Յալովա (թուրքերեն՝ Yalova), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Յալովայի մարզկենտրոն։ Բնակչությունը կազմում է 70 858 մարդ, իսկ շրջանում բնակվում է ընդհանուր առմամբ մոտ 190 000 մարդ։ Քաղաքը գտնվում է Մարմարա ծովի ափին։
Յալովայի շրջանում առաջին բնակավայրը եղել է դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում տարածքը անցել է խեթերի վերահսկողության ներքո, այնուհետև գրավվել է փռյուգիացիների կողմից։ Հույները այստեղ հիմնադրել են Պիֆիա քաղաքը (հուն․՝ Πυθια): Մ.թ.ա. 74 թվականին Պիֆիան և նրա շրջակայքը անցել է Հռոմեական կայսրության կազմը։
395 թվականին Հռոմեական կայսրության բաժանումից հետո, Յալովայի տարածքը անցել է Բյուզանդական կայսրության կազմը և շարունակել պահպանել Պիֆիա անվանումը։ Պիֆիայի տաք աղբյուրներ հաճախ այցելել են բյուզանդացի կայսրերը։ Ուշ միջնադարում Պիֆիա անվանումը դուրս է գալիս գործածությունից և ի սկսվում է օգտագործվել «Յալովա» անվանումը, որը հավանաբար առաջացել է հունարեն «Յալոս»՝ «ծովափ» բառից։ 1070- 1097 թվականներին քաղաքը եղել է Սելջուկների վերահսկողության ներքո։ 1302 թվականին Յալովան վերջնականապես անցել է Օսմանյան կայսրության կազմը։ Ի դեպ այն առաջին խոշոր բնակավայրերից մեկն էր, որ թուրքերը գրավել էին բյուզանդացիներից։