Ունա (Սավայի վտակ)
Ունա | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 212 կմ |
Ավազանի մակերես | 9368 կմ² |
Ջրի ծախս | 202 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Սավա |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Unac River? և Sana? |
Երկրամաս | Լիչկո Սենսկա, Ունա-Սանա կանտոն և Սերբական Հանրապետություն |
Ջրահավաք | Դանուբի ավազան |
Ունա (սերբական կիրիլիցա՝ Уна), գետ Խորվաթիայում և Բոսնիա և Հերցեգովինայում։ Ընդհանուր երկարությունը 214.6 կիլոմետր է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 9829 քառակուսի կիլոմետր, ջրի միջին ծախսը՝ վայրկյանում 202 խորանարդ մետր։ Վարկածներից մեկի համաձայն՝ գետի անվանադիրը հին հռոմեացիներն են, ովքեր, նրանով հիացած, անվանել են Una, այսինքն՝ թիվ մեկ (Una).: Ըստ մեկ այլ վարկածի՝ գետի անունը առնչվում է հնդեվրոպական *unt արմատին, որ սկզբնապես նշանակել է "ալիք":
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունայի ակունքը գտնվում է Խորվաթիայում՝ Դինարյան բարձրավանդակի Ստրաժբենիցա սարի հյուսիսարևելյան լանջին։ Խորվաթիայի տարածքով չորս կիլոմետր հոսելով՝ գետը հասնում է Բոսնիա և Հերցեգովինա, դառնում բնական սահման նախ՝ վերջինիս ու Խորվաթիայի, ապա՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի միջև, մինչև որ Յասենովեց քաղաքի մերձակայքում միախառնվում է Սավային։
Վերին հոսանքում գետը լեռնային է, հոսքը բուռն է, արագ, սահանքներով առատ։ Միջին և ստորին հոսանքներում գետի ընթացքը դանդաղում է, հունը դառնում է ոլորապտույտ։ Գարնանն ու աշնանը գետը հաճախ հորդանում է, դուրս գալիս ափերից։ Ստորին հոսանքում նավարկելի է ոչ մեծ նավերի համար։
Ունայի ափերին են գտնվում Մարտին Բրոդ, Բիհաչ, Բոսանսկա Կրուպա, Բոսանսկի Նովի, Կոզարսկա Դուբիցա (նախկին Բոսանսկա Դուբիցա, Բոսնիա և Հերցեգովինա); Դվոր, Հրվատսկա Դուբիցա (Խորվաթիա) քաղաքները։
Գետի խոշոր վտակներն են Ունացը, Սանան, Կլոկոտն ու Կրուշնիցան:.
Ունան կանոնավոր կերպով դիտարկումների և ջրաբանական չափումների է ենթարկվում Խորվաթիայի տարածքում, Հրվատսկա Կոստանիցա քաղաքի մերձակայքում[1]։
Ունայի գետահովիտն աչքի է ընկնում բնական բազմազանությամբ։ Այստեղ աճում են շուրջ 170 տեսակի հազվագյուտ բույսեր, որոնցից մեկը՝ զանգակածաղկի մի յուրատիպ տեսակ գետի պատվին կոչվել է Campanula unensis: Գետի ջրերում բազմանում են 28 տեսակի ձկներ, այդ թվում՝ դանուբյան սաղմոն, որ ամենախոշորն է այդ 28 ձկնատեսակների մեջ։
Ստեղծվել է Ունայի ազգային պարկ, որը գետահովտից բացի ընդգրկում է շրջակա լեռնային կուսական անտառները։ Այս և խորվաթական Լճերի ազգային պարկի գրեթե սահմանակից լինելը այդ վայրերը դարձնում է չափազանց գրավիչ հազարավոր մարդկանց համար։ Հարևան երկու ժողովուրդների պատմական, մշակութային հոգեհարազատությունը ևս նկատի առնելով՝ երբեմն առաջարկություններ են արվում երկու ազգային պարկերի կառավարումն ու զարգացման ծրագրերի կենսագործումը համատաղ իրականացնելու վերաբերյալ[2]։
Գետի հետ կապված կարևոր իրադարձություններից է ամեն տարի անցկացվող Ունայի միջազգային ռեգատան, որի մասնակիցները նավակներով, մակույկներով, կայակներով մրցակցում են խորվաթական Վրելո Ունեից մինչև Բիհաչ ընկած հատվածում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мала енциклопедија Просвета (3 ed.)։ Београд: Просвета։ 1985։ ISBN 978-86-07-00001-2
- Марковић Јован Ђ. (1990)։ Енциклопедијски географски лексикон Југославије։ Сарајево: Свјетлост։ ISBN 978-86-01-02651-3
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Daily hydrological report»։ State Hydrometeorological Bureau of the Republic of Croatia։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-30-ին։ Վերցված է 2010-09-09
- ↑ «Peace Park Plitvice-Una: New Bridge between Bosnia-Herzegovina and Croatia»։ newsvine.com։ 2011։ Վերցված է 2012-04-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Green Visions article about Una
- Una springs in Lika region, Croatia
- Ունա (Սավայի վտակ) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ունա (Սավայի վտակ) կատեգորիայում։ |
|