Նշան վանք, այստեղից՝ անվանումը), որտեղ 1406 թվականին Գրիգոր Խլաթեցի վարդապետը վերականգնել է վնասված ձեռագիրը։ Նրա 1411-ի հիշատակարանում առաջին անգամ ձեռագիրն անվանվել է «...զպատերազմի սբ. Աւետարան»։

1676 թվականին «Պատերազմի Ավետարան» պահվել է Մեծոփավանքում, 17-րդ դարի վերջին հափշտակվել է, ապա Սարգիս Աբեղայի շնորհիվ փրկագնվել և վերադարձվել է Մեծոփավանք։ Հետագայում պահվել է Երնջակի Սուրբ Կարապետ վանքում, 1925 թվականին բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (այժմ՝ Մատենադարան, ձեռագիր № 6792)։

Ձեռագրի թերթերի հիմնական մասը մագաղաթ է, վերականգնվածը՝ թուղթ, գիրը՝ բոլորգիր, երկսյուն։ Կաշեպատ կազմին հետագայում ավելացվել է արծաթե քանդակազարդ կազմ։

Բովանդակում է 4 Ավետարանները (սկսվում է Հովհաննեսի Ավետարանից), Հակոբ, Պետրոս, Հուդա առաքյալների թղթերը, հատված՝ Ղուկաս ավետարանչի «Գործք առաքելոց»-ից։ Ձեռագիրը պարունակում է 12 տերունական տեսարաններ, «Հովհաննես ավետարանիչը Պրոքորոնի հետ», Հակոբ և Պետրոս առաքյալների պատկերները, նաև անվանաթերթեր, լուսանցազարդեր և զարդագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։