Չեխովի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեխովի փողոց (այլ կիրառումներ)
Չեխովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն400 մետր
Նախկին անվանումՎինոգրադնայա փողոց

Չեխովի փողոց (ռուս.՝ Улица Чехова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ ռուս մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովի փողոցը Յալթա քաղաքի քարտեզին հայտնվել է 1870-ական թվականներին՝ Վինոգրադնայա անվամբ, խաղողի նախկին տնկարկների տեղում։ Փողոցի երկարությունը մոտ 400 մետր է։ Այսօր այն հետիոտնային պողոտա է, որը քաղաքային այգու միջով հասնում է լողափ[2]։

Նշանակալի շենքեր և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի միջնամասում, զբոսայգու կանաչ ծառերի արանքում, թաքնված է մի շենք, որի արևելյան տեսքը ուշադրություն է գրավում։ Դա ոսկի արդյունաբերող Մելլեր-Զակոմելսկու նախկին առանձնատունն է։ Երկար ժամանակ այնտեղ տեղակայված էին նախկին «Կիև» առողջարանի բժշկական մասնաշենքը և գրադարանը, այնուհետև այստեղ հաստատվել է «Օրբիտա» առողջարանը, ապա կրկին «Կիև» առողջարանը[2]։

Ճարտարապետական և պատմական առումով զգալի հետաքրքրություն է առաջացնում նախկին բանկի փոքր շենքը (այժմ՝ РНКБ բանկ), որը մեկ դար չի փոխել իր նշանակությունը (ճարտարապետն է Լ. Ն. Շապովալովը)[2]։

Բանկի դիմաց, նույն Չեխովի փողոցում, փայտյա հին ցանկապատի հետևում, խիտ բուսականության արանքում բժիշկ Վասիլևի նախկին առանձնատունն է։ Սկզբում այնտեղ եղել է քաղաքային գործադիր կոմիտեն, ապա՝ պիոներների տունը։ Բժշկի առանձնատունը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ քաղաքի ճարտարապետ Ն. Գ. Տարասովի նախագծով[2]։

Սուրբ Մարիամ լյութերական եկեղեցին
«Վիլլա Ելենան»

Ուշագրավ է նաև Սուրբ Մարիամ լյութերական եկեղեցին։ Այն կառուցվել է 1885 թվականին՝ լյութերական դավանանքի ծխականների միջոցներով, ինչպես նաև Գերմանիայի և Ռուսաստանի կայսրերի նվիրատվություններով։ Նրա անվանումը նվիրված է նաև շինարարության համար իր փոքր հողակտորն անվարձահատույց եկեղեցուն հանձնած ճարտարապետ Գ. Ֆ. Շրեյբերի դստերը։ 1917 թվականի հեղափոխությունից հետո եկեղեցին փակվեց, այնուհետև այնտեղ սկսեց գործել շախմատային ակումբ։ Միայն 1993 թվականին Յալթայի վերստեղծված ավետարանական լյութերական համայնքը կարողացավ եկեղեցին վերադարձնել համայնքին[3]։

Չեխովի փողոցը հասնում է Մորսկայա փողոցին, որտեղ, Չեխովի փողոցի դիմաց, կա մի տուն, որը եզրափակում է փողոցի հեռանկարը։ Դա 1907 թվականին մոդեռն ոճով ճարտարապետ Ն. Պ. Կրասնովի կառուցած դոկտոր Շիրյաևի նախկին եկամտաբեր տունն է[2]։

Այդ տնից քիչ հեռու կա չորսհարկանի գեղեցիկ մի շենք։ Դա ճարտարապետ Լ. Ն. Շապովալովի նախագծով 1912 թվականին վաճառական Իվան Վասիլևիչ Տիխոմիրովի կառուցած նախկին «Վիլլա Ելենա» է։ Վիլլայի շինարարությունն ավարտվել է 1912 թվականի աշնանը։ Այդ պահին «Վիլլան» Յալթայի ամենաբարձր շենքն էր, ուներ սեփական այգի և վերելակ[4] (դա Յալթայի առաջին վերելակն էր[2])։ 1912-1918 թվականներին «Վիլլա Ելենան» հյուրընկալել է նշանավոր մարդկանց` որպես 1-ին կարգի հյուրանոց, որը ղեկավարում էր վաճառական Տիխոմիրովի կինը` Ելիզավետա Իվանովնան[4]։

2009 թվականին, քաղաքի օրվա տոնակատարության շրջանակներում, Չեխովի փողոցում բացվեց հանքային ջրով աղբյուրածածկ (բյուվետ)։ Հանքային ջուրը աղբյուրածածկ է հասնում 200 մ խորությունից և ունի հիդրոկարբոնատային բաղադրություն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Улица им. Чехова». Վերցված է 2019 Փետրվար 22-ին.
  3. «Евангелическо-лютеранская церковь (кирха)». Վերցված է 2019 Փետրվար 22-ին.
  4. 4,0 4,1 «Вилла «Елена»».