Ուիլյամ Մոնտգոմերի Թոմսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Մոնտգոմերի Թոմսոն
անգլ.՝ William Montgomery Thomson
դեկտեմբերի 2, 1877(1877-12-02) - հուլիսի 23, 1963(1963-07-23) (85 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էրSeaforth Highlanders?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունԲեդֆորդ դպրոց
Պարգևներ
Ռազմական խաչ (Մեծ Բրիտանիա) և Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր

Սըր Ուիլյամ Մոնտգոմերի Թոմսոն (անգլերեն` William Montgomery Thomson, 1877–1963)` բրիտանական բանակի գեներալ-լեյտենանտ, որը 1918 թվականին եղել է Բաքվի ռազմական ղեկավար և կարևոր դեր խաղացել 1918-1919 թվականներին Հարավային Կովկասում ծավալված իրադարձություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1877 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ուիլյամ Թոմսոնը 78-րդ լեռնային գնդի կապիտան Ուիլյամ Թոմսոնի չորրորդ տղան էր։ Նրա ավագ եղբայր Հենրի Բրոթոն Թոմսոնը կանադական բիզնեսմեն և քաղաքական գործիչ էր։ Մյուս եղբայրը` Թոմաս Ուելդոն Թոմսոնը ամուսինն էր Գվինեթ Բեբբի, որը Մեծ Բրիտանիայում առաջին կին իրավաբաններից մեկն էր[1]։

Ուիլյամ Թոմսոնը կրթությունը ստացել է Անգլիայի Բեդֆորդ քաղաքի դպրոցում։ 1897 թվականից միացել է Սիֆորթի լեռնային գնդին (անգլ.` Seaforth Highlanders), 1898-ին ծառայել Սուդանում[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Ֆրանսիայում և Միջագետքում Սիֆորթի լեռնային 1-ին գնդի, 1916-1917 թվականներին` 35-րդ հնդկական բրիգադի, 1917-1918 թվականներին` 14-րդ հնդկական դիվիզիայի հրամանատար։ 1918 թվականի սեպտեմբերից եղել է հյուսիսային Պարսկաստանում, 1919 թվականի մարտից մինչև մայիսը` Հարավային Կովկասում բրիտանական զորքերի հրամանատար[1]։

1918 թվականի նոյեմբերին 2000 բրիտանական զինվորների և ռուս գեներալ Նիկոլայ Բարաթովի զորաջոկատի հետ Թոմսոնը մտել է Բաքու։ Գտնվելով Բաքվում և ապա Թիֆլիսում` ակտիվ մասնակցություն է ունեցել նորաստեղծ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև վիճելի հարցերի լուծման բրիտանական փորձերում[2]։

1920 թվականի ապրիլին դարձել է 154-րդ հետևակային բրիգադի հրամանատար, 1924 թվականի նոյեմբերին` Հնդկաստանի Ասսամ նահանգի զորքերի հրամանատար, իսկ 1925 թվականի հունիսից` 51-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար[1]։

Թոշակի է անցել 1934 թվականին, մահացել` 1963 թվականի հուլիսի 23-ին։ Թաղված է հյուսիսային Շոտլանդիայում գտնվող Քինլոսի աբբայության տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Thomson, Lieut-Gen. Sir William». Who's Who.
  2. Ռիչարդ Հովհաննիսյան «Հայաստանի հանրապետություն», հատ. 1։ Երևան, 2005 թ։