Jump to content

Շլյոսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շլյոսլի
Նկարագրություն
Տեսակկառույց, դղյակ և աշտարակ
ՀասցեSchlossplatz 23, 5000 Aarau
Վարչական միավորԱրաու[1]
Երկիր Շվեյցարիա
Համալիրի մասԱրաուի մշակութային արժեքների ցանկ
Կառուցված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Schlössli Aarau Վիքիպահեստում

Շլյոսլի (գերմ.՝ Schlössli), ամրոց Շվեյցարիայի Արաու քաղաքում (Արգաու կանտոն)։ Գտնվում է հին քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում։ Ամրոցը կառուցվել է 13-րդ դարում և հանդիսանում է քաղաքի ամենահին պահպանված շինությունը[2]։ Ներկայումս այդտեղ է գտնվում Արաուի պետական թանգարանը։

Ըստ դենդրոխրոնոլոգիական ուսումնասիրությունների՝ այս վայրում 13-րդ դարում եղել են քարե ամրություններ՝ կոմս ֆոն Կիբուրգի կողմից Արաու քաղաքի հիմնադրումից ի վեր։ Հավանաբար ամրոցը նախատեսված է եղել որպես քաղաքային միջնաբերդ։ Սակայն մի շարք հետազոտողների կարծիքով, այդ վայրում ամրություններ կարող էին լինել դեռևս 11-րդ դարում։ 1263 թվականին ֆոն Կիբուրգների տոհմի կործանումից հետո քաղաքը և ամրոցն անցել են Հաբսբուրգների տիրապետությանը։ Շլյոսլիի մասին առաջին փաստերով հիմնավորված հիշատակումը որպես «հին աշտարակ» կատարվել է 1334 թվականին։ «Հին աշտարակ» անվանումը սկսել է այն տարբերել ավելի նոր աշտարակից (Ռորե աշտարակ), որն այժմ ինտեգրված է քաղաքապետարանի շենքին։

Ժամանակի ընթացքում ամրոցի տերերը մի քանի անգամ փոխվել են։ Մինչև 16-րդ դարի կեսերը հիմնականում խոսքը գնում էր ազնվականների ընտանիքների մասին, նույնիսկ այն բանից հետո, երբ 1415 թվականին կոնֆեդերատների (Շվեյցարիայի միության կողմնակիցներ) կողմից գրավվել են Արգաուն։ Ամրոցը պատկանել է ֆոն Կինբերգ, ֆոն Հայդեգ, ֆոն Շումեր և ֆոն Լյուտերնաու ընտանիքներին։ Հետագայում Շլյոսլին ծառայել է որպես Արաուի տարբեր բուրգերական ընտանիքների, այդ թվում՝ Շմուտցիգերի և Հունցիկերի նստավայր։ 17-րդ դարի սկզբին աշտարակի վերնաշենքը թարմացվել է և կառուցվել է վրանաձև տանիք։ 1624 թվականին Բեռնի ամրոցի շինարար Վալենտին Ֆրիդրիխը վերակառուցում է իրականացրել, ինչպես նաև վերանորոգել է քարե շարվածքը։

Նոր ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյվիդ Ալոիս Շմիդ (1791–1861): Տեսարան Արաուից, Արաուի պետական թանգարանի հավաքածու

1790 թվականին մետաքսե ժապավենների գործարանների սեփականատեր Յոհան Ռուդոլֆ Մեյերը գնել է Շլյոսլին։ Նա ավելացրել է ևս մեկ հարկ, ինչպես նաև վերանորոգել է տանիքը և արևելյան կողմից կառուցել է ծածկած սանդուղք։ Ի թիվս այլ բաների, շենքում գործել է Մեյերի կողմից ֆինանսավորվող քարտեզագրական գրասենյակը։ Այնուհետև 1802 թվականին այն եղել է Ամթաուսում բացված դպրոցի սաների համար պանսիոնատ[3]։

1808 թվականին ամրոցն անցել է Գերոզ ընտանիքի տնօրինությանը։ 1862 թվականին Շլյոսլին ձեռք է բերել գնդապետ Էմիլ Ռոթպլեցը։ Ի վերջո, 1930 թվականին ամրոցը նվիրաբերվել է Արաու համայնքին։ Հիմնովին վերակառուցումից հետո 1939 թվականին այստեղ բացվել է քաղաքի թանգարանը։ 1976 թվականին Շլյոսլիից հարավ-արևելք կառուցվել է Բյոցենի պատմական ջրաղացի կրկնօրինակը։ 1978-1980 թվականներին վերականգնվել են թանգարանի ճակատային մասերը, իսկ 2000 թվականին՝ տանիքը։

2007 թվականին Արաուն անցկացրել է քաղաքի թանգարանի ընդլայնման նախագծերի մրցույթ։ Հաղթել է Diener & Diener Architekten Martin Steinmann ճարտարապետական բյուրոյի նախագիծը, որն ավարտվել է մինչև 2015 թվականը։ Ցուցահանդեսային տարածքներն ընդլայնվել են, կառուցվել է նոր սանդուղք և վերելակ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի հիմքը համարվում է լավ պահպանված 25 մետրանոց միջնադարյան բնակելի աշտարակը։ Այն կառուցված է կրաքարով և կոպտատաշ քարերով։ Աշտարակն ունի քառակուսի հիմք՝ 11,25 մետր կողմով։ Մինչև 17 մետր բարձրությունը պահպանվել է նախնական շարվածքը։

Հարավային պատի երկրորդ և երրորդ հարկերի պատուհանները կառուցվել են ուշ գոթական ոճով։ Վերջին հարկը կառուցվել է 1790 թվականին և ի սկզբանե սվաղված է եղել։

Հյուսիսային կողմից աշտարակին կից բնակելի շենք կա, որի առաջին հարկն ունի նույն պատի հաստությունը, ինչ աշտարակը։ Սակայն վերին երկու հարկերի պատերը համեմատաբար ավելի բարակ են։ 1790 թվականին կառուցվել է աստիճանավոր աշտարակ, որն արևելյան կողմից հարում է գլխավոր աշտարակին։ Ամրոցին կարելի է մոտենալ 19-րդ դարի ծածկված փայտե կամուրջով, որը կառուցվել է նախկին ամրոցային խրամատի վրա։

Շլյոսլիի անմիջական հարևանությամբ է գտնվում Շլոսգարթենի շենքը, որը հայտնի է նրանով, որ 1798 թվականին եղել է Հելվետական հանրապետության կառավարության նստավայրը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Stettler, Michael Die Kunstdenkmäler des Kantons Aargau. Band I (Bezirke Aarau, Kulm, Zofingen). Hrsg.: Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte. — Birkhäuser Verlag, Basel, 1948. — С. 30-34.
  • Ortsbürgergemeinde Aarau (Hrsg.): Aarauer Neujahrsblätter 2016, 2. Folge, 90. Jahr. — Hier und Jetzt, Baden, 2015. — С. 7-48.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Swiss Inventory of Cultural Property of Regional Significance, February 2017Swiss Federal Office for Civil Protection, 2018.
  2. Stettler, 1948
  3. Franz Xaver Bronner: Der Kanton Aargau. 2. Band, St. Gallen/Bern 1844, S. 13.