Չատոնու Թեփիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չատոնու Թեփիսի, վաղ նեոլիթյան ամենահնագույն (մեր թվարկությունից առաջ VIII հազարամյակ) բնակավայրը Հայկական լեռնաշխարհում, Հայոց Աղձնիք նահանգի Անգեղտուն գավառում, Արևմտյան Տիգրիսի աջ վտակներից մեկի ափին [այժմ՝ Թուրքիայի Դիարբեքիրի վիլայեթի Էրգանի (Արղանա) ավանի մոտ]։ 1963 թվականից ընդհատումներով պեղել է ամերիկա-թուրքական արշավախումբը՝ Ռ․ Բրեյդվուդի և Հ․ Չամբելի ղեկավարությամբ։ Չատոնու Թեփիսին 250 մետր առավելագույն տրամագծով և 4, 5 մետր բարձրությամբ օվալաձև, արհեստական բլուր-բնակատեղի է։ Ունի 5 հաջորդական հորիզոնական մշակութային շերտ։ Ստորին՝ 2-րդ և 3-րդ շերտերում, հայտնաբերվել են ուղղանկյուն, կենտրոնական սենյակից ու կից փոքր խցերից բաղկացած, մինչև 5x10 մ² մակերեսով քարակերտ տներ և 9x10 մ² չափի խոշոր կառույց, որի հատակը պատված է գունավոր խճաքարերով։ Վերին՝ 4-րդ և 5-րդ շերտերում բացվել են նույնպես ուղղանկյուն, սակայն հում աղյուսով կառուցված տներ։ 4-րդ շերտում պեղվել է նաև 6–7 փոքր սենյակից բաղկացած արհեստանոց և հայտնաբերվել տան կավե մոդել։ Չատոնու Թեփիսին յուրացնողից արտադրող տնտեսության անցման ժամանակաշրջանի բնակավայր է։ Ստորին շերտերում հանդիպում են միայն շան ոսկորներ և հացահատիկի մնացորդներ, իսկ վերին շերտերում՝ մշակովի այլ բույսերի (2 տեսակի հացահատիկ, սիսեռ, ոսպ, գլուլ և այլն) ու ընտելացված կենդանիների (ոչխար, այծ, խոզ) տեսակներ։ Չատոնու Թեփիսիից գտնվել են նաև քարե ամանների ու նախնական խեցանոթների բեկորներ (գտնված է միայն 2-րդ շերտում, մյուս շերտերում բացակայում է), քարե (կայծքար, Բյուրակն բարձրավանդակից, Սիփան, Նեմրութ սարերից բերված օբսիդիան) ու ոսկրե բազմաթիվ գործիքներ, կավե փոքր արձանիկներ, ծովախեցիներ (վկայում են Միջերկրական ծովի ափերի հետ փոխանակային կապերի մասին)։ Խոշոր հայտնագործություններ են Արդանա Մադենի հանքերից բերված պղնձի բնակտորներից կռմամբ ու գայլիկոնմամբ պատրաստված իրերը (ուլունքներ, հելուններ, ասեղներ և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png