Jump to content

Շփոթվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շփոթվածություն, զգացմունքային վիճակ՝ կապված թույլից ուժեղ աստիճանի անհարմարության հետ, որը սովորաբար առաջանում է, երբ ինչ-որ մեկը կատարում է սոցիալապես անընդունելի կամ դատապարտելի արարք, որը դարձել է հանրային: Շփոթվածությունը (հաճախ համախմբում են ամոթի և մեղքի հետ), համարվում է ինքնագիտակցության հետ կապված հույզ, և, որպես արդյունք, կարող է խորապես բացասական ազդեցություն ունենալ մարդու մտքերի կամ վարքի վրա[1]։

Սովորաբար խոսքը պատվի կամ արժանապատվության կորստի (կամ այլ բարձր իդեալների) որոշակի ընկալման մասին է, բայց շփոթվածության մակարդակն ու տեսակը կախված են իրավիճակից: Շփոթվածությունն ամոթ է հիշեցնում, սակայն ունի ինտենսիվության ավելի ցածր աստիճան[2]։

Շփոթվածությունը կարող է լինել անձնային, որը պայմանավորված է անձնական գործերի, անձնական թերությունների, անհաջողությունների կամ ամաչկոտության նկատմամբ անցանկալի ուշադրությամբ: Շփոթվածության որոշ պատճառներ գալիս են անձնական արարքներից, ինչպիսիք են ստելու կամ սխալ թույլ տալու համար բռնվելը: Շատ մշակույթներում մերկ կամ անպատշաճ հագնված լինելը սթրեսային շփոթվածության ձև է: Անձնային շփոթվածությունը կարող է առաջանալ նաև այլ մարդկանց գործողությունների պատճառով, որոնք շփոթված մարդուն դնում են սոցիալապես անհարմար իրավիճակում, օրինակ՝ երբ ծնողը ընկերներին ցույց է տալիս իր երեխայի նկարները, ինչ-որ մեկին ստիպում է նվաստացուցիչ մեկնաբանություններ անել իր արտաքինի կամ վարքի վերաբերյալ, պարզել, որ նա բամբասանքի զոհ է դարձել, մերժվել է մեկ այլ անձի կողմից, հայտնվել ուշադրության կենտրոնում (օրինակ՝ հոբելյարներ, նորապսակներ) կամ նույնիսկ ականատես լինել ինչ-որ մեկի խայտառակությանը:

Անձնային շփոթվածությունը սովորաբար ուղեկցվում է կարմրությամբ, քրտնարտադրությամբ, նյարդայնությամբ, կակազությամբ և անհանգիստ շարժուձևով: Երբեմն շփոթված մարդը փորձում է քողարկել շփոթվածությունը ժպիտով կամ նյարդային ծիծաղով, հատկապես էթիկետային իրավիճակներում: Նման արձագանքն ավելի տարածված է որոշակի մշակույթներում, ինչը կարող է թյուրիմացությունների պատճառ դառնալ: Կարող են առաջանալ նաև զայրույթի զգացողություններ՝ կախված իրավիճակի ընկալվող ծանրությունից, հատկապես, եթե մարդը կարծում է, որ դիմացինը միտումնավոր ամաչեցնում է: Գոյություն ունեն մի շարք արձագանքներ, որոնցից ամենաաննշանը շփոթեցնող արարքի ընկալումն է որպես ոչ էական կամ նույնիսկ հումորային, մինչև անգամ՝ անհանգիստ կամ սարսափելի իրավիճակի:

Միջնորդավորված շփոթվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնորդավորված շփոթվածությունը դիմացինի ամոթալի գործողությունները դիտելուց առաջացած շփոթվածությունն է[3]: Ավելի հաճախ զգում են մարդիկ, որոնք հակված են կարեկցանքի[4]: Ազդեցությունն առկա է՝ անկախ նրանից, թե դիտարկվող կողմը տեղյակ է իր գործողությունների ամոթալի բնույթի մասին, թե՝ ոչ, չնայած տեղեկացվածությունը սովորաբար մեծացնում է ընկալվող անուղղակի շփոթվածությունը[5]։

Սոցիալական հոգեբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարկին և Ստաֆորդը նկարագրել են սոցիալական շփոթվածության վեց տեսակ[6]՝

  1. Անձի անձեռնմխելիության խախտումներ, օրինակ՝ երբ մարմնի մի մասը պատահաբար մերկանում է կամ տեղի է ունենում ներխուժում անձնական տարածք,
  2. Գիտելիքների և հմտությունների պակաս, օրինակ՝ մոռացկոտությունը կամ սխալները համեմատաբար պարզ առաջադրանք կատարելիս,
  3. Քննադատություն և մերժում․ կապված է ուշադրության կենտրոնում հայտնվելու հետ (ինչպես դրական, այնպես էլ բացասական ձևով),
  4. Անհարմար արարքներ, օրինակ՝ անտեղի հայտարարություններ, անփութություն և այլն,
  5. Անպարկեշտ տեսք․ վերաբերում է մարմնին, հագուստին և անձնական իրերին (օրինակ՝ ավելի հին բջջային հեռախոս ունենալը՝ համեմատած վերջին մոդելի հետ)
  6. Շրջակա միջավայրը (սոցիալական միջավայր) նույնպես կարող է շփոթվածություն առաջացնել, օրինակ, երբ կինոթատրոնում գտնվող անձը ծնողների, ընտանիքի այլ անդամների, գործընկերների հետ անհարմարություն է զգում խմբի դիտած ֆիլմի ընթացքում մերկ տեսարանների անսպասելի հայտնվելուց։

Կուպախի և Մետսի առաջարկած մեկ այլ տիպաբանություն ուսումնասիրում է շփոթվածություն առաջացնող հանգամանքների չորս հիմնական տեսակները՝

  1. Սոցիալապես անհարմար արարքներ,
  2. Դժբախտ պատահարներ,
  3. Սխալներ,
  4. Պարտքի կամ բարոյական պարտավորության չկատարում։

Ելնելով այս տեսակներից՝ Կուպախը և Մետսը դասակարգում են շփոթության երկու հիմնական իրավիճակներ՝ պատասխանատու գործող սուբյեկտ և պատասխանատու դիտորդ: Դերակատարի պատասխանատվության իրավիճակները անհարմարություն են առաջացնում, երբ մարդը կատարում է այնպիսի գործողություն, որը կա՛մ չի համապատասխանում հմտության մակարդակին, սոցիալական նորմերին և սպասումներին, անհամատեղելի է դերի ակնկալիքների հետ, կա՛մ համաժամանակեցված չէ սոցիալական նույնականության հետ:

Հուդայականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայականության մեջ մեկ այլ անձի խայտառակելը համարվում է լուրջ մեղք: Բաբելոնյան Թալմուդում մեջբերված ռաբբիները պնդում են, որ մեկ այլ անձի հասարակական շփոթվածություն պատճառելը նման է սպանության (բառացիորեն «արյուն թափելու»): Ռաբբի Նահման բար Իցհակն ի պատասխան նշում է, թե որքան տեղին է «արյուն թափելու» անալոգիան, քանի որ երբ մարդը շփոթված է, նրա դեմքը դառնում է ավելի գունատ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Embarrassment». Psychology Today. Վերցված է 2022-01-21-ին.
  2. Хоуэллс, 2023, էջ 263
  3. Ahmet Uysal, Gülçin Akbas, Elif Helvacı, and Irem Metin, Validation and correlates of the vicarious embarrassment scale Արխիվացված է Դեկտեմբեր 15, 2019 Wayback Machine-ի միջոցով:, Personality and Individual Differences 60 (2014), pp. 48-53
  4. EurekAlert!, Your flaws are my pain Արխիվացված է Ապրիլ 26, 2021 Wayback Machine-ի միջոցով:, 13 April 2011
  5. Sören Krach, Jan Christopher Cohrs, Nicole Cruz de Echeverría Loebell, Tilo Kircher, Jens Sommer, Andreas Jansen, and Frieder Michel Paulus, Your Flaws Are My Pain: Linking Empathy To Vicarious Embarrassment Արխիվացված է Օգոստոս 27, 2020 Wayback Machine-ի միջոցով:, PLoS ONE, 13 April 2011
  6. Withers, Lesley. «Embarrassment: The Communication of an Awkward Actor Anticipating a Negative Evaluation». Human Communication. 11 (2): 237–254.
  7. . էջեր 58b–59a. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |заглавие= ignored (օգնություն); Unknown parameter |ссылка= ignored (օգնություն) Արխիվացված է Սեպտեմբեր 8, 2023 Wayback Machine-ի միջոցով:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лоуренс Хоуэллс Эмоции, которые нами управляют.Как не попасть в ловушки гнева, вины, печали. Когнитивно-поведенческий подход. = Lawrence Howells. Understanding Your  Emotions: CBT for Everyday Emotions and Common Mental Health Problems.. — М.: Альпина Паблишер, 2023. — 342 с. — ISBN 978-5-9614-7746-7