Նիկոմեդիայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոմեդիայի հայկական տպագրություն, Նիկոմեդիայի (այժմ՝ Իզմիթ՝ Թուրքիայում) զավառում հայկական տպարաններ գործել են Նիկոմեդիա, Պարտիզակ, Ադաբազար քաղաքներում և Արմաշ գյուղի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոմեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոմեդիա քաղաքում առաջին տպարանը հիմնադրվել է 1850 թվականին, որտեղ մինչև 1853 թվականը տպագրվել է «Հայրենասեր» երկշաբաթաթերթը։ 1912-1915 թվականներին գործել է Օննիկ Ազարյանի տպարանը, որը տպագրել է միայն պարբերականներ։ Նիկոմեդիայում լույս են տեսել նաև «Սղաւնի» (1909), «Խթան» (1909) խմորատիպ թերթերը, «Բիւթանիա» (1910-1911) շաբաթաթերթը[1]։

Արմաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմաշ գյուղի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքի տպարանը գործել է 1863 թվականից. առաջին հրատարակությունը «Գիրք Սաղմոսաց Դաւթի» ժողովածուն է։ Տպագրել է հիմնականում թարգմանական գրականություն, մասնավորապես Կ. Գանթուի «Դաստիարակութիւն բարոյական» (1864) և «Առաքինի, գիտուն եւ արուեստագետ պատանի» (1869), Վ. Կեթեի «Հերձուածող պապութիւն կամ Հռովմ ի յարաբերութեան ընդ յարեւելեան եկեղեցիս» (1873) և այլն, Խորեն Աշըգյանի երկերը, Մկրտիչ Էմինի «Հնախօսութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեանց» (1875), Ներսես Վարժապետյանի «Ուսումն համարարբառ Աւետարանի...» (1875), Ֆ․ Բարունակ Պեյի «Ճանապարհորդութիւն ի Բաբելոն ընդ Հայաստան» (1876) և այլ գրքեր (շուրջ 20 անուն), նաև «Յոյս» ամսագիրը, «Մասիս» (1896) կրոնական շաբաթաթերթը[1]։

Պարտիզակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիզակում գործել են «Գրասեր» և «Ճարյան» տպարանները, որտեղ տպագրվել են հիմնականում պարբերականներ՝ «Թօհաֆի» («Զվարճալի», 1867) հայատառ թուրքերեն երգիծական շաբաթաթերթը, «Կշիռ» (1908), «Գիշեր» (1908-1910) խմորատիպ թերթերը, «Պարտիզակ» (1909-1914) կիսամյա հանդեսը, «Փարոս» (1910-1912) ազգային, գրական, «Հանդէս զրական» (1910-1914) ամսաթերթերը և այլն[1]։

Ադաբազար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադաբազարում գործել են Հարություն Աթանասյանի «Ատրուշան» (1911 թվականից) և Ս․ Ալթունյանի (1914 թվականից, որևէ գիրք հայտնի չէ) տպարանները։ Առաջինում տպագրվել են Հ. Ազարյանի «Ամէնուն բարեկամը» (1911), Կ. Հովհաննիսյանի «Հայկական պարերգներ» (1912), Մ․ Հովսեփյանի «Համազգային տօնը եւ պարտիզակցին» ու «Վերածնունդ» (երկուսն էլ՝ 1913), Ս․ Փափազյանի «Աշնան ցօղեր» (1914), Դ. Մխճյանի «Հայ ժողովուրդին նոր երգարանը» (1914) և այլ գրքեր։ Ադաբազարում լույս են տեսել նաև ՀՅԴ-ի ազգային, քաղաքական «Պայքար» (1909), ազգային, գրական, քաղաքական «Բիւթանիա» (1910-1912) թերթերը, «Երկիր» (1910) հասարակական-քաղաքական շաբաթաթերթը և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 805. ISBN 978-5-89700-042-5.