Նուբար Ասլանյանը ծնվել է 1931 թվականին, Եգիպտոսում։ Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը։ 1947 թվականին հայրենադարձել է[2]։ 1948-1954 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ապարանի շրջանում։ Ուսումը շարունակել է ասպիրանտուրայում և 1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Հետագայում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել դոկտորի աստիճան, 1971 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[3]։ 1971-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության լաբորատոր գործի գլխավոր մասնագետ, 1972 թվականից՝ Սրտաբանության ինստիտուտի կլինիկական կենսաքիմիայի և ժամանակակենսաբանության լաբորատորիայի, միաժամանակ 1994 թվականից՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի, 1993 թվականից՝ ՀՀ ԱԱԻ ախտորոշագիտության ամբիոնների վարիչ, 1979 թվականից՝ Հայաստանի ժամանակակենսաբանների ընկերության հիմնադիր-նախագահ։ Դասավանդել է Հայկական բժշկական ինստիտուտում։ Մշակել է հիպերտոնիկ հիվանդության բուժման նոր՝ էլեկտրոլիտային հոմեոստազի հետազոտության եղանակ[4]։
Հեղինակ է 500 գիտական աշխատանքների, ինչպես նաև՝ «Ռևմատիզմի ախտորոշման բիոքիմիական մեթոդները» (1967), «Կլինիկական ախտորոշում կենսաքիմիական մեթոդներով» (1996), համահեղինակ՝ «Արյան մակարդում» (1980), «Սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները և պայքարը նրանց դեմ» (1986) ուսումնական ձեռնարկների[4]։