Չար կատակ (ֆիլմ, 1976)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չար կատակ
ռուս.՝ Розыгрыш
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և մելոդրամա
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Մենշով[1]
Սցենարի հեղինակՍեմյոն Լունգին
ԴերակատարներԴմիտրի Խառատյան, Նատալյա Վավիլովա, Անդրեյ Գուսև և Եվգենիա Խանաևա
ՕպերատորՄիխայիլ Բից
ԵրաժշտությունԱլեքսանդր Ֆլյարկովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն91 րոպե

«Չար կատակ» (ռուս.՝ «Розыгрыш»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, Վլադիմիր Մենշովի առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը, որը նկարահանվել է 1976 թվականին և էկրան է բարձրացել 1977 թվականի հունվարի 10-ին[2]։

1977 թվականին դարձել է կինովարձույթի առաջատար (33,8 միլիոն հանդիսատես)[3][4]։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 1988 թվականի նոյեմբերի 13-ին ԿՀ Առաջին ծրագրով[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում խորհրդային սովորական դպրոցում։ Ավագ դպրոցի երկու աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունենում դպրոցի հանդերձարանում։ Այդ դեպքի քննարկման ժամանակ նրանցից մեկը՝ դպրոցական անսամբլի ղեկավար Իգոր Գրուշկոն, ասում է, որ դա ոչ թե ծեծկռտուք էր, այլ հատուցում։

Պարզվում է, որ ամեն ինչ սկսվել է անվնաս թվացող մի կատակից։ Ֆիլմի իրադարձություններին նախորդող հանգստյան օրերին մոսկովյան դպրոցներից մեկի 9-րդ «բ» դասարանի աշակերտները հավաքվել էին երեկույթի։ Երեկույթը ձգձգվել է, և տղաները չեն կարողացել պատրաստվել երկուշաբթի օրը նշանակված մի շարք ստուգողական աշխատանքների։ Դասարանի լիդեր Օլեգ Կոմարովսկին առաջարկում է ուսուցիչների հետ պայմանավորվել ստուգողական աշխատանքները մեկ այլ օր տեղափոխելու մասին, և քանի որ անհնար էր պայմանավորվել մաթեմատիկայի ուսուցչի և 9-րդ «բ» դասարանի ուսուցիչ Մարիա Վասիլևնա Դևյատովայի հետ, նա առաջարկում է փորձել խաբել Մարիա Վասիլևնային՝ ասելով նրան, թե նա իբր չի նախազգուշացրել ստուգողական աշխատանքի մասին։ Նրանց ծրագրածն իրականացվում է, և բոլորը, այդ թվում՝ Կոմարովսկին, հաստատում են, որ ստուգողական աշխատանքի մասին ոչինչ չի ասվել իրենց։ Ամեն ինչ բացահայտվում է պատահականության արդյունքում։ Ուսուցիչը, որն արդեն հասցրել էր ներողություն խնդրել իններորդ դասարանցիներից, սկսում է բացատրել նոր թեմա և հանկարծ անսպասելիորեն հարցնում է համեստ ու ամաչկոտ Տայա Պետրովային (որին դասարանում անվանում էին «խև»՝ իր հիվանդոտ լինելու պատճառով), թե արդյոք ինքը նախազգուշացրել է ստուգողական աշխատանքի մասին։ Տայան չի կարողանում ստել և արտասվում է։ Մարիա Վասիլևնան հասկանում է, որ իրեն խաբել են։ Վրդովված աշակերտների դաժանությունից՝ Մարիա Վասիլևնան այն բոլոր աշակերտներին, ում հարցրել էր ստուգողականի մասին, այդ թվում նաև Կոմարովսկուն մեկ է նշանակում՝ դասարանին ամար բացատրելով ստի անընդունելի լինելու և տեղի ունեցածի անբարոյականության մասին. «Այնուամենայնիվ, ստուգողականը անցկացվեց։ Միայն այստեղ խնդիրները ոչ թե եռանկյունաչափական էին, այլ բարոյական։ Եվ դուք դրանք սխալ եք լուծել»։

Այդ նույն ժամանակ դասարան է գալիս նոր աշակերտ՝ Իգոր Գրուշկոն։ Նա ապրում է մորաքրոջ հետ, քանի որ մայրը մահացել է, իսկ հայրը նոր ընտանիք ունի։ Գրուշկոն տաղանդավոր երիտասարդ է. նա կիթառ է նվագում, երգեր է գրում և երազում է մի խումբ երաժիշտների խումբ հավաքելու մասին։ Ինչն էլ նա անում է՝ չնայած խոչընդոտներին։ Կոմարովսկին հասկանում է, որ իր առաջնորդի դիրքերը խարխլվում են, և փորձում է շտկել իրավիճակը։ Բայց ֆիլմի ամբողջ հակամարտությունը հիմնված է կյանքի արժեքների տարբերության վրա։ Իգորի համար արժեքավորը ճշմարտությունն է, ազնվությունը, ստեղծագործելու հնարավորությունը, աշխարհին երջանկություն բերելը։ Նա, իհարկե, այդպես չի ձևակերպում, բայց հենց դրանով է զբաղվում։ Արժե միայն լսել նրա «Թիթեռներ» երգը։ Այնինչ Օլեգի համար գլխավորը ցանկացած գնով նպատակին հասնելն է։

Ֆիլմն ավարտվում է Մարիա Վասիլևնայի 55-ամյակի տոնակատարությամբ, որի ընթացքում Կոմարովսկին, անհաջող կերպով փորձելով համոզել նրան ջնջել մեկ գնահատականը, վիրավորում է ուսուցչին ու Տայա Պետրովային և դուրս է վազում դասարանից։ «Когда уйдём со школьного двора» եզրափակիչ երգը կատարելուց առաջ Գրուշկոն վազում է Կոմարովսկու հետևից։ Նա Կոմարովսկուն գտնում է հանդերձարանում, նրանց հայացքները հանդիպում են, դրան հաջորդած ծեծկռտուքը մնում է կադրից դուրս։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենյա Խանաևա – Մարիա Վասիլևնա Դևյատովա, 9-րդ «բ» դասարանի դասղեկ, մաթեմատիկայի ուսուցիչ
  • Նատալյա ՖատեևաԿալերիա Գեորգիևնա, ուսմասվար
  • Զինովի ԳերդտԿառլ Սիգիզմունդովիչ Յոլիկով, քիմիայի ուսուցիչ
  • Գարի Բարդինֆրանսերենի ուսուցիչ
  • Պավել Վիննիկ – Սեմյոն Սեմյոնովիչ, տնտեսվար
  • Մուզա Կրեպկոգորսկայա – Ռուֆինա Անդրեևնա, ուսուցիչուհի
  • Լյուբով Միշևա – ուսուցչուհի

9-րդ «բ» դասարանի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա Վավիլովա – Տայա Պետրովա, 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի, Իգոր Գրուշկոյի սիրած աղջիկը
  • Դմիտրի ԽառատյանԻգոր Գրուշկո, 9-րդ «բ» դասարանի աշակերտ, երաժշտական խմբի ղեկավար
  • Անդրեյ Գուսև – Օլեգ Կոմարովսկի, 9-րդ «բ» դասարանի աշակերտ, դասարանի ոչ պաշտոնական լիդեր
  • Ալեքսանդր Ժիլցով – Անդրեյ Նիկիտին, 9-րդ «բ» դասարանի աշակերտ, երաժշտական խմբի անդամ
  • Նիկոլայ Կոնստանտինով – Շուրիկ Կորբուտ, 9-րդ «բ» դասարանի աշակերտ, երաժշտական խմբի անդամ
  • Արսեն Միխայլով – Իլյա Վարձիելի, 9-րդ «բ» դասարանի աշակերտ, երաժշտական խմբի անդամ
  • Եվդոկիա Գերմանովա – Դաշա Ռոզանովա, 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի
  • Իրինա Կորաբլյովա – Ալիսկա, 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի
  • Գալինա Մանուխինա – Տոմա, 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի

Այլ դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ ՏաբակովԿոմարովսկու հայրը
  • Նինա Սավիշչևա – 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի, կոմերիտկազմակերպիչ
  • Դմիտրի Նիկոլաև – Զորին-Կրոտով,9-րդ «բ» դասարանի աշակերտ, բանաստեղծ
  • Իրինա Մուրզաևա – Ֆիրա Սոլոմոնովնա, Դևյատովայի հարևանուհի
  • Վլադիմիր ՄենշովՎլադիմիր Վալենտինովիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • Ալեքսեյ Բորզունով – Մալիշև, ոստիկանության լեյտենանտ
  • Մարիա ՎինոգրադովաԱննա Եֆրեմովնա, տեխնիկական աշխատող
  • Պավել Մաքսիմենկով – 9-րդ «բ» դասարանի աշակերտ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սեմյոն Լունգին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Մենշով
  • Գլխավոր օպերատոր՝ Միխայիլ Բից
  • Գլխավոր նկարիչ՝ Բորիս Բլանկ
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ֆլյարկովսկի
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ալեքսեյ Դիդուրով

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չար կատակ» ֆիլմի սցենարը գրել է Սեմյոն Լունգինը դեռևս 1972 թվականին, սակայն դպրոցական կյանքի թեման այդ ժամանակ սպառված էր թվում[2]։ Վլադիմիր Մենշովը «Մարդն իր տեղում» (ռուս.՝ «Человек на своём месте») ֆիլմում կատարած դերով շահել է կինոստուդիայի տնօրեն Նիկոլայ Սիզովի բարեհաճությունը, և, գործանական զրույցի ժամանակ հայտարարելով նրան իր ռեժիսորական հավակնությունների մասին՝ստացել է խմբագիրների պահեստային սցենարների մի կույտ. լավագույն տարբերակը Նրան թվացել է «Չար կատակը» (չնայած հետագայում Մենշովը խոստովանել է, որ դա այնքան էլ այն ֆիլմը չէր, որը նա ցանկանում էր նկարահանել որպես իր նորամուտային աշխատանք)[6]։

Տասնհինգամյա Դմիտրի Խառատյանի համար ֆիլմում կատարած դերը դարձել է նորամուտային. նա կինոփորձերի է գնացել իր ծանոթ Գալյա Ստովբունսկայայի պնդմամբ։ Դերի համար Խառատյանի մազերը ներկել են պատճենահանման թղթով։ Նատալյա Վավիլովան և Եվդոկիա Գերմանովան խաղացել են իրենց առաջին նշանավոր դերերը։ Երիտասարդ արտիստներից ամենափորձառուն եղել է Անդրեյ Գուսևը, որն այդ ժամանակ հասցրել էր նկարահանվել չորս ֆիլմերում[2][3][6]։

Իններորդ «բ» դասարանի դասղեկի դերը շատ է ցանկացել կատարել Լիդիա Սմիռնովան, բայց Մենշովը, որն այդ դերում տեսնում էր միայն Եվգենիա Խանաևային, չի կարողացել միանգամից մերժել այդպիսի հայտնի դերասանուհուն և երկու թեկնածուներին էլ առաջարկել է մասնակցել կինոփորձերի։ Նկարահանված նյութը դիտելուց հետո ոչ միայն Մենշովը, այլև «Մոսֆիլմի» ներկայացուցիչները (որոնք հաստատում էին դերակատարների թեկնածությունները) որոշում են կայացրել դերը տալ Խանաևային[2][7]։

Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում։

  • Ն. Վ. Գոգոլի անվան թիվ 59 դպրոցում (նախկին Մեդվեդնիկովսկայա գիմնազիա), հասցեն՝ Ստարոկոնյուշեննի նրբանցք, տ. 18,
  • «Չայկա» բացօթյա լողավազանում,
  • Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի 1-ին մասնաշենքի մուտքի մոտ,
  • Խաղաղության պողոտայի 112 հասցեում գտնվող «Լել» սրճարանում[7]։

Ֆիլմի թողարկումից հետո Խառատյանն արժանացել է մեծ ժողովրդականության, ինչին նա պատրաստ չէր[3][8]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչել են կոմպոզիտոր Ա. Ֆլյարկովսկու երգերը (գրված Ալեքսեյ Դիդուրովի բանաստեղծությունների հիման վրա) «Добры молодцы» խմբի կատարմամբ[7], այդ թվում՝ հայտնի դարձած «Когда уйдём со школьного двора (Прощальный школьный вальс)» (թարգմ.՝ «Երբ հեռանանք դպրոցի բակից (Հրաժեշտի դպրոցական վայլ)»)։ Դիդուրովն այդ ժամանակ հայտնի է եղել իր «ոչ գաղափարական» հոդվածներով և բանաստեղծություններով, բայց Մենշովը (բանաստեղծ Յուրի Ռյաշենցևի հուշմամբ) պաշտպանել է նրա թեկնածությունը։ Գրվել է մոտ 30 երգ, որոնցից ֆիլմում ներառվել են հինգը[9]՝ «Когда уйдём со школьного двора…», «Бабочки», «Стрижи», «Первый дождь», «Просто сел с тобой случайно я»։

Վ. Մենշովը Խառատյանին հնարավորություն է տվել ձայնագրել իր վոկալը ստուդիայում, բայց հուզմունքից տղան չի կարողացել նոտաներին համապատասխան երգեր, և (ստուդիական ժամանակի բացակայության պատճառով) նրա փոխարեն երգել է «Добры молодцы» անսամբլի մենակատար Անատոլի Կիսելյովը[6]։ Խմբի մենակատարներից է եղել նաև Ալեքսեյ Գլիզինը[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀամԼԿԵՄ Կենտկոմի «Ալ կարմիր մեխակ» մրցանակ – 1976 թվականի լավագույն ֆիլմ երեխաների և պատանիների համար[4],
  • 1977 թվականի Ռիգայի համամիութենական կինոփառատոնի մրցանակ Եվգենյա Խանաևային կնոջ լավագույն դերակատարման համար, սցենարի համար հատուկ դիպլոմ Սեմյոն Լունգինին[4],
  • 1978 թվականին ՌԽՖՍՀ Ն. Կ. Կրուպսկայայի անվան պետական մրցանակի են արժանացել սցենարիստ Սեմյոն Լունգինը, ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, օպերատոր Միխայիլ Բիցը, դերասանուհի Եվգենյա Խանաևան[6]։

Ռեմեյք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին այս ֆիլմի հիման վրա նկարահանվել է համանուն ռիմեյքը, որում Դմիտրի Խառատյանը կատարել է Օլեգ Կոմարովսկու հոր դերը (նոր ֆիլմում՝ Կոմարով), իսկ Եվդոկիա Գերմանովան՝ Տայա Պետրովայի մոր դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0075155/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Дебют Харатьяна: культовому советскому фильму «Розыгрыш» — 40 лет». 7дней.ru. Издательство Семь Дней. 2017 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 «За кадром «Розыгрыша»: Как сложились судьбы актеров культового фильма 1970-х». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Розыгрыш. ШКОЛЬНАЯ ДРАМА». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  5. Телепрограмма. Воскресенье, 13 ноября, 19:25: «Розыгрыш». Художественный фильм. «Мосфильм», 1976 г. (Впервые) // «Говорит и показывает Москва» : газета. — 1988. — № 45. — С. 13.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Первый фильм Владимира Меньшова «Розыгрыш» стал трамплином для многих нынешних звезд и поразил откровенностью». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 «История создания фильма «Розыгрыш»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  8. 8,0 8,1 ««Розыгрыш» 42 года спустя: что осталось за кадром легендарного фильма». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  9. Сергей Нехамкин (2005 թ․ մարտի 16). «Фильм «Розыгрыш»». Известия. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Татьяна Хлоплянкина Два дебюта (Худож. фильмы «Слово для защиты». Постановка В. Абдрашитова. и «Розыгрыш». Постановка В. Меньшова) // Правда : газета. — 1976.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]