Մոս (պատմական գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
Առաջին հիշատակում1654
ԲԾՄ1800 մ
Ժամային գոտիUTC+4
Մոս (պատմական գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մոս (պատմական գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Մոս, լքված գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1]։ Գտնվում է Դուտխու գետի ձախակողմյան վտակներից մեկի վերին հոսանքի շրջանում, ծովի մակերևույթից 1800 մետր միջին բարձրության վրա, ալպիական մարգագետինների գոտում։ Հնում այն գտնվել է Արցախ նահանգի Վայկունիք գավառում։ Հայաթափվելուց հետո գյուղը ստացել է Մոզ, կամ Մոզքյանդ (թուրքերեն՝ Mozkənd) անվանումը։ Ինչպես Ապահենը, այնպես էլ` Մոսը հայտնի է եղել որպես գրչօջախ։ Այս գյուղում 1653-1654 թվականներին Մովսես երեցի և Մարտիրոս Խնձորեկցու նախաձեռնությամբ ստեղծվել է ձեռագիր ավետարան։ XVIII դարի կեսին Մոսը կրկին հիշատակվել է Դադիվանքի կալվածացուցակում[2]։ Գյուղի հատակագծային յուրահատկությունը, հնամենի փողոցների առկայությունը և խիտ կառուցապատումը խոսում է այն մասին, որ բնակավայրը բավականին հին է և հիմնադրվել է միջնադարում։

Խաչքարեր և եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի խաչքարերից պահպանվել է ընդամենը 4-5 վնասված խաչքար, որոնք հայտնաբերվել են գյուղի հարավարևմտյան մասում գտնվող անասնագոմերի հատակին և դռների առջև։ Գյուղից մեկ կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, քրդական փոքր գերեզմանոցում, բոլորաձև հատակագծով և անմշակ քարով կանգուն է մնացել XIX դարի վերջին կառուցված քրդական տապանատուն։ Մոսից 1,5 կիլոմետր դեպի արևելք՝ նույն վտակի աջ ափին գտնվող փոքր բլրակի վրա պահպանվել են կիսամշակ և սրբատաշ մի բազիլիկ եկեղեցու պատեր, որից քիչ ներքև, թեք լանջի վրա գտնվում է արևմտյան ճակատից բացված միակ բարձր մուտքը, որն անարձանագիր է։ Այդ կառույցի ճարտարապետական յուրահատկությունները բնորոշ են XII-XIII դարերին։ Պատերի հաստությունը կազմում է 78-80 սանտիմետր, իսկ արտաքին չափերն են 6,90x4,83 մետր։ Եկեղեցու անվանումը, ըստ 1911 թվականին ռուսական ռազմական գլխավոր շտաբի կազմած քարտեզի, Կարմիրվանք է (թուրքերեն՝ Qızılvəng)[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», էջ 73
  2. Ջամբռ, էջ 283
  3. Изд. Воен. Топ. Отдела Генерального Штаба, 1911 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցուցակ ձեռագրաց», հատոր Ա, Երևան, 1965, N3647