Շագանակագույն թղթապանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շագանակագույն թղթապանակ (գերմ.՝ Braune Mappe), հրամանների, կարգադրությունների և ծանուցումների ժողովածու, որը նացիստական տարիներին օգտագործվել է Արևելյան տարածքների հարցերով կայսերական նախարարության կողմից՝ ներքին օգտագործման համար։ Պատմագիտական գրականության մեջ հաճախ կիրառվում է նաև «Ռոզենբերգի թղթապանակ» անվամբ՝ ի հակադրություն Գյորինգի «Կանաչ թղթապանակի», որը լյուֆտվաֆեն օգտագործում էր հրամաններ և կարգադրություններ տալու համար։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շագանակագույն թղթապանակը ստեղծվել է 1941 թվականի ապրիլի 14-ին, մինչ Հայրենական մեծ պատերազմը։ Ստեղծման գործընթացը ղեկավարել է Ալֆրեդ Ռոզենբերգը՝ նացիստ քաղաքական գործիչ Լյուդվիգ Ռունտեի անմիջական մասնակցությամբ։ Թղթապանակը ստեղծվել է Արևելյան տարածքների հարցերով կայսերական նախարարության վարչական բաժնում և նացիստական ղեկավարության դատին հանձնվել 1941 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Ռունտեն զբաղեցնում էր նախարարության քարտուղարի պաշտոնը և մեծ ներդրում է ունեցել «Շագանակագույն թղթապանակի» ստեղծման գործընթացում։

Թղթապանակում հավաքված փաստաթղթերը հանդիսանում էին ընդհանուր օրենսդրական, վարչական, կազմակերպչական և քաղաքական ակտեր, այդ թվում նաև ծառայողական կարգադրություններ, հրամաններ և ծանուցումներ, որոնք վերաբերում էին Ռոզենբերգի ենթակաների ծառայողական գործունեությանը։ Փաստացիորեն, թղթապանակը իրականացրել է գործունեության և հրահանգավորման գործառույթ, որը նախատեսված եղել Օսթլանդի և Ուկրաինայի ռեյխկոմիսարիատների ռեյխկոմիսարների, գլխավոր կոմիսարների և մարզային կոմիսարների համար։ Այսինքն, թղթապանակը նախատեսված է եղել նացիստների կողմից գրավված տարածքների տարբեր պաշտոնյաների համար։ Օսթլանդի ռեյխկոմիսարիատի վարչակազմի ներկայացուցիչների համար նախատեսված գործողությունները ներառված են եղել «Շագանակագույն թղթապանակի» առաջին մասում, իսկ Ուկրաինայի ռեյկոմիսարիատի վարչակազմի ներկայացուցիչների համար նախատեսված կարգադրությունները՝ երկրորդ գլխում[1]։

Այլ «թղթապանակներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Շագանակագույն թղթապանակից» գոյություն է ունեցել նաև «Կանաչ թղթապանակը», որտեղ ներառված են եղել արևելյան բռնազավթված տարածքներում տնտեսական վարչարարության իրականացման կանոնները, այլ բառերով ասած նացիստների կողմից գրավված խորհրդային տարածքներում տնտեսական թալանի իրականացման մեխանիզմները։ Հաճախ Ռոզենբերգի «Շագանակագույն թղթապանակը» համարում են որպես Գյորինգի «Կանաչ թղթապանակի» հավելված և լրացում, որը ստեղծվել էր ավելի վաղ։ Գոյություն է ունեցել նաև «Կարմիր թղթապանակ», որտեղ ներկայացված է եղել Վերմախտի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության տնտեսական բաժնի գործողությունների ծրագիրը։ «Դեղին թղթապանակում» ներառված էին գյուղատնտեսական քաղաքականության համար պատասխանատու տարբեր բաժինների և վարչությունների համար նախատեսված ցուցումները, իսկ «Կապույտ թղթապանակում» ներկայացված էին արևելքում տնտեսական շտաբի գործունեության հետ կապված նյութերը[2]։

Ռոզենբերգի գաղափարներ, որոնք արտացոլված են «թղթապանակի» մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 1941 թվականի ապրիլի 7-ին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ներքաղաքական վարչության ղեկավար Ալֆրեդ Ռոզենբերգը (նրա նախարարությունը ստեղծվել է ավելի ուշ) առաջին անգամ ներկայացրել է ԽՍՀՄ տարածքում ռեյխկոմիսարիատ ստեղծելու մասին նախագիծը։ Այդ նախագծում Ռոզենբերգը նշում էր, որ Կովկասում անհրաժեշտ է ստեղծել ֆեդերատիվ հանրապետություն, որը կղեկավարեր նացիստական կուսակցության ներկայացուցիչը։ 1941 թվականի ապրիլի 20-ին Ռոզենբերգը նշանակվել է Արևելաեվրոպական տարածաշրջանի հարցերի հանձնակատար, իսկ հանձնակատարի վարչակազմը համալրվեց Ռոզենբերգի կողմից ղեկավարված ներքաղաքական բյուրոյի աշխատակիցներով։ Ռոզենբերգի տեղակալ է նշանակվել Գեորգ Լեյբրանդը։ 1941 թվականի հունիսի 20-ին Ալֆրեդ Ռոզենբերգը հանդես է եկել «ԽՍՀՄ դեմ նախատեսվող պատերազմում Գերմանիայի քաղաքական նպատակների և ԽՍՀՄ մասնատման մասին» ճառով։ Այդ ճառում Ռոզենբերգը մանրամասն և հանգամանալից կերպով ներկայացնում էր արևելյան տարածքների յուրացման Երրորդ Ռայխի պաշտոնական քաղաքականության հայեցակարգը։ Ռոզենբերգը վստահեցնում էր, որ արևելքում Գերմանիայի գլխավոր խնդիրը հանդիսանում էր «դեպի ազատությունը ԽՍՀՄ ազգերի խելացի և նպատակասլաց ուղղորդումը», «նրանց պետական որոշակի ձևի հաղորդումը, այսինքն այդ պետական միավորներին դուրս բերել ԽՍՀՄ կազմից և նրանց տրամադրել Մոսկվայի դեմ՝ ազատելով Գերմանական կայսրությանը արևելքից սպառնացող հնարավոր վտանգներից»։ Այդ նպատակի իրականացմանը պետք է ծառայեին 4 ռեյխսկոմիսարիատներ, որոնք, համաձայն Ռոզենբերգի սցենարի, պետք է բուֆերային գոտու դեր կատարեին Գերմանիայի և «տապալված Մոսկվայի» միջև և միաժամանակ դեպի Արևելք տեղաշարժեին Եվրոպայի ցամաքային սահմանները։ Այդ ռեյխկոմիսարիատները կարող էին կոչվել «Մեծ Ֆինլանդիա», «Մերձբալթիկա», «Ուկրաինա» և «Կովկաս»։

Ռոզենբերգի այս և մյուս պլանները ներառված են «Շագանակագույն թղթապանակի» մեջ։ Այսպիսով, «Շագանակագույն թղթապանակը» մշակվել է նախարարության քաղաքական բաժնի աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ։ Ռոզենբերգի խոսքերով, արևելյան տարածքների վրա մեծ ազդեցություն ունենալու համար թղթապանակի առկայությունը կարևոր էր։ Կառավարման հարցերով դեպարտամենտի փաստաթղթերը կազմել է Լյուդվիգ Ռունտեն, իսկ քաղաքականության հարցերի դեպարտամենտի փաստաթղթերը՝ Գեորգ Լեյբրանդը։ 1941 թվականի ապրիլին (մինչ ԽՍՀՄ դեմ պատերազմի սկիզբը) նախարարության աշխատակիցները սկսել են կազմել արևելյան տարածքների կառավարման սկզբունքները։ Նացիստական կառավարության կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման ժամանակ, կառավարման սկզբունքներում տեղի են ունեցել էական փոփոխություններ՝ կապված ռազմավարական որոշակի գործընթացների հետ։ Թղթապանակի մի շաևք փաստաթղթեր նվիրված են խորհրդային տարածքի ռեսուրսների օգտագործմանը, մասնավորապես, ԽՍՀՄ-ից Եվրոպա ապրանքների և մթերքների փոխադրմանը։ Այդ ձևով, թղթապանակում ներառված էին հանձնարարականներ, որոնք կանոնակարգելու էին ԽՍՀՄ տարածքում ռազմավարական պլանների իրականացման գործընթացը։

Թղթապանակում պահվել են նախարարության ծրագրային փաստաթղթերը, որտեղ նշվում էր, որ պատերազմից հետո Ռուսաստանը դադարելու է լինել ինքնավար պետություն, Մերձբալթիկան և Ղրիմը ենթարկվելու էին գերմանական ինտենսիվ գաղութացման, իսկ Բելառուսը, Ուկրաինան և Թուրքեստան պետք է անկախություն հռչակեին։ Վերջիններս, սակայն, տնտեսական և քաղաքական առումներով պետք է ենթարկվեին Ռեյխին, այսինքն, պետք է ստանային արբանյակ պետության կարգավիճակ։

Ռոզենբերգի կարծիքով, Կովկասում կայունության կարելի է հասնել միայն կենտրոնաձիգ ուժեղ իշխանության հաստատման պարագայում. «Այնտեղ բնակվում են վրացիներ, հայեր, թաթարներ, չերքեզներ, աբխազներ, կարաչայներ և մի շարք այլ ազգեր։ Եթե այնտեղ գործընթացը շատ չվերահսկենք, նրանք միմյանց կոկորդ կկտրեն։ Այդպիսի երևույթ արդեն իսկ տեղի է ունեցել 1918—1920 թվականներին»։ Ռոզենբերգը բացատրել է, որ նացիստների քաղաքականության նպատակը Կովկասում ազգային պետության ստեղծումը չէր, այլ ֆեդերատիվ հատուկ պետության ստեղծումը՝ նացիստական տեղապահի գլխավորությամբ։

Ռոզենբերգի դերակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին թղթապանակի փաստաթղթերի մի մասը սկսել են օգտագործվել ծառայողական նպատակներով։ Այն հնարավոր դարձավ ԽՍՀՄ արևմտյան և հարավային տարածքներում տեղական քաղաքացիական վարչակազմերի ձևավորման արդյունքում։ Համաձայն ֆյուրերի 1941 թվականի հուլիսի 17-ի հրամանի, որով նախատեսվում էր բռնազավթված տարածքներում վարչատարածքային բաժանում իրականացնել, մի շարք կարգադրություններ փոփոխությունների ենթարկվեցին։ Թղթապանակում եղել են մի շարք փաստաթղթեր, որտեղ հանգամանալիորեն ներկայացվել են որպես նախարար Ալֆրեդ Ռոզենբերգի գործառույթները։ ԽՍՀՄ օկուպացված տարածքների հարցերով նախարարը պետք է «ստեղծեր նոր կենսապայմաններ»։ Փաստաթղթերում նշված էին այդ տարածքների գաղութացման և տնտեսական էքսպանսիայի մեջ Ռոզենբերգի ունեցած դերակատարությունը։ Ալֆրեդ Ռոզենբերգը բազմիցս արտահայտվել է «Շագանակագույն թղթապանակի» մասին, որը ստեղծվել է իր ղեկավարությամբ։ Նա բազմիցս անդրադարձել է նաև արևելյան տարածքներում իրականացվող նացիստական քաղաքականության մասին։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ մեղադրյալ Ռոզենբերգի հարցաքննության ժամանակ, ԽՍՀՄ գլխավոր մեղադրող, խորհրդային իրավաբան Ռոման Ռուդենկոն անդրադարձել է թղթապանակի գոյության փաստին և փաստաթղթերում ներկայացված գործառույթներին.

Ռուդենկո. Լավ, այդ հարցին (Հիտլերի կողմից արևելյան տարածքների բռնազավթման հարցը և Ռոզենբերգի համաձայնությունը) մի քանի րոպեից մենք կվերադառնանք։ Ես հիմա ուզում եմ հղում կատարել ձերի դիրեկտիվների, որոնք դուք հրապարակել եք՝ լինելով արևելյան բռնազավթված տարածքների նախարարի պաշտոնում։ Առաջին հերթին ես մի հարց ունեմ ձեզ. ի՞նչ է իրենից ենթադրում այդ «Շագանակագույն թղթապանակը»։

Ռոզենբերգ. «Շագանակագույն թղթապանակը» մշակվել էր Արևելքի տարածքների հարցերով կայսերական նախարարության վարչակազմի կողմից՝ տնտեսագետների, քաղաքական բաժնի, մատակարարման բաժնի, տեխնիկական բաժնի և այլ բաժինների անմիջական մասնակցությամբ։ Այն մշակվել էր Օսթլանդի և Ուկրաինայի պաշտոնյաների համար։ Այսինքն, սա առաջին քայլն էր, որը կանոնակարգելու էր իրականացվող գործողությունները։

Ռուդենկո. Սա, իր բնույթով, «կանաչ թղթապանակ» էր, որով նույնպես նախատեսվում էր արևելյան տարածքների թալան և յուրացում։ Հասկանալի է։

(Միջազգային ռազմական տրիբունալի 1946 թվականի ապրիլի 17-ի լսումների ձայնագրությունից մի հատված)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Содержание и две страницы из второй части «Коричневой папки»
  2. Andreas Zellhuber „Unsere Verwaltung treibt einer Katastrophe zu …“ Das Reichsministerium für die besetzten Ostgebiete und die deutsche Besatzungsherrschaft in der Sowjetunion 1941–1945. — München: Vögel, 2006. — С. 78. — ISBN 3-89650-213-1
  3. International Military Tribunal: Der Prozess gegen die Hauptkriegsverbrecher vor dem Internationalen Militärgerichtshof. — München: Delphin-Verlag, Nachdruck, 1984. — Т. 11.: Verhandlungsniederschriften 8. April 1946 bis 17. April 1946. — С. 628. — ISBN 3-7735-2506-0