Մորգանատիկ ամուսնություն
Միջանձնային հարաբերություններ |
|---|
Մորգանատիկ ամուսնություն կամ մորգանական ամուսնություն («մորգանատիկ» բառի ծագումն անհայտ է, վարկածներից մեկի համաձայն գերմ.՝ Morgengabe, թարգմանաբար` առավոտյան նվեր. ամուսինը նորապսակ կնոջն առաջարկությունն անում է առավոտյան), երբեմն անվանում են ձախ ձեռքով ամուսնություն (Ehe zur linken Hand). ամուսինը հարսանեկան արարողության ժամանակ տալիս էր իր ձախ ձեռքը՝ աջի փոխարեն[1]:
Մորգանատիկ ամուսնությունը անհավասար սոցիալական դիրքով անհատների միջև ամուսնություն է, որի ժամանակ ամուսինը (կամ կինը) հասարակության ավելի ցածր խավից է և այդ ամուսնության ընթացում չի ստանում նման սոցիալական բարձր դիրք։ Մորգանատիկ ամուսնությունը համարվում է մեզալյանսի առանձին դեպքերից։
Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորգանատիկ ամուսնություն հասկացության տերմինն ի հայտ է եկել գերմանախոս երկրների և Ռուսական կայսրության օրենսդրության մեջ 18-19-րդ դարերում, թագավորական ընտանիքների և նրանց ենթակաների միջև ամուսնություններից խուսափելու նպատակով։ Միապետները և նրանց ընտանիքի անդամները պետք է ամուսնանային բացարձակապես իրենց դասի մարդկանց հետ, հակառակ դեպքում նրանք կորցնում էին թագն ժառանգելու իրավունքը։ «Հավասար» հասկացությունը հիմնական ձևական բնույթ էր կրում։ Հավասար էին համարվում ոչ միայն այժմ իշխող թագավորական ընտանիքի անդամները, այլև գերմանական իշխանական և նույնիսկ կոմսական ընտանիքի ներկայացուցիչներ, որոնք մեդիատիզացիայի ենթարկվեցին 1806 թվականին Հռոմեական Սրբազան կայսրության լուծարման ժամանակ։
Մորգանատիկ մեզալյանսների արգելքների խստությունը տարբեր երկրներում զգալիորեն տարբերվում էր, իսկ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում մորգանատիկ ամուսնություն հասկացությունն ընդհանրապես չկար (թեպետ անգլիական թագավոր Էդուարդ 8-րդը նախընտրեց հրաժարվել գահից երկու անգամ ամուսնալուծված ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ սկանդալային ամուսնությունից հետո)։ Նույնիսկ Գերմանիայում, անհրաժեշտության դեպքում, մորգանատիկ ամուսնության արգելքի մասին կարող էին «մոռանալ», այդպես օրինակ Բադենի մեծ դքսության գահը մի քանի 10-ամյակներ շարունակ զբաղեցնում էր Լեոպոլդ 1-ինը, որի մայրը հասարակ բարոնուհի էր։ Եթե մորգանատիկ միությունն արգելված էր իշխող միապետի կողմից, ապա անհավասար դիրքով ամուսնուն, որպես կանոն տրվում էր համապատասխան տիտղոս (սրբազան իշխան, կոմս և այլն), որը ժառանագում էին ամուսնության արդյունքում ծնված երեխաները։
20-րդ դարի սկզբին Գերմանիայում ձևավորվեց մորգանատիկ միապետերի և նրանց ընտանիքի անդամների նախնիների ակումբ, որոնց ներկայացուցիչները երբեմն ամուսնանում էին իրար հետ, իսկ երբեմն նույնիսկ թագադրված անհատների հետ (այն երկրներում, որտեղ մորգանատիկ միություններն արգելքի տակ չէին)։ Այդպես Վիկտորիա Եվգենիա Բատտենբերգացին ( Բատտենբերգների ընտանիքից, Հեսսենի ընտանիքի մորգանատիկ ճյուղից է) ամուսնացավ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 8-րդի հետ և թագուհի դարձավ։
21-րդ դարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Եվրոպայում օրենքները, որոնք յուր ժամանակ կարգավորում էին մորգանատիկ ամուսնությունները, չեն գործում այլևս։ Իսպանիայի, Հոլանդիայի, Մոնակոյի, Դանիայի և Նորվեգիայի թագաժառանգները կարող են ամուսնանալ ոչ թագավորական ծագում ունեցող անձանց հետ, այնուամենայնիվ նրանց զավակները կհամարվեն թագաժառանգ։ Առավել նշանակալի երկիրը, որը պահպանում է նման օրենսդրություն, Շվեդիան է (ընդ որում սահմանափակումները չեն տարածվում իշխող թագավորի վրա)։
Ժամանակակից մորգանատիկ ամուսնության հազվադեպ դեպքերից է համարվում Ճապոնիայի արքայադստեր՝ Սայակոյի ամուսնությունը Յոսիկի Կուրոդուի հետ, որը հասարակ ընտանիքից էր։ Ինչի արդյունքում 2005 թվականին Սայակոն զրկվեց արքայադստեր տիտղոսից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Left-Handed Marriage». marriage.about.com. Արխիվացված է օրիգինալից 2007-12-18-ին. Վերցված է 2026-01-14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մորգանատիկ ամուսնություն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) Морганатический брак (ռուսերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորգանատիկ ամուսնություն» հոդվածին։ |
| ||||||