Շունն ու ծիտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շունն ու ծիտը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ՏեսակԻրապատում հեքիաթ
ԺանրՀեքիաթ
Բնօրինակ լեզուԳերմաներեն-ռուսերեն
ԼեզուՀայերեն
Կերպար(ներ)

Գամփռ Ծիտ

Կառապան
Ստեղծման տարեթիվ1910-ական թթ.
ԵրկիրՀայաստան
ՎիքիդարանՇունն ու ծիտը

«Շունն ու ծիտը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից է, որը տպագրվել է 1910-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շունն ու ծիտը», գերմանական ժողովրդական հեքիաթ է, որը Հովհաննես Թումանյանը թարգմանել է ռուսերենից 1910-ական թվականներին։

Պահպանվել է հեքիաթի սևագիր ինքնագիրը, վերջից՝ թերի (ԳԱԹ ԹՖ)։ Առաջին անգամ հրատարակվել է «Հոկտեմբերիկ» հրատարակչությունում 1936 թվականին «Անտիպ հեքիաթներից» ենթավերնագրով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի գամփռ է լինում, որը շատ վատ տեր է ունենում։ Տերը գամփռին օրերի մեծ մասը սոված է պահում և գամփռը վեր է կենում ու կորչում։ Ճանապարհին մի ծտի է հանդիպում։ Ծիտն ասում է, թե ինչու է այդքան տխուր շունը։ Շունը պատասխանում է, որ սոված է և ուտելու ոչինչ չկա։ Ծիտն ասում է, որ միասին գնան քաղաք․ ուտելու բան կգտնի շան համար։ Գամփռը և ծիտը միասին գնում են քաղաք, մոտենում են մսավաճառի խանութին և ծիտը գնում է, որ շան համար մի կտոր միս թռցնի։ Ծիտը մտնում է խանութ, մի կտոր միս է թռցնում։ Շունը վերցնում է միսը, վազում մի անկյուն և ուտում։ Ծիտը շանն ասում է, որ միասին գնան մի ուրիշ խանութ, այնտեղ էլ մի կտոր միս ճանկի շան համար։ Այս երկրորդն էլ շունը ուտում է և ծտին ասում, որ էլ միս չի ուզում, բայց որ հաց լիներ՝ կուտեր։ Ծիտն ասում է, որ գնան և հաց էլ կճարի շան համար։ Ծիտը շան համար երկու հաց է թռցնում փռնից, սակայն ուտելուց հետո կրկին է հաց ուզում։ Ծիտը այլ փռնից է հաց թռցնում շան համար։ Շունը կշտանում է և առաջարկում է, որ գնան քաղաք։ Ծիտը և շունը գնում են քաղաք՝ զբոսնելու։ Երբ մի փոքր զբոսնում են, շունը հոգնում է և ճամփին քնում է։ Այդ ժամանակ դուրս է գալիս մի մարդ, որ կառքով՝ երեք ձի լծած, երկու տակառ գինի է տանում։ Ծիտը տեսնում է, որ կառապանը չի ուզում ճամփու մի կողմը ծռվի, ուղղակի քշում է քնած շան վրա, ճչում է, որ այն կողմը քշի, թե չէ հետո իրեն կհասնի, իսկ կառապանը պատասխանում է, որ նրանից հետո պետք է   իրեն հասնի՞[2]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գամփռ
  • Ծիտ
  • Կառապան

Թումանյանը հեքիաթագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի արձակ գործերի շարքում իրենց կարևոր տեղն ունեն հեքիաթները։ Ընդհանուր գրականության պատմության մեջ մի Շարլ Պերո, մի Անդերսեն շատ բարձր են գնահատվել, մինչդեռ հայ հեքիաթագիրները հարկ եղած ուշադրության չեն արժանացել, ինչպես և հայ առակագիրները։ Եզովպոսի կողքին Լաֆոնտենը և Կռիլովը ընդհանուր ճանաչումն ունեն և արժանի հռչակ են վայելում, մինչդեռ Մխիթար Գոշը, մանավանդ Վարդան Այգեկցին առակագրության ժանրի գրականության բնագավառում իրենց պատշաճ տեղը դեռ չեն գրավել։ Թումանյանը իբրև հեքիաթագիր նույնպես մեծ նորություններ է բերում։ Նա, առավելապես հետևելով Պուշկինի օրինակին ու նրա ստեղծած ավանդույթներին, պահպանում է ռեալիզմը նաև հեքիաթագրության մեջ։ Նա գերազանցապես գրում է իրապատում հեքիաթներ և կարելի է ասել այդ տեսակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։ Առհասարակ Թումանյանը հեքիաթագրության մեջ մեծապես տարբերվում է Աղայանից, որը ռոմանտիկ էր և հաճախ չէր պահպանում հեքիաթի ժանրային առանձնահատկություններն ու ժողովրդական ոգին, այլ մշակվող հեքիաթի մեջ մտցնում էր իր գաղափարները և որոշ չափով էլ պատմության տարրեր։ Մինչդեռ Թումանյանը, նույն ժողովրդական հեքիաթի բազմաթիվ տարբերակներ համեմատելով, ամեն կերպ ձգտում էր բացահայտել նրա բուն էությունը և զտել խորթ ու անհարիր մոտիվներից։ Սա, իհարկե, ստեղծագործական ու իմացական շատ ավելի մեծ ջանքեր էր պահանջում։ Թումանյանը, եթե նկատի չունենանք 1894 թ. տպագրված «Անխելք մարդը», իր մյուս բոլոր հեքիաթները գրել է1907-1914 թթ., այսինքն ստեղծագործական կատարելության տարիներին։ Թեպետ դրանց մի զգալի մասը գրված են դպրոցական տարիքի ընթերցողների և դասագրքերի համար, բայց միևնույն է, իրենց բարոյական խորհրդով ու կյանքի ճանաչողության իմաստով մեծերին էլ կարող են գեղագիտական մեծ հաճույք պատճառել։

Թումանյանի բոլոր հեքիաթները հարուստ են գործողությամբ և սյուժեի վերին աստիճանի աշխույժ ու համակող զարգացման ընթացք ունեն։ Նաև գործողության ձևի դրամտիկանացումը, դիալոգների առատությունը պետք է որ դպրոցական տարիքի երեխաների համար արտակարգ հետաքրքրական ու սիրելի դարձնեն գործը[3]։

Թումանյանը թարգմանիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ թարգմանական գրականության պատմության շղթայում, անշուշտ, իրենց կարևոր բաժինն ունեն հայերեն թարգմանված հեքիաթները, մանկական զրույցներն ու պատմությունները։ Եվ այս շարքում իր ուրույն տեղն ունի Հովհաննես Թումանյանը՝ որպես բացառիկ թարգմանիչ։ Նա թարգմանել և փոխադրել է տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ ռուսական, գերմանական, իռլանդական, իտալական, արաբական, հնդկական, ճապոնական և այլ հեքիաթներ։ Պատասխանատվության մեծ զգացումով մոտենալով հեքիաթների թարգմանության գործին՝ վստահաբար, մշտապես ուսումնասիրել և ծանոթ է եղել առկա այլ թարգմանությունների, որոնք տպագրվում էին հայերեն՝ առանձնատիպ հրատարակությամբ կամ մանկական հանդեսներում ու ժողովածուներում։ Բանաստեղծի թարգմանական գործերը, այդ թվում՝ թարգմանական հեքիաթները, թումանյանագիտության մեջ հաճախ են եղել քննության առարկա։ Թարգմանական հեքիաթների նմուշների քանակը մեծ չէ։ Դրանց թիվը հասնում է մոտ երկու տասնյակի։ Հայերեն թարգմանված հեքիաթներին ծանոթանալու մյուս աղբյուրները բանաստեղծի համար կարող էին լինել ժամանակի մամուլը, հատկապես մանկական հանդեսները և դասագրքերը։ Թարգմանական հեքիաթների նմուշների քանակը մեծ չէ։ Դրանց թիվը հասնում է մոտ երկու տասնյակի։ Հայերեն թարգմանված հեքիաթներին ծանոթանալու մյուս աղբյուրները բանաստեղծի համար կարող էին լինել ժամանակի մամուլը, հատկապես մանկական հանդեսները և դասագրքերը։ Թումանյանի անձնական գրադարանի ֆոլկլոր բաժնում պահպանված ամենից վաղ թարգմանված գործերից է «Պատմութիւն Պղնձէ քաղաքին» ժողովածուն, որը հրատարակվել է 1857 թ. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տպարանը։ Թումանյանի անձնական հավաքածուում գտնվող օրինակի վրա նկատելի չէ թարգմանչի անունը։ Ի դեպ՝ տևական ժամանակ առհաարակ որևէ թարգմանական հրատարակության դեպքում թարգմանչի, երբեմն նաև բնագրի հեղինակի ինքնությունը երկրորդված է եղել ստեղծագործության բովանդակության փոխանցման գաղափարին։ Մասնագիտական դաշտում ընդունված է հայ թարգմանական հեքիաթի պատմության սկիզբը պայմանականորեն համարել արաբերեն այս երկի թարգմանությունը։ Եվ, անշուշտ, այն պետք է դառնար Թումանյանի հատուկ հետազոտության նյութը թե՛ բովանդակային, թե; թարգմանական մոտեցումների տեսանկյունից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1936). Երկերի լիակատար ժողովածու, 10 հատորով. Vol. 5. Երևան: ՀՀ ԳԱԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ հր. էջ 817.
  2. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու, 10 հատորով. Vol. 5. Երևան: ՀՀ ԳԱԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ հր. էջեր 575–577.
  3. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող հր. էջեր 293–295.
  4. Եղիազարյան, Անի. «Հայերեն թարգմանված հեքիաթների նմուշները Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանում» (PDF). էջեր 68–70. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.