Պավլովնիա թաղիքանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավլովնիա թաղիքանման
Paulownia tomentosa (detail).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Խլածաղկազգիներ
Ցեղ Պավլովնիա
Տեսակ Պավլովնիա
թաղիքանման
Լատիներեն անվանում
Paulownia tomentosa


Պավլովնիա թաղիքանման (լատ.՝ Paulownia tomentosa), Խլածաղկազգիների ընտանիքի, պավլովնիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, խոշոր ծառ է' մինչև 25 մ բարձրությամբ, վրանաձև սաղարթով, հզոր, հաստ ճյուղերով։ Ընձյուղները սկզբում խիտ մազմզուկապատ են, այնուհետև' մերկ։ Տերևադասավորությունը հակադիր է։

Տերևները լայն ձվաձև են կամ ձվաձև, 15-30 սմ երկարությամբ (հոռաշիվերի վրա մինչև 45-50 սմ), սրածայր գագաթով և սրտանման հիմքով, ամբողջաեզր, հազվադեպ թույլ եռաբլթակ, վերևի կողմից՝ կանաչ, մազմզուկապատ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, ծածկված խիտ, շիկավուն կամ թաղիքանման մազմզուկներով։

Ծաղիկները թեթևակի բուրումնավետ են, հավաքված գագաթնային, ուղղաձիգ, բրգաձև 20-30 սմ երկարությամբ հուրաններում։ Բաժակը լայն զան- գականման է, 5 խոր-բլթակավոր, շիկաթաղիքամազմզուկապատ, բլթակները ձվաձև են։ Պսակը խողովակազանգակաձև է, 5 թեք, դեպի հետ շրջված բլթակներով, բաց մանուշակագույն, ներսի կողմում մուգ բծերով և դեղին շերտիկներով, արտաքին կողմից մազմզուկապատ։ Առէջները 4-ն են։

Սերմնարանը վերնադիր է, երկբուն։ Պտուղը ձվաձև, կտուցիկավոր, փայտացած, շագանակագույն, բազմասերմ տուփիկ է 3-4 սմ երկարությամբ, բացվում է 2 փեղկերով։ Սովորաբար ծառի վրա մնում է մինչև հաջորդ տարվա գարունը և նույնիսկ ամառը։ Սերմերը մանր են, թևանման։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-նոյեմբերին։

էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Չինաստանում: Չափազանց արագ է աճում հատկապես երիտասարդ տարիքում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լուսասեր է։ ճեշտությամբ է բնային մացառներ առաջացնում, որոնք բարենպաստ պայմաններում հասնում են մինչև 2-3, երբեմն՝ 4 մետր բարձրության։ Դիմանում է մինչև - 25 °C-ի սառնամանիքներին։ Հայաստանում մշակվում է Իջևանում և Բագրատաշենում, որտեղ երբեք չի ցրտահարվում, ուժեղ է աճում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։

Երբեմն տարեկան աճը անցնում է 1,5-2 մետրից։ Երևանի պայմաններում լավ է աճում քաղաքի ցածրադիր, տաք շրջաններում։ Արտակարգ ցուրտ ձմռան դեպքում լուրջ ցրտահարվում է, սակայն հաջորդ վեգետացիոն շրջանի ընթացքում սաղարթը լրիվ վերականգնվում է։ Բուսաբանական այգու պայմաններում, ցուրտ ձմռան դեպքում լրիվ ցրտահարվում է։

Արտակարգ դեկորատիվ բույս է, խիստ արևադարձային տեսքով, որը սակայն հեռանկարային է միայն հանրապետության ցածրադիր, տաք շրջանների համար[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։