Հելվետյան հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հելվետյան հանրապետություն
ֆր.՝ République helvétique
 Շվեյցարական միություն ապրիլի 12, 1798 - փետրվարի 19, 1803 Շվեյցարիա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լյուցեռն
Լեզու գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն
Ազգություն շվեյցարացիներ
ֆրանսիացիներ
Կրոն քրիստոնեություն
Արժույթ ֆրանկ
Իշխանություն
Պետական կարգ Հանրապետություն

Հելվետյան հանրապետություն (ֆր.՝ République helvétique), պատմական երկիր ժամանակակից Շվեյցարիայի տարածքում, որը գոյություն է ունեցել ընդամենը հինգ տարի՝ 1798-1803 թվականներին[1]։ Վերջինիս ստեղծումը ենթադրում էր Շվեյցարիայում կենտրոնական իշխանության հաստատման նախնական փորձ։ Այն կազմված էր հատուկ ինքնակառավարման համակարգ ունեցող մարմիններից՝ կանտոններից, որոնք միավորվում էին ազատ ռազմական դաշինքի շուրջ։

Ֆրանսիացիների Շվեյցարիա ներխուժելուց հետո այս երկիրը դարձավ Ֆրանսիայի դաշնակիցը՝ Հելվետյան հանրապետություն անվան տակ։ Հանրապետության անվանումը կապված էր նախապատմական Շվեյցարիայի տարածքը ասպատակած հելվետյան ցեղերի անունից։ Հայտնի է, որ ժամանակ առ ժամանակ Շվեյցարական միությունը անվանվում էր նաև Հելվետյան միություն (Republica Helvetiorum): Այս ժամանակահատվածում Հելվեցիան համարվում էր Շվեյցարիայի ազգային խորհրդանիշներից մեկը։ Այս հանգամանքի մասին առաջին հիշատակումները եղել են 1672 թվականին[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 12-ին շվեյցարական 10 գավառների ներկայացուցիչները հավաքվել են Առաուում, որտեղ էլ վերջիններիս նախաձեռնությամբ ընդունվել է Շվեյցարիայի Հանրապետության սահմանադրությունը, որը երկիրը սահմանում էր, որպես միասնական և անբաժանելի պետություն։ Նոր սահմանադրությունը ստեղծեց հավասար իրավունքներ բոլոր քաղաքացիների համար, համապարտադիր օրենքներ, խղճի ազատություն, մամուլի ազատություն, ինչպես նաև ազատ առևտրային համակարգ։ Մեկ խոսքով Շվեյցարիան դարձավ ժողովրդավարական և իրավական պետություն։ Օրենսդիր իշխանությունը պատկանում էր ժողովրդաընտիր սենատին և մեծ խորհրդին, իսկ գործադիր իշխանությունն իրենց միջև կիսում էին 5 կառավարության անդամները։ Վերջիններս իրենց հերթին ընտրում էին նախարարներ և զորքերի հրամանատարներ, նշանակում ինքնակառավարման մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր գավառում։ Գավառներն իրենց հերթին բաժանվում էին շրջանների, իսկ շրջանները՝ համայնքների։

Ի սկզբանե Շվեյցարիայի միությունը կազմված էր 13 գավառներից։ Ֆրանսիայի հեղափոխական պատերազմները թողել են իրենց ահռելի ազդեցությունը այս երկրի արտաքին և ներքին քաղաքականության և ընդհանուր կայունության ապահավման վրա։ 1789 թվականի ապրիլին Ֆրանսիան Շվեյցարիայից պահանջեց իրեն միացնել մի շարք շվեյցարական գավառներ, այդ թվում և Ժնևը։ Այդ գավառների կառավարությունը ևս Ֆրանսիային միավորվելու պատրաստակամություն հայտնեց։ Մերժում ստանալուց հետո շուտով ֆրանսիական կողմը դիմեց հարձակման և գրավեց որոշ շվեյցարապատկան տարածքներ։ Շուտով ֆրանսամետ շվեյցարացիների մի որոշ հատված հրաժարվեց անհավասար պայքարից և միացավ Շվեյցարական Միությանը։

Օգոստոսին ժողովրդական հուզումներ բռնկվեցին Նիդվալդենում, որը գրավվել էր ֆրանսիացիների կողմից։ Այն մեծ դաժանությամբ ճնշվեց ֆրանսիական կառավարության կողմից։ Շվեյցարական Միությունը 1798 թվականի օգոստոսի 24-ին ստիպված եղավ պաշտոնական դաշինք կնքել Ֆրանսիայի հետ, որի արդյունքում Շվեյցարիան դարձավ Նապոլեոնյան պատերազմների մաս կազմող երկրորդ կոալիցիայի պատերազմների ռազմական գործողությունների թատերաբեմ։

Շվեյցարիան 1798 թվականին հռչակվել է Հելվետյան Հանրապետություն (երկրի լատինական անվանումից՝ Հելվեցիա)։ Հանրապետության դրոշը կազմված էր կանաչ, կարմիր և դեղին հորիզոնական գծերից, իսկ զինանշանն ընտրվել է անկախության համար մղվող պայքրաի հռչակավոր գործիչ Վիլհելմ Տելիայի նկարը։ Սակայն հինգ տարիների ընթացքում հանրապետությունը բաժանվեց կանտոնների, որոնք արդեն չունեին սեփական դրոշներ։

Հելվետյան հանրապետության հռչակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական զորքերը՝ էրցհերցոգ Կառլի գլխավորությամբ արշավել են Շվեյցարիա՝ գրավելով երկրի արևելյան հատվածում։ Մարտի 30-ին աստեղ ստեղծվել է ժամանակավոր կառավարություն՝ Ցյուրիխ կենտրոնով։ Շուտով Շվեյցարիայի ազատագրության պայքարը տարածվեց նաև հասարակության շրջանում։ Վիեննայում ձևավորված Շվեյցարիայի վտարանդի կառավարությունը ֆրանսիական լծից հայրենի երկրի ազատագրումը տեսնում էր կոշտ միջոցների ձեռնարկման շնորհիվ։ Շուտով ֆրանսիական բանակին հաջողվեց ճնշել Բեռնում բռնկված ապստամբությունը։ Ազատագրական երկարատև պայքարը կործանարար ազդեցություն ունեցավ երկրի բարեկեցության վրա։ Այս շրջանում Շվեյցարիայում ամենուր իշխում էր դժգոհությունների ալիքը։ 1800 թվականի հունվարի 7-ին գործադիր իշխանությունը փոխանցվեց հատուկ կոմիտեի։ Նույն թվականի օգոստոսի 8-ին ընդունվեց համաշվեյցարական նոր սահմանադրություն, որը նպատակ ուներ փոփոխել օրենսդրական մարմնի խորհուրդը։ Գործադիր իշխանությունը իրականացնող հանձնաժողովը կազմված էր 7 ժողովրդաընտիր անդամներից։

19-րդ դարի սկզբին Հելվետյան հանրապետությունում ձևավորվեց երկու քաղաքական կուսակցություն։ Նրանցից առաջինը ունիտարներն էին, ովքեր կենտրոնացված իշխանության կողմնակիցներն էին։ Հակադիր քաղաքական ուժը ֆեդերալների կուսակցությունն էր, որի ներկայացուցիչները փորձում էին վերականգնել հին կանտոնային համակարգը։ Ֆրանսիայի առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտի հետ բանակցությունները հանգեցրեցին նրան, որ 1801 թվականի ապրիլի 30-ին վերանայվեց Հելվետյան հանրապետության սահմանադրությունը։ Գավառների մի մասին շնորհվեցին զգալի լիազորություններ։

1801 թվականի սեպտեմբերի 7-ին ունիտարները սենատում ներկայացրեցին նոր սահմանադրական ծրագիր, որը կենտրոնական իշխանությանը տալիս էր ավելի մեծ լիազորություններ՝ ինչպես նախկինում։ Սակայն պահպանողական ֆեդերալները դեմ էին դրան։ Նապոլեոն Բոնապարտը նպատակ ուներ վերացնել Շվեյցարիայի ինքնավարությունը և երկրի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում։ Քաղաքական նման պայմաններում միավորվեցին Շվեյցարիայի բոլոր քաղաքական ուժերը և զինված պայքարի միջոցով դուրս հանեցին ֆրանսիական բանակը երկրի տարածքից։ 1802 թվականի ապրիլի 17-ին ստորագրվեց եզրափակիչ ակտ, որի համաձայն Շվեյցարիան դուրս եկավ Ֆրանսիայի կազմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հելվետյան հանրապետությունը 18-19-րդ դարերում» (ֆրանսերեն). Շվեյցարիայի պատմագիտական բառարան. 2012 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Լերներ, Մարկ Հ․ Հելվետյան հանրապետությունը՝ վերակառուցումից փլուզում. — 1. — 2004. — Т. 18. — С. 50—75.
  3. Օտտո Դան, Ջոն Դիվիդի Նացիոնալիզմը Ֆրանսիական հեղափոխության տարիներին. — Continuum, 1988. — С. 183—199. — 236 с.