Մարմնի երկարությունը՝ 46-56 սմ է, թևերի բացվածքը՝ 84-95 սմ, կենդանի զանգվածը՝ 650-900 գ։ Արուի փետրածածկը մոխրագույն է, կրծքի ստորին մասը և փորը՝ սպիտակ, վերնապոչը և ներքնապոչը՝ սև։ Էգը դարչնագույն-մոխրագույն է՝ խայտավոր, գլուխը՝ ավելի բաց գույնի, կտուցի կողքերը՝ նարնջագույն։ Հանգստի պահին ու թռչելիս տեսանելի է և՝ էգի և՝ արուի սպիտակ փետրահայելին։
Մոխրագույն բադերը սովորաբար հանդիպում են առանձին զույգերով և փոքր ու մեծ երամներով (60-300 թռչուն)։ Բնակվում է լճակներում, ճահճուտներում, ծանծաղ գետերում, թաց մարգագետիններում։
Բնադրազույգերը կազմվում են մայիսի սկզբից։ Բույնը ոչ խորը փոսիկ է՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին, ջրին մոտ, առանձին դեպքերում՝ ջրափից քիչ հեռու՝ խիտ խոտերի մեջ։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի կես-հունիսին։ Դնում է 55 մմ տրամագծով, դեղնավուն-սպիտակ 8-12 ձու։ Թխսակալում է էգը՝ 27-28 օր։ Ձագերը բնում հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակ-հուլիսին։ Սևանա լճի մակարդակի նվազման և Գիլլի լճի չորացման հետևանքով ողջ ավազանի տարածքում բնադրող խոշոր համակեցություններն անհետացել են, մասամբ էլ տեղափոխվել Արարատյան դաշտի լճերն ու լճակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։