Նախնիների պաշտամունք
Նախնիների պաշտամունք, բազմաստվածության հին և տարածված ձևերից մեկը, որի հիմքում ընկած է մահացած նախահայրերի և ազգականների պաշտամունքը և հավատը, որ նախնիները մոգական ազդեցություն ունեն սերունդների կյանքում[1]։
Ընդհանուր գծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդը զարգացման հայտնի աստիճաններում մահացած ամեն ինչ համարել է գերմարդկային և աստվածային, նա երկրպագել է իր ընտանիքի մահացած անդամներին, ինչպես աստվածների։ Ստեղծել են հատուկ ծեսեր այդ երկրպագության համար, և այսպիսով, ժամանակի ընթացքում մշակվել է այն, ինչը գիտությանը հայտնի է որպես նախնիների պաշտամունք։ Մահացածների այդ երկրպագությունը գրեթե միշտ ունեցել է ընտանեկան բնույթ՝ տարածվելով միայն առանձին ընտանիքի նախնիների վրա, այնտեղ ծնվել և ստացել է հետագա զարգացում։ Նույնիսկ բուն ընտանիքում նախապես երկրպագում էին ոչ բոլոր նախնիներին, այլ միայն մերձավոր, որոնց մասին պահպանվել էին հիշողություններ։ Վաղ անցյալի նախնիների պաշտամունքը բնորոշ է ավելի հին ժամանակաշրջանին։
Նախնիների պաշտամունքը կապված է անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որը բնորոշ է նախնադարյան մարդուն։ Նրան օտար է հավերժ անդրշիրիմյան կյանքի գաղափարը․ նրանց ննջեցյալների ոգիների հավատը հեռու է անմահության գաղափարից։ Ըստ նախնիների պաշտամունքի՝ մահացածները դամբարանում հավերժ չեն ապրում, այլորոշ ժամանակ։ Մահացածները իրենց պաշտողների պատկերացմամբ ամբողջությամբ չեն կտրվում մարդկային բնույթից, ապրում են ոչ նոր, այլ միայն ձևափոխված կյանքով, նրանք բնակվում են իրենց հին տներում ազգակաների հետ, զգում են նույն կարիքները, ունեն նույն մտածմունքները, ինչ մահից առաջ։
Աստվածացված նախնին հետաքրքրվում իր ընտանիքով, հովանավորում է նրան, ընդունում է նրանից աղոթքներ և զոհաբերություններ, շարունակում է լինել այդ ընտանիքի ղեկավարը, օգնում է ընտանիքի բարեկամներին և վնասում թշնամիներին և այլն։ Իր առանձնահատկություններից ելնելով՝ ոգին կարող է դա անել մեծ ուժով, քան մարդը, չնայած նրա իշխանությունը անպարտելի չէ։ Նրա ընտանիքը նրա օգնության կարիքը ունի, վախենում է նրա բարկությունից, մյուս կողմից նախնին ևս ապրողների երկրպագության կարիքն ունի իր հանգստության և բավարարվածության համար։ Այսպիսով, նախնիների պաշտամունքը հանդիսանում է կապող օղակ տվյալ ընտանիքի սերունդների միջև, դրանից ստեղծում է կազմակերպված մարմին, այսպես կոչված եկեղեցի։ Մահացածի նկատմամբ պարտավորությունները սկսվում են հուղարկավորութունից՝ ներթափանցելով սերունդների հետագա կյանք, մինչև անգամ առօրյա մանրուքներ։ Մահացածի հետ թաղում են անդրշիրիմյան կյանքի համար նախատեսված առարկաներ՝ հագուստներ, տարաներ, զենք, ստրուկներ, կանայք, ձիեր և այլն։
Այս պաշտամունքի առաջացումը շատերի կողմից մեկնաբանվում է որպես վախ նախնիների ոգիներից, և որպես արդյունք նրանց զոհեր են մատուցել ողորմության արժանանալու համար։ Նախնիների պաշտամունքի առաջացմանը կարելի է վերագրել նաև միանգամայն այլ պատճառ՝ ոչ թե վախը նախնիներից, այլ նրանց նկատմամբ սերն է նպաստել նախնիների պաշտամունքի և նրանց զոհեր մատուցելու սովորույթի ձևավորմանը։ Ծնողների աստվածացումը որոշ դեպքերում նմանվում էր վախի, բայց ամեն դեպքում այդ զգացումը առաջանում էր սիրուց և ոչ թե վախից։
Նախնիների պաշտամունքը անտիկ շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հույները և հռոմեացիները մահացածներին անվանում էին ամենահարգալից անուններով՝ բարի, սուրբ, երանելի աստավծություններ, դամբարանները եղել են այդ սրբությունների տաճարներ, որոնց վրա եղել է գրվածք՝ «ստորգետնյա աստվածներին»։ Գերեզմանների դիմաց տեղադրվում էր բագին զոհաբերությունների և սննդի պատրաստման համար, բուն գերեզմանը տեղադրվում էին սովորաբար տան հարևանությամբ, դռնից հեռու։ Տարվա հայտնի օրերին յուրաքանչյուր գերեզման բերում էին սնունդ՝ առաջին պտուղները, ուտելիքների առաջին բաժինները որպես ընծա բերվում էր ցեղային աստվածներին։ Եթե սերունդները դադարում էին կատարել զոհաբերություններ նախնիների ոգիներին, ապա վերջիններս կորցնում էին հանգիստը, լքում իրենց մշտական բնակության տեղերը, սկսում թափառել և անհանգստացնել ապրողներին, դառնում էին դժբախտ, չար՝ մարդկանց ուղարկելով հիվանդություններ, առաջացնում չբերություն և դադարում լինել երանելի։ Միայն զոհաբերությունների վերսկսումն էր նրանց ազատում ննջեցյալներից[2]։
Նախնիների պաշտամունքը Հնդկաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիների պաշտամունքը ամենահին և առավել տարածված կուռքերից է հինդուիզմի մեջ։ Զբաղեցնելով կարևոր տեղ հնդկական կրոնում՝ ներառում է իր մեջ մի շարք հավատալիքներ և ծիսակատարություններ, որոնց գլխավոր նպատակը մահացածների համար մահից հետո արժանապատիվ կյանքի ապահովումն է[3]։ Հնդիկները հազարամյակների շարունակ ամեն օր բերում են նախնիներին «շռադդու» բրնձից, արմատներից և պտուղներից, իսկ հիշյալ օրերը զոհեր են մատուցում՝ զուգորդելով հատուկ ծիսակատարություններով։
Նախնիների պաշտամունքը Հնդկաստանում անցել է պատմական զարգացման երկար ճանապարհ սկսած Վեդաների ժամանակաշրջանից։ Հետզհետե մահացածի ոգու պաշտամուքը վերածվել է ոգու աստվածացման՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով վերածնվելու կոնցեպցիայի վրա[4].
Նախնիների պաշտամունքը Չինաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանում Շան և Չժոու դինաստիաների նախնիների պաշտամունքը ծառայում էր օրինական իշխանություններին, որն իրեն օժտել էր անդրշիրիմյան աշխարհի հետ կապվելու բացառիկ իրավունքով։ Ցածր դասի շրջանում զուգահեռներ անցկացնելու հնարավորություն չկա հավաստի աղբյուրների բացակայության պատճառով։ Նախնիների պաշտամունքի հետ կապ ունի «Դէ-ուժի» հասկացությունը, որը ամրապնդվել է չինական փիլիսոփայության մեջ։ Նրա առավել հին հիշատակությունները դէն ներկայացնում են որպես նախնիների կողմից չշնորհված։
Նախնիների պաշտամունքին նվիրված ծիսակատարությունները տեղի էին ունենում լուսնային իններորդ ամսի իններորդ օրը «Երկակի ինների տոն»։ Ավանդույթի համաձայն՝ այդ օրը ցեղի ավագ տղամարդիկ նախնու գերեզմանին թողնում են խոզ։ Գոյություն ունի հավատ, որ եթե նախնու ոգին չի ստանում տարեկան զոհը, մահանում է, և չի կարող այլևս հոգ տանել սերունդների բարորության համար[5].
Նախնիների պաշտամունքը Ճապոնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում իր սահմանադրական կարգով մինչև այսօր գոյություն ունի նախնիների պաշտամունքը։ Այդ մահացածների պաշտամունքը սկիզբ է առնում հին ժամանակներից և գոյատևել է հարյուրամյակներ չնայած քաղաքական և սոցիալական հեղաշրջումների, որոնք տեղի են ունեցելկայսրության ձևավորման ժամանակներից։ Չինական քաղաքակրթությունը թույլ տվեց այս սովորույթի զարգացումը այն փաստի հիման վրա, որ Չինաստանի բարոյական ուսմունքները, օրենքերը և սովորույթները հենված են նախնիների պաշտամունքի ուսմունքի վրա։ Բուդդիզմը, որը ոչ միայն չի հենվում այս ուսմունքի վրա, այլ հակասում է։ Նույնիսկ արևմտյան քաղաքակրթության ներթափանցումը այդ սովորույթը նկատելի փոփոխության չենթարկեց։ Այստեղից երևում է, որ երեք օտար տարրեր՝ կոնֆուցիականությունը, բուդդիզմը և արևմտյան քաղաքակրթությունը, որոնք ունեին մեծ ազդեցություն օրենքների, բարոյականության և սովորույթների վրա, և որոնցից երկուսը հակասում էին նախնիների պաշտամունքի գաղափարին, չէին կարող հակազդել և վերջ դնել ժողովրդի մեջ խոր արմատներ ունեցող ուսմունքին։
Նախնիների պաշտամունքը եղել է ճապոնացիների առաջին կրոնը։ Ճապոնացիների մոտ կա նախնիների պաշտամունքի երեք ձև՝ կայսերական ընտանիքի նախնիների պաշտամունք ամբողջ ազգի կողմից, տվյալ վայրի սուրբ հովանավորի պաշտամունք, իրենց ընտանիքի նախնու պաշտամունք։ Ճապոնական ամեն մի ընտանիքում կա երկու տեսակի սրբություն՝ կամիդանա կամ «սուրբ աստվածային վայր» և բրուցուդան կամ «Բուդդայի բեմ»։
Նախնիների պաշտամունքի երեք ձևերից է կայսերական ընտանիքի նախնիների պաշտամունքը հատկապես նախամայր Ամատերասու օմիկամիի կամ «սուրբ լույսի մեծագույն աստվածության»։ Կա երեք վայր՝ նվիրված կայսերական ընտանիքի նախնիների պաշտամունքին՝ Դայդձիգունուն Իսեում, Կասիկոդոկորոն կայսերական դղյակի դամբարանում և Կամիդանան, որն առկա է ամեն մի տանը։ Առաջին երկու տեղերում աստվածային հայելին պատկերում է կայսերական նախնու ոգին։ Աստվածային հայելին, որը կոչվում է յատա նո կագամի, գտնվել է կայսերական դղյակում մինչև Սուդզինի դարաշրջանի 6-րդ տարին (Ք․ա․92թ․)։ Կայսրը հասկացավ, որ ոգիների հետ չափազանց մեծ մտերմությունը, ամենօրյա շփումը կփոքրացնի սրբությունների հարգանքը և հրամայեց արքայադուստ Յամատո խիմենո միկոտոին կառուցել տաճար Յամատո գյուղում և դա դարձնել հայելու պաշտամունքի համար սուրբ վայր։ Այդ տաճարը ժամանակի ընթացքում տեղափոխվել է տարբեր վայրեր, և վերջապես Իսեն դարձել է նրա մշտական տեղը։ Հետո կայսրը հրամայել է ստեղծել ևս մեկ հայելի կասերական դղյակի համար, որպեսզի ինքը և իր սերունդները կարողանան աղոթել իրենց նախնեիներին անմիջապես տանը։ Այսպիսով, իսկական հայելին հիմա գտնվում է Իսեի Դայդձինգու տաճարում և երկրորդը Կասիկոդոկորո տաճարում։ Ներկայումս իրեն բարոյախոհ համարող ամեն մի ճապոնացի իր պարտքն է համարում պաշտել ոչ միայն Դայդձինգուին սեփական տանը, այլև գոնե մեկ անգամ իր կյանքի ընթացքում ճանապարհորդել Իսե։
Հախնիների պաշտամունքը հին հայերի մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որսորդական հարուստ ավանդույթներ ունեցող հայաստանյան ցեղերը պետք է որ լեգենդներ ու հիշողություններ պահպանեին իրենց նախնի որսորդների քաջագործությունների ու արարքների մասին, որոնք, հեռանալով իրենց յուրահատուկ աշխարհը, դառնում էին կենդանի սերունդներին հովանավորող, օգնող հզոր, ազդեցիկ ոգիներ[6], և միանգամայն հնարավոր է, որ Գեղամա լեռների և այլ վայրերի ժայռանկարների մարդակերպ պատկերներից շատերը ներկայացնում են սրբացված, աստվածացված նախնիներին՝ աստղային նշանների ուղեկցությամբ, քանի որ աշխարհի շատ ժողովուրդների և մանավանդ տեղաբնակ հայերի պատկերացմամբ նախնիների ուրույն աշխարհը երկինքն էր, ուր նրանք համաստեղություններ էին դառնում և իրենց աստղային գոյության միջոցով հրաշագործ ազդեցություն ունենում ապրող ցեղերի ու նրա յուրաքանչյուր անդամի ճակատագրի վրա[7]։
Ոգիների պաշտամունքը ծագել է նախնադարյան հասարակարգում և հետագայում դարձել է կրոնական հավատալիքների բաղադրատարրը։ Իրենց բնույթով բաժանվում են բարի (մարդուն օգնող, հովանավորող) և չար (մարդուն վնասող)։ Հայոց մեջ բարի ոգիներ են եղել քաջքերը, ուրվականները, հավերժահարսերը, հրեշտակները։ Խուժք և Դրուժք անունները կրող ոգիները համարվել են խառնակիչներ, խաբեբաներ, մատնիչներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Токарев, 1964
- ↑ Звягинцев Е. А. (1890–1907). «Культ предков». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Индуизм. Джайнизм. Сикхизм / Под общ.ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996. — С. 338. — ISBN 5-250-02557-9
- ↑ Klaus K. Klostermaier A survey of Hinduism. — New York: State University of New York Press, 1930. — P. 154. — ISBN 978-0-7914-7081-7
- ↑ «Swine in China:Empire of the pig», The Economist, Dec 20th 2014
- ↑ J. Maringer, The Gods of prehistoric man, էջ 129։
- ↑ J. Maringer, The Gods of prehistoric man, էջ 129
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Ոգիներ Արխիվացված 2018-07-09 Wayback Machine
- ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Նախնադարյան Հայաստանի մշակույթը Արխիվացված 2018-06-15 Wayback Machine
- Հայաստանի հնագիտական հուշարձանները(չաշխատող հղում)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախնիների պաշտամունք» հոդվածին։ |
|