Մոռենի Թախտաջյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոռենի Թախտաջյանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի Թախտաջյանի
Լատիներեն անվանում
Rubus takhtadjanii
Հատուկ պահպանություն

Մոռենի, մոշենի Թախտաջյանի (լատին․՝ Rubus takhtadjanii), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ, մոռենի ցեղի տերևաթափ թուփ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

3-4 մ բարձրությամբ աղեղնաձև կորացած ընձյուղները մոխրականաչավուն են մազմզուկապատ, անկյունավոր։ Փշերը բարակ են, թույլ, հիմքում լայնացած։ Տերևները հնգամասն են, մազմզուկապատ, կոթունավոր (մինչև 10 սմ երկարությամբ), կլորավուն, մանր փշերով ծածկված։ Ծայրային տերևիկը խոշոր է, մինչև 11 սմ երկարությամբ և լայնությամբ, կլորասրտաձև, սրածայր, փոսիկավոր կամ կիսակլոր հիմքով, մինչև 6 սմ երկարությամբ կոթունավոր։ 10 սմ երկարությամբ և 6 սմ լայնությամբ կողմնային տերևիկների վերին զույգը հակառակ ձվաձև է, սրածայր, հիմքի մոտ կլորավուն և կոթունավոր (3 սմ)։ 7 սմ երկարությամբ, 4-4,5 սմ լայնությամբ տերևիկների ներքին զույգը էլիպսաձև է, սրածայր, 0,5-1 սմ երկարությամբ կոթուններով։ Ծաղիկները հասնում են մինչև 50 սմ երկարության, ծաղկաբույլերը հավաք են, կազմված 2-7 ծաղիկներից։ Բաժակաթերթիկները թաղիքամազմզուկապատ են, պսակաթերթիկները՝ բաց վարդագույն, առէջները էլիպսաձև, մերկ փոշանոթներով։ 1 սմ-ից ավելի տրամագծով պտուղները սև են, փայլուն և գնդաձև[1]։

Տարածված է միայն Հայաստանում, էնդեմիկ բուսատեսակ է։ Հանդիպում է Զանգեզուրում, ստորին և միջին լեռնային գոտիներում, անտառների եզրերին, քարքարոտ վայրերում, կիրճերում։ Սահմանափակ տարածում ունի։ Որպես զուտ հայկական տեսակ պահպանության և տարածման խիստ կարիք ունի[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է, որի տերևները կազմված են 5 տերևիկներից, բարդ են, պտղաբերող ընձյուղների վրա եռմասնյա, վերևից մերկ, փեշերը ջղերի երկարությամբ և տակից ծածկված են կարճ մոխրագույն թավոտությամբ։ 3-4 սմ երկարությամբ ընդհատված ծաղկաբույլը փոքրաթիվ ծաղիկներով է և գագաթնային, ծոցային 1-3 ծաղկանի փոքրիկ ճյուղիկների վրա։ Պսակաթերթը վարդագույն է, իսկ 1 սմ տրամագծով պտուղները՝ գնդաձև[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնադիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ծավ և Սրաշեն գյուղերի շրջակայք)[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, լեռնային կիրճերի լանջերին, անտառի եզրերին, քարքարոտ հողերի վրա և թափվածքներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերումէ օգոստոս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա տարածման և բնակության շրջանների 500 կմ²-ից պակաս մակերեսով։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 390։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.