Շտեֆան Սվիտեկ
Շտեֆան Սվիտեկ | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 23, 1960 |
Ծննդավայր | Podbrezová, Brezno District, Սլովակիա |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Մահվան ամսաթիվ | հունիսի 8, 1989 (29 տարեկան) |
Մահվան վայր | Բրատիսլավա |
Պատիժ | մահապատիժ |
Սպանություն |
Շտեֆան Սվիտեկ (չեխ․՝ Štefan Svitek, հունվարի 23, 1960, Podbrezová, Brezno District, Սլովակիա - հունիսի 8, 1989, Բրատիսլավա), չեխոսլովակ ռեցիդիվիստ, որը 1987 թվականին ծայրահեղ դաժանությամբ սպանել էր իր հղի կնոջը և երկու դուստրերին։ Այդ հանցագործության համար դատապարտվել է մահապատժի։ Չեխոսլովակիայի տարածքում վերջին մահապատիժն է եղել (այդ թվում՝ երկրի բաժանումից հետո ընկած ժամանակահատվածում)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտեֆանի հայրը հարբեցող էր, և նա մեծացել էր ընտանեկան բռնության մթնոլորտում։ Այս տեսակի վարքագծին սովոր լինելով՝ նա այն համարել է նորմալ։ Դեռևս դեռահաս տարիքում դատապարտվել է մի քանի հանցագործությունների համար, այդ թվում՝ գողության և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածները տևել են ոչ ավելի, քան մեկ տարի։ Իրականացված ամենամեծ հանցագործությունը մտավոր հետամնաց կնոջ բանտարկությունն էր, որին նա պարբերաբար բռնաբարում էր։
Առնվազն մեկ անգամ անցել է ալկոհոլիզմի բուժման և հոգեբուժական կլինիկայում բուժման կուրս։ Ամուսնացել է Մարիա անունով գնչուական ծագմամբ կնոջ հետ, որն առաջին ամուսնությունից դուստր ուներ։ Ամուսինները տեղափոխվել են Բանսկոբիստրիցկի երկրամասի Բրեզնո քաղաք։ Շուտով Սվիտեկն սկսել է իրեն խիստ ագրեսիվ պահել ընտանիքում։ Պարբերաբար ծեծել է կնոջն ու դուստրերին (ամուսինները 1983 թվականին դուստր են ունեցել)[1]։
Սպանություն, դատ և մահապատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրվա առաջին կեսին՝ 1987 թվականի հոկտեմբերի 30-ին, Սվիտեկն իր ընկերոջ հետ սղոցել և փայտ են ջարդել իր ծանոթի վառելիքի համար։ Աշխատանքի համար նրանք երկու շիշ հաղարջի գինի են ստացել, որով գնացել են պանդոկ։ Այնտեղ նրանք երկարուձիգ խմել են ստացված ալկոհոլը և պատվիրել ևս մի քանի բան։ Այնուհետև գնացել են «Գրոն» հյուրանոց, որտեղ խմել են մինչև փակվելը։ Տան ճանապարհին հարբած Սվիտեկն ընկել է ու քնել նստարանի վրա։ Նրա ընկերը հեռացել է։ Մոտ մեկ ժամ անց, ցրտից արթնանալով, նա տուն է գնացել, որտեղ չի հայտնաբերել հղի կնոջը և երկու դուստրերին (չորս և վեց տարեկան)։ Հետո նա պարզել է, որ նրանք իրենից թաքնվել են ամառային շինությունում, որի դռները փակված են եղել։ Շտեֆանը սկսել է թակել դուռը, սակայն կինը նրա վրա բղավել է, որ հեռանա։ Դա նրան զայրացրել է, և նա որոշել է կոտրել դուռը։ Բերելով կացինը՝ Շտեֆանը բացել է դուռը և սկսել հայհոյել իր կնոջը դուռը չբացելու համար։ Կինը երես է թեքել Շտեֆանից՝ չպատասխանելով նրան[2]։
Շտեֆանն ըստ երևույթին կորցրել է իր ինքնավերահսկողությունը և կնոջը կացնով 16 հարված է հասցրել՝ գլուխը գրեթե առանձնացնելով մարմնից։ Այնուհետև նկատելով, որ աղջիկներն արթնացել են, նա հարձակվել է նրանց վրա։ Իրեն մոտիկ գտնվողին կացնով հարվածել է երեք անգամ, մյուսին՝ չորս անգամ։ Արյան տեսքն ուժեղ սեռական գրգռում է առաջացրել նրա մոտ։ Մյուս սենյակից բերած խոհանոցային դանակներով կտրել է կնոջ վիզն ու որովայնը, պոկել է նրա աղիքները և նետել հատակին։ Այնուհետեւ կտրել է կուրծքը, որը նույնպես գցել է հատակին։ Մարմնի մեջ վեց ամսական պտուղ կար, որը դեռ շարժվում էր։ Դանակի օգնությամբ Շտեֆանը նրա փորոտիքն էլ է հանել։ Կնոջ մարմնի հետ գործողություններ կատարելու ժամանակ նրա մոտ օրգազմ է սկսվել։ Դրանից հետո նա որոշել է աղջիկների մարմինները փաթեթավորել ջուտային պարկերով և տանել անտառ։ Արդեն տան մոտ կրկին սեռական ցանկություն է առաջացել, և նա, աղջիկներին տան հյուրասենյակ տեղափոխելով, նրանց պայուսակներից գցել է գետնին։ Դանակով նա բացել է նրանց որովայնը և հանել ներքին օրգանների մի մասը։ Նրանց դրել է իր շուրջը։ Նա բռնաբարել է մեռած մարմինները և ձեռնաշարժությամբ զբաղվել դրանց վրա՝ կտրելով մարմինների կտորները և դանակով դրանք պատառիկների վերածել[1][2]։
Սվիտեկը գնացել է տուն, որտեղ լվացվել է, սրբել սվիտերի արյունը, փոխել է կեղտոտ հագուստը, որը նա թաքցրել է տան դիմաց գտնվող ցախի կույտի մեջ։ Դրանից հետո լքել է քաղաքը։ Սվիտեկը գնացել է լքված հայրական տուն, որտեղ հարբել է և որոշել ինքնասպան լինել, բայց հարբելով քնել է։ Հաջորդ օրը նա ջարդել է մեկ այլ տուն, որտեղ էլ թաքնվել է։ Այնտեղ նա գտել է «Ալպայի» շիշ, որը խմելուց հետո որոշել է կախվել, բայց սկզբից դանակի օգնությամբ իրեն կրտել է։ Այնուհետև նա կառուցել է փայտամած և փորձել է կախվել, բայց պարանը չի պահել։ Սվիտեկը մեծ բարձրությունից ընկել է, գլխով հարվածել և կորցրել գիտակցությունը։ Երբ նա ուշքի է եկել, տան մոտ լսել է բեռնատարի աղմուկը և որոշել է փախչել[3]։ Այդ ժամանակ Մարիայի ընտանիքն արդեն գտել է մարմինները, և Սվիտեկին փնտրում էր ոստիկանությունը։ Թուլացած լինելով աճուկի վերքից առաջացած արյան կորստից`ճանապարհի մոտ կանգնած Սվիտեկին գտել է պարեկային մեքենաներից մեկը։ Նա տեղափոխվել է հարցաքննության, որտեղ խոստովանել է կատարածը։ Իր արարքում չի զղջացել և ափսոսանք չի հայտնել[1]։
Պաշտպանությունը չի կարողացել մեղմել նրա դատավճիռը։ Բանսկա Բիստրիցա քաղաքի շրջանային դատարանը Շտեֆան Սվիտեկին դատապարտել է պատժի առավելագույն չափի՝ մահապատժի։ Դատավճիռն ի կատար է ածվել Բրատիսլավայում, թեև սպանվածի հարազատները համոզված էին, որ դատավճիռը չի կատարվել, և Սվիտեկը պարզապես տեղավորվել է հոգեբուժարանում։ Շտեֆան Սվիտեկը Չեխոսլովակիայում վերջին մահապատժի ենթարկվածն էր։ Չեխոսլովակիայի փլուզումից հետո ինչպես Չեխիայում, այնպես էլ Սլովակիայում, չեն իրականացվել մահապատժի դատավճիռներ[4]։
Շտեֆան Սվիտեկի հանցագործության մասին ֆիլմը թողարկվել 2012 թվականին «Najväčšie kriminálne prípady Slovenska» փաստավավերագրական հեռուստասերիալում[1]։