Նախերգանք (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Դոն Ջովաննի», նախերգանք

Նախերգանք, ուվերտյուր ( ouverture, < ouvrir – բացել),

  1. օպերայի, բալետի, օրատորիայի, դրամայի, ֆիլմի նվագախմբի նախաբանը, որի հիմքում սովորաբար ստեղծագործության հիմնական բովանդակությունն անդրադարձնող թեմաներ են։ Այն կենտրոնացնում է ունկնդրի ուշադրությունը, նրան հոգեբանորեն նախապատրաստում հետագա գործողություններն ընկալելու համար։ Առաջին նմուշներից Կլաուդիո Մոնտեվերդիի «Օրփեոս» օպերայի նախաբանը (1607 թվական)։ Նախերգանքը կարող է թեմատիկորեն կապված լինել օպերայի հետ (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա») կամ ընդհանրացված արտահայտել նրա հիմնական բնույթը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»)։ Լինելով կերպարային բովանդակությամբ նշանակալի, նաև ավարտուն՝ օպերայի կամ դրամայի նախերգանքները հաճախ դառնում են ինքնուրույն գործ և ընդգրկվում համերգային ծրագրերում (Լյուդվիգ վան Բեթհովենի «Էգմոնտ»-ի և «Կորիոլան»-ի նախերգանքները՝ Գյոթեի և Գ. ֆոն Կոլլիի համանուն դրամաների համար գրված երաժշտությունից, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի վոկալ-սիմֆոնիկ նախերգանքները)։
  2. Ծրագրային, դրամատիկական, նկարագրային և այլ բնույթի 1-մասանի նվագախմբային պիես՝ գրված մեծ մասամբ սոնատային ալեգրոյի ձևով (Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» ֆանտազիա-նախերգանքը, Ալեքսանդր Գլազունովի «Հանդիսավոր», Ա. Հարությունյանի «Տոնական» նախերգանքները)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 160