Ներանձնային կոնֆլիկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զիգմունդ Ֆրոյդ, ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիր։ Ես (Ego), Այն (Id), Գեր Ես (Super ego) կառույցի հեղինակ։

Ներանձնային կոնֆլիկտ, կոնֆլիկտի տեսակներից, որն ընթանում է հենց ներհոգեկան ոլորտում, հետևաբար դրա կառուցվածքային, ուժաբանական ու գործառութային դրսևորումներն ունի բացառապես հոգեկան, հոգեբանական բնույթ: Արտաքին կոնֆլիկտի ժամանակ մարդը գործ ունի արտաքին աշխարհի խոչընդոտող հանգամանքների հետ։ Այսինքն՝ արտաքին աշխարհը խոչընդոտում է իրականացնել սեփական ցանկություններն ու նպատակները։ Իսկ ներանձնային կոնֆլիկտի ժամանակ հակամարտությունը գնում է ոչ թե մարդու և արտաքին աշխարհի միջև, այլ մարդու ներքինում։

Կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոնֆլիկտ» հասկացությունը բխում է լատիներեն conflictus (բախում, ընդհարում) բառից և համարյա անփոփոխ կերպով կիրառվում բազմաթիվ լեզուներում: Կոնֆլիկտը կողմերի բախումն է, հակամարտությունը, որի ընթացքում կողմերից գոնե մեկը հակառակ կողմի գործողություններն ընկալում է որպես իր սեփական հետաքրքրություններին ուղղված սպառնալիք։ Այլ կերպ՝ կոնֆլիկտն իրականացած տարաձայնություն է [1]: Մոտավոր հաշվարկներով 20-րդ դարում կոնֆլիկտների արդյունքում զոհվածների թիվը կազմում է 300.000.000 մարդ: Ժամանակակից հասարակական իրավիճակը մարդկության առջև դնում է լուրջ ընտրություն` կամ մենք պետք է ձգտենք հաղթահարել և հանգուցալուծել մեր կոնֆլիկտները, կամ պետք է շարունակենք շարժվել ինքնակործանման ճանապարհով: Ակնհայտ է, որ առավել նախընտրելի է առաջին տարբերակը: Եվ հենց այդ տարբերակի նախընտրություն է, որ պայմանավորում է կոնֆլիկտների գիտական հետազոտությունների անհրաժեշտությունը: Կոնֆլիկտները հանդես են գալիս որպես մեր քաղաքակրթության անքակտելի մասը, և հաճախ դրանք հարկ է դիտարկել ոչ միայն որպես բացասական այլև, որոշ դեպքերում նույնիսկ որպես անհրաժեշտ երևույթներ:

Ներանձնային կոնֆլիկտի հոգեբանական հայեցակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆլիկտաբանության և հոգեբանության մեջ առավել «հոգեբանական» են ներանձնային (անձնային, հոգեկան) կոնֆլիկտները: Չնայած այն հանգամանքին, որ դրանց առաջացմանը նպաստող բազմաթիվ գործոններ տեղակայված են ներհոգեկան ոլորտից դուրս (արտաքին կենսամիջավայրում) այդուհանդերձ, այդպիսի կոնֆլիկտներն ընթանում են հենց ներհոգեկան ոլորտում, և դրանց դրսևորումներն ունեն բացառապես հոգեբանական բնույթ: Այդ իսկ պատճառով, ներանձնային կոնֆլիկտները, մյուս կոնֆլիկտների համեմատությանբ (միջանձնային, ներխմբային, «անձ-խումբ», միջխմբային), արժանանում են ավելի մեծ հոգեբանական ուշադրության:

Այստեղ, ի տարբերություն այլ տիպի կոնֆլիկտների, չկան դեպի միևնույն նպատակակետը շարժվող կոնֆլիկտային փոխազդեցության սուբյեկտներ` իրենց նպատակներով: Ներանձնային կոնֆլիկտն ընթանում է մեկ սուբյեկտի մեջ, որը հանդես է գալիս որպես կոնֆլիկտի միջավայր: Եվ, որ ավելի կարևոր է, ներանձնային կոնֆլիկտի կողմերը, շատ դեպքերում, ոչ թե հակադիր ուղղություններից շարժվում են դեպի միևնույն նպատակակետը և մտնում հակամարտության մեջ վերջինիս համար, այլ, մեկնարկելով միևնույն սկզբնակետից` շարժվում տարբեր ուղղություններով: Այս դեպքում կոնֆլիկտի կողմերը ոչ թե բախվում են, այլ, շարժվելով հակառակ ուղղություններով հեռանում են միմյանցից` պառակտելով անձի ամբողջականությունը[2]:

Ներանձնային կոնֆլիկտների հիմնական առանձնահատկություն այն է, որ այս դեպքում մեծ նշանակություն է ստանում ընդհանուր համակարգի` անձի ամբողջականության պահպանման խնդիրը, որի բացակայության պայմաններում հնարավոր չէր լինի ներանձնային կոնֆլիկտային գործընթացները դիտարկել որպես այդպիսիք (յուրաքանչյուր առանձին հոգեկան բովանդակություն կշարժվեր իր նախընտրած ուղղությամբ և չէր լինի ոչ մի բախում): Այսպիսով, ներանձնային կոնֆլիկտն, ընդհանուր առմամբ, կարելի է սահմանել որպես անձի ներհոգեկան բովանդակությունների այնպիսի փոխազդեցություն, որի դեպքում վտանգվում է անձի ամբողջականությունը:

Կոնֆլիկտի կողմ հանդիսացող ներհոգեկան բովանդակությունների բնույթի տեսանկյունից սովորաբար առանձնացվում են ներանձնային կոնֆլիկտների չորս տարատեսակներ` մոտիվացիոն, կոգնիտիվ, դերային և բարոյական կոնֆլիկտներ:

Մոտիվացիոն կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտիվացիոն կոնֆլիկտների դեպքում որպես կոնֆլիկտող կողմեր հանդես են գալիս անձի շարժառիթային ոլորտի բովանդակությունները (նպատակները, հետաքրքրությունները, պահանջմունքները և այլն): Այս տիպի կոնֆլիկտներն առավել մեծ ուշադրության են արժանանում հոգեդինամիկ հոգեբանական ուղղություններում:

Այսպես, հոգեվերլուծության մեջ, որպես ներանձնային կոնֆլիկտի հիմնական դերակատարներ հանդես են գալիս հոգեկանի տարբեր մակարդակներում ձևավորվող ներհոգեկան բովանդակությունները: Ընդ որում, կոնֆլիկտ կարող է առաջանալ տարբեր մակարդակների բովանդակությունների բախման արդյունքում: Եթե բախվում են Ես-ի (Ego) և Այն-ի (Id) բովանդակությունները, առաջ է գալիս տեղափոխման նևրոզ: Նարցիսական նևրոզը Ես-ի և Գեր Ես-ի առճակատման արդյունք է, իսկ փսիխոզը` Ես-ի և արտաքին աշխարհի[3]: Ինչպես տեսնում ենք, նշված բոլոր տարբերակներում առկա է Ես-ը, այն դեպքում, երբ հոգեվերլուծության մեջ որպես մոտիվացիոն ոլորտի հիմնական դրսևորում դիտարկվում է Այն-ը: Սակայն եթե հաշվի առնենք, որ «Ես-ը, իր էությամբ, Այն-ի ձևափոխված մասն է»[4], որը «պարտավոր է իրագործել Այն-ի մտադրությունները, գտնելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն այդ մտադրությունների առավելագույն իրականացում»[5], ապա կստացվի, որ բոլոր դեպքերում մենք գործ ունենք Այն-ի հետ: Այնպես որ, հոգեվերլուծության մեջ ներանձնային կոնֆլիկտների հիմնական դերակատարներն Այն-ից բխող մղումները կամ դրանց արտամղված ձևերն են:

Կոգնիտիվ կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ կոնֆլիկտները բնութագրվում են անհամատեղելի մտապատկերների և իմացական կառուցվածքների բախումով: Այս տեսակետը հիմնվում է կոգնիտիվ հոգեբանության դրույթի վրա, համաձայն որի (ընդհանուր առմամբ), անձն իրականության մեջ կողմնորոշվում և իրականությանը հակազդում է իր մոտ ձևավորված կոգնիտիվ կառույցների միջնորդությամբ (Քելլի): Սակայն լինում են դեպքեր, երբ առանձին կոգնիտիվ կառույցները հակասում են միմյանց, նույնիսկ դառնում են անհամատեղելի: Այս պարագայում առաջ է գալիս այսպես կոչված «կոգնիտիվ դիսոնանսի» երևույթը(Ֆեսթինգեր): Կոգնիտիվ դիսոնանսն ուղեկցվում է դիսկոմֆորտ վիճակով և անձը ձգտում է հաղթահարել այն, վերջիվերջո նախընտրություն տալով կոգնիտիվ կոնստրուկտներից որևէ մեկին:

Դերային կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերային կոնֆլիկտի դեպքում բախվում են անձի հասարակական դերերը, անհամատեղելի են դառնում տարբեր դերերով պայմանավորված նրա վարքը, պարտականություններն ու ձգտումները: Հոգեկան կոնֆլիկտների այս տիպն առնչվում է անձի գործունեության ոլորտի հետ:

Դերային կոնֆլիկտների մեջ առանձնացվում են երկու` «Ես-դեր» և «դեր-դեր» տիպի կոնֆլիկտներ: Առաջին դեպքում տարաձայնությունն առաջանում է դերի կողմից թելադրվող պահանջների և անձի հնարավորությունների, սկզբունքների, համոզմունքների միջև: Երկրորդ դեպքում անհամատեղելի են դառնում երկու տարբեր դերեր, դերային դիրքորոշումներ: Ընդ որում, չափազանց հաճախակի է անձի դրսևորումների տարբեր ոլորտներում իրականացվող դերերի բախումը (ընտանիք-աշխատանք, աշխատանք-ընկերություն, ընտանիք-ընկերություն և այլն):

Բարոյական կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոյական կոնֆլիկտները կարող են իրականանալ ինչպես առանձին դերերի, այնպես էլ կոգնիտիվ կառույցների և մոտիվների միջև: Այս տիպի կոնֆլիկտները նկարագրվում են որպես բախումներ ցանկության և պարտքի, բարոյական սկզբունքների և սեփական նախասիրությունների միջև: Որոշ դեպքերում հնարավոր է նաև բախում առանձին բարոյական սկզբունքների միջև: Բոլոր դեպքերում, ներանձնային կոնֆլիկտների այս տիպն անմիջականորեն բխում է կոգնիտիվ և դերային կոնֆլիկտներից[6]:

Ներանձնային կոնֆլիկտների դրսևորման ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական հետազոտություններում առանձնացվում են ներանձնային կոնֆլիկտների ընթացքում անձի մոտ տեղ գտնող որոշակի փոփոխություններ: Դրանք առնչվում են իմացական, հուզական, վարքային ոլորտների հետ, ներկայացնում անձի ընդհանուր հոգեբանական վիճակը:

Իմացական ոլորտում «Ես կերպարը» որոշակիորեն փոխակերպվում է, դառնում է հակասական, իջնում է ինքնագնահատականը, սեփական հոգեվիճակը դիտրակվում է որպես փակուղային, որոշումներն ընդունվում են ուշացումով, վերանայվում են նախկին արժեքները:

Հուզական ոլորտում զգացվում է հուզական լարման ուժգնացում, բացասական ապրումների գերակայում:

Վարքային ոլորտում առաջին հերթին աչքի են ընկնում գործունեության որակի և ինտենսիվության իջեցումը, սեփական գործունեությամբ ամբավարարվածությունը, հաղորդակցման բացասական հուզական ֆոնը:

Ընդհանուր հոգեբանական տեղաշարժերից կարելի է նշել ադապտացիայի մեխանիզմի նորմալ աշխատանքի խախտում, հոգեկան սթրեսի ուժգնացում:

Ներանձնային կոնֆլիկտների դրսևորումները տարբերվում են անձի վրա իրենց ազդեցությամբ: Սովորաբար առանձնացվում են դրանց երեք տարատեսակներ` հուզական հակազդեցություններ, սուբյեկտիվ ապրումներ և հոգեկան շեղումներ (նևրոտիկ կոնֆլիկտներ):

Հուզական հակազդեցություններն արտահայտում են ներանձնային կոնֆլիկտային իրավիճակին տրվող սուբյեկտիվ գնահատականը ակտիվացած պահանջմունքի (պահանջմունքների) տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ներանձնային կոնֆլիկտն ուղեկցվում է հոգեհուզական լարվածության մակարդակի բարձրացմամբ: Հոգեհուզական լարվածության վիճակը բնութագրվում է սուբյկետիվ զգայությամբ (մոդալականությամբ) և առարկայական բովանդակությամբ: Այս վիճակն ունենում է բացասական երանգավորում և պարունակում է հուզական այնպիսի մոդալականություններ, ինչպիսիք են անբավարարվածությունը, գրգռվածությունը, ճնշվածությունը, տագնապայնությունը, դիսկոմֆորտը, հիասթափությունը, ֆրուսթրացիան և այլն:

Հոգեհուզական լարված վիճակը կարող է ազդել անհատի ֆիզիոլոգիական գործընթացների վրա` առաջ բերելով բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ: Հոգեհուզական լարվածությայն բովանդակությունը կազմում են այնպիսի կենսական իրավիճակներ, իրադարձություններ, կենսագործունեության պայմաններ, որոնք անհատի կողմից դիտարկվում են որպես պահանջմունքների բավարարմանը խոչընդոտող արգելքներ:

Վասիլյուկի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռուս հոգեբան Վասիլյուկի ներանձնային կոնֆլիկտի արդյունքում առաջ եկող սուբյեկտիվ ապրումներն արտահայտում են ներհոգեկան գործունեության այնպիսի ձևեր, որոնք օգնում է անհատին հաղթահարել կենսական դժվարությունները, վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, դուրս գալ ստեղծված կրիտիկական իրավիճակից:

Վասիլյուկն առանձնացնում է ապրումների չորս տարատեսակ` հեդոնիստական, իրատեսական, արժեքային և ստեղծագործական։

Վասիլյուկի կարծիքով, ներքին կոնֆլիկտին հատուկ է արժեքային ապրումը (կոնֆլիկտը հանդիսանում է հենց արժեքային կենսական աշխարհի կրիտիկական իրավիճակ): Ընդ որում, առանձնացվում է արժեքային ապրման երկու տարատեսակ (կամ մակարդակ): Առաջին դեպքում փոխակերպվում է անհատի ամբողջ արժեքային-մոտիվացիոն համակարգը: Որոշ դեպքերում, արժեքներին չհամապատասխանող մոտիվները մերժվում են գիտակցության կողմից, կամ արժեզրկվում են` կորցնելով իրենց նախկին նշանակությունը: Երկրորդ տիպի արժեքային ապրումները հատուկ են արժեքային գիտակցության առավել բարձր մակարդակի վրա գտնվող անհատներին: Այս դեպքում, ոչ թե արժեքն է պատկանում անհատին, այլ անհատն ինքը հանդես է գալիս որպես իրեն պարուրող արժեքի մաս, անհատը պատկանում է այդ արժեքին, որի մեջ էլ գտնում է իր գոյության իմաստը:

Ներանձնային կոնֆլիկտի կոնստրուկտիվ և դեստրուկտիվ գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստրուկտիվ կոնֆլիկտներն անձնային մակարդակում ունենում են արդյունավետ և օպտիմալ, դեստրուկտիվները` անհատի անձնային կառույցներն ավերող դրսևորումներ: Կոնստրուկտիվ են համարվում այն ներանձնային կոնֆլիկտները, որոնք բնութագրվում են կոնֆլիկտող կողմերի (ներանձնային բովանդակությունների) առավելագույն հնարավոր զարգացմամբ և կոնֆլիկտի հաղթահարման վրա ծախսվող անձնային ջանքերի նվազագույն ցուցանիշով: Այնպես որ, կոնստրուկտիվ ընթացք ունեցող ներանձնային կոնֆլիկտն անձնային զարգացմանը նպատող կարևորագույն գործոն է: Արդեն իսկ երեխայի զարգացման ընթացքում, ներանձնային կոնստրուկտիվ կոնֆլիկտները բարդացնում են հոգեկան կյանքը, նպաստում դրա անցմանը զարգացման նոր մակարդակների: Դրական հանգուցալուծում ստացած կոնֆլիկտը կոփում է անձի կամային որակները, ձևավորում բնավորության նոր, արդյունավետ գծեր, նպաստում անձի կայուն ուղղվածության և համապատասխան ինքնագնահատականի ձևավորմանը:

Դեստրուկտիվ ներանձնային կոնֆլիկտներն այն կոնֆլիկտներն են, որոնք խորացնում են ներհոգեկան բովանդակությունների պառակտումը, առաջ են բերում կենսական ճգնաժամեր և նևրոտիկ հակազդեցություններ: Այս առումով չափազանց կարևորվում է ներանձնային կոնֆլիկտի տևողության, հաճախության, սրության չափանիշները: Երկարատև ներանձնային կոնֆլիկտները կարող են հանգեցնել գործունեության արդյունավետության իջեցմանն ու անձի զարգացման արգելակմանը: Հաճախակի կրկնվող կոնֆլիկտներն անձի մոտ առաջ են բերում անինքնավստահություն, թերարժեքություն, կյանքի իմաստի կորուստ: Սուր ներանձնային կոնֆլիկտները դրսևորվում են ագրեսիվության, տագնապայնության, գրգռողականության մակարդակի բարձրացմամբ, միջանձնային հարաբերությունների ապակառուցմամբ:

Ներանձնային դեստրուկտիվ կոնֆլիկտները նկարագրվում են Ֆրոյդի աշխատություններում: Այստեղ առանձնացվում են հոգեկան տարբեր մակարդակների միջև ընթացող կոնֆլիկտներ, որոնք կարող են առաջ բերել հոգեկան ապարատի գործունեության խաթարումներ: Այսպես, «Նևրոզ և փսիխոզ» հոդվածում Ֆրոյդը նշում է, որ նևրոզը Ես-ի և Այն-ի, փսիխոզը` Ես-ի և արտաքին իրականության միջև կոնֆլիկտի արդյունք է: Այնուհետև նա մասնավորեցնում է` Ես-ի և Այն-ի կոնֆլիկտին համապատասխանում են տեղափոխման նևրոզները, Ես-ի (Ego) և Գեր Ես-ի (Super ego) կոնֆլիկտին` նարցիսական նևրոզները (ինչպիսին է նաև մելանքոլիան), Ես-ի և արտաքին աշխարհի կոնֆլիկտին` պսիխոզները [7]:

Ներանձնային կոնֆլիկտների դեստրուկտիվ դրսևորումներից առավել սարսափելի են այն կոնֆլիկտները, որոնք արտահայտվում են որպես նևրոտիկ կոնֆլիկտներ: Այս դեպքում անձը կարծես հանձնվում է կոնֆլիկտին, որը վերածվում է անձի հիմնառանցքին, տիրում է նրան` բոլոր անձնային դրսևորումները ենթարկեցնելով իրեն: Այս տիպի կոնֆլիկտները նկարագրվում են խորհրդային հոգեբան Մյասիշչևի «Անձ և նևրոզներ» աշխատության մեջ [8]:

Ներանձնային կոնֆլիկտ։ Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսելով ներանձնային կոնֆլիկտի դեստրուկտիվ դրսևորումների մասին անհրաժեշտ է նշել, որ որոշ դեպքերում դրանք կարող են հանգեցնել ինքնասպանության (կամ ինքնասպանության փորձի): Ինքնասպանությունն, այս դեպքում, սուբյեկտիվորեն ընկալվում է որպես կոնֆլիկտից (և դրանից բխող հոգեհուզական լարված վիճակից) դուրս գալու միակ միջոց: Ընդ որում, այստեղ չափազանց մեծ դերակատարում ունեն սուիցիդենտի անձնային առանձնահատկությունները (բնավորությունը, հոգեֆիզիկական չափանիշներն ու վիճակները, հուզական հակազեցությունների ու վիճակների ուժաբանական բնութագրիչները, արժեքային համակարգը): Իհարկե, ներանձնային կոնֆլիկտն ինքնասպանության փորձի միակ պատճառը չէ, ինչպես նաև ինքնասպանությունը` ներանձնային կոնֆլիկտից միակ ելքը: Այնուամենայնիվ, որոշ գործոններ, գումարվելով, հանգեցնում են սուիցիդալ դրսևորումների, որպես այդպիսի գործոն կարող է հանդես գալ ներանձնային կոնֆլիկտը:

Ինքնասպանության (կամ ինքնասպանության փորձի) միջոցով ներանձնային կոնֆլիկտը հանգուցալուծելու գործընթացում առանձնացվում են երկու հաջորդող փուլեր (Բոյենկո)՝ նախապոզիցիոն և սուցիդալ: Նախապոզիցիոն փուլը բնութագրվում է չափազանց բարձր հոգեկան լարվածությամբ, անձի, կոնֆլիկտից դուրս գալուն ուղղված ակտիվ գործողություններով: Այս փուլում, երբ գործադրված ջանքերը չեն պսակվում հաջողությամբ, ձևավորվում է կոնֆլիկտի անլուծելիության պատկերացում: Անձը հայտնվում է անհույս, անելանելի վիճակում, կորցնում է կյանքի իմաստը, և ընդհանրապես, գունազրկվում է կարծես նրա ամբողջ կյանքը: Այդուհանդերձ, այս փուլը զերծ է ինքնասպանության մասին մտքերով, որոնք արգելափակվում են դեռևս գործող պաշտպանական մեխանիզմների կողմից:

Սուիցիդալ փուլին անցումը պայմանավորված է լրացուցիչ հոգետրավմատիկ գործոնի ազդեցությամբ: Այս փուլում ձևավորվում և կպչուն բնույթ է ստանում ինքնասպանության մասին միտքը: Հետագայում մանրամասնորեն պլանավորվում է նաև ինքնասպանության իրականացման ծրագիրը: Սուիցիդալ փուլն ավարտվում է ինքնասպանության փորձով (կամ ինքնասպանությամբ) [9]:

Կոնֆլիկտների, և մասնավորապես` ներանձնային կոնֆլիկտների դեպքում օգնում է հոգեթերապիան: Ընդ որում, հոգեթերապևտիկ բազմաթիվ ուղղություններում ներանձնային կոնֆլիկտը դիտարկվում է որպես հոգեկան առանձին բովանդակությունների (մոտիվացիոն, հուզական, կոգնիտիվ, վարքային) բախում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Шейнов В.П. Управление конфликтами: теория и практика. – Минск: Харвест, 2010. – 912с., էջ 7-8]
  2. [Фромм Э. Бегство от свободы; Человек для себя. – Минск, ООО “Попурри”, 1998 ]
  3. [Фрейд З. Введение в психоанализ и др. Минск, 1999, էջ 538 ]
  4. [ Фрейд З. Я и Оно. М., 1990, էջ 35 ]
  5. [Фрейд З. Лекции по введению в психоанализ. М., 1989, էջ 347 ]
  6. [Фрейд З. Лекции по введению в психоанализ. М., 1989,]
  7. [Фрейд З. Я и Оно. – М.: МПО “МЕТТЭМ”, 1990]
  8. [Фромм Э. Анатомия человеческой деструктивности. – Минск, ООО “Попурри”, 1999]
  9. [Эриксон Э. Трагедия личности. - М.: Алгоритм, Эксмо, 2008]