Մշո Առաքելոց վանքի դուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշո Առաքելոց վանքի դուռ
Մշո Առաքելոց վանքի դուռ
Մշո Առաքելոց վանքի դուռը
տեսակերկփեղկ դուռ
երկիրՀայաստան Հայաստան
Երևան
Հայաստանի պատմության թանգարան
հեղինակԳրիգոր և Ղուկաս
նյութընկուզենու փայտ
բարձրություն202
լայնություն142
խորություն20
ստեղծվել է1134 թ․
ստեղծման վայրՄուշ
ներկա վիճակըլավ
մակագրությունԻ թ. Հ. ՇՁԳ. ԵՍ ՏՐ Թորոս եւ Գրիգոր եւ Ղուկաս ԳԾ
Հայաստանի պատմության թանգարանի կայք

Մշո Առաքելոց վանքի դուռ[1], միջնադարյան Հայաստանի զարդաքանդակային արվեստի նմուշ է։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի մայր եկեղեցու երկփեղկյա քանդակազարդ ընկուզենու փայտից պատրաստված դուռն է, որը մեծ արժեք է ներկայացնում և միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստի լավագույն նմուշներից է։ Դռան փեղկերը ծածկված են երկրաչափական զարդանախշերով, շրջանակի աջ և ձախ կողմերը՝ կենդանակերպի, իսկ բարավորը՝ հեծյալների բարձրարվեստ հարթաքանդակներով։ Քանդակազարդող վարպետներն են Ղուկաս գծողը և Գրիգորը, ստեղծվել է 1134 թվականին[2]։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելոց վանքի դուռը ունի ավելի քան ութ հարյուր տարվա պատմություն։ Հուշարձանը կառուցվել է 12-րդ դարի երկրորդ քառորդի սկզբներին և վկայում է իր ստեղծման ժամանակաշրջանի հայկական մշակույթի բարձր մակարդակի մասին։

Մի շարք գիտնական ճարտարապետներ այս դռան հորինվածքի վրա արաբական արվեստի ազդեցություն են տեսել, թեև արաբների պատմության թատերաբեմ դուրս գալուց դեռ շատ առաջ Հայաստանում քանդակագործության արվեստը արդեն կատարելության էր հասել[3]։

Առաքելոց վանքի դուռը երկփեղկանի է. վերևի մասում քանդակված են թվականը և քանդակող վարպետների անունները՝ «Ի թ. Հ. ՇՁԳ. ԵՍ ՏՐ Թորոս եւ Գրիգոր եւ Ղուկաս ԳԾ.», որը կարդացվում է «Ի թվականի հայոց ՇՋԳ (1134) ես տեր Թորոս և Գրիգոր և Ղուկաս գծեցաք»։

Ենթադրվում է, որ նշված առաջին անձը հոգևորական է, հավանաբար դռան մեկենասը, իսկ Գրիգորն ու Ղուկասը քանդակագործ վարպետներն են։

Հայկական վանական այս սրբավայրի դուռը կրոնական խորհրդանշաններով չի հորինված։ Վրան ավելի շատ աշխարհիկ կյանքի պատկերներ են, առավելապես պատմական անցյալը պատկերող դրվագներ։ Դռան շրջանակը բաղկացած է կողերի երկու և վերի միացնող մասերից։ Ամենից արտահայտիչը դրասանդն է, որը բաղկացած է երկու մասից։ Աջակողմյան քանդակը ներկայացնում է երկու ձիավորներ դեմդիմաց, իսկ աջ կողմինը տեգով գետնել է մի հսկա վիշապ։ Դիմացի ձիավորը հավանաբար իշխան է, քանի որ աջ ձեռքում բռնած ունի իշխանական գավազան, իսկ ձախ թևը պաշտպանված է քանդակազարդ վահանով։ Երկուսի վերևում փորագրված է դժվար ընթեռնելի մի արձանագրություն, որը կարելի է կարդալ ԱԲԳՈՐԳ։

Իսկ ձախակողմյան մասում կան երեք անձնավորություններ, որոնցից երկարազգեստը շեփորողն է։ Նրա առջևից երկու զրահազգեստ զինվորները արշավում են։ Նրանցից մեկը սուրը մեկնել է դեպի առջևի լախտակիր ձիավորը, որը արքայական տարազով է։ Բայց նա ավելի շուտ փախչողի է նման, քանի որ ձախ ձեռքը կախ է ընկած կողքից։ Իսկ այս երկու ձիավորների միջև փորագրված է ՏՐԴԱՏ։ Պատմաբաններից ոմանք դռան ճակատազարդի այդ պատկերի մեջ տեսնում են «Սասունցի Դավիթ» էպոսի դրվագներից մեկը Դավիթը իր թուր-կայծակին մերկացրած՝ հալածում է Մսրա Մելիքին։ Ըստ այլ մասնագետների «Տրդատ» գրությունը առաջին թագավոր Տրդատին է վերաբերում։ Անհիմն չէ պատկերների մեջ տեսնել «Սասունցի Դավիթ» էպոսի դրվագներից մեկը, մանավանդ որ դռան վրա քանդակված գազաններն ու ընտանի կենդանիները հիշատակված են էպոսում։ Ինչ վերաբերում է փորագրված «ՏՐԴԱՏ» և «ՍԲԳՈՐԳ» անուններին, ապա որոշ հնագետ պատմաբանների կարծիքով դրանք հետագայում են ավելացվել, քանի որ ընդհանուր հորինվածքի հետ չեն ներդաշնակում[4]։

Փրկության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի հնագետները 1915 թվականին հայկական տեղահանությունների ժամանակ, թուրք կառավարության թույլտվությամբ կամ անուշադրության պատճառով, Առաքելոց վանքի դուռը տեղահանել են և տեղափոխել են Բիթլիս, հարմար առիթով Բեռլինի Կայսերական թանգարան փոխադրելու նպատակով։ Ռուսական բանակ Բիթլիսը գրավելուց հետո Մշո Առաքելոց վանքի դուռը պատահաբար հայտնաբերում է հնագետ-պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը 1916 թվականի ամռանը Բիթլիսում։ Նա ճանաչում է դուռը թուրքերի կողմից լքված և հայերից թալանված գույքով անկանոն լցված պահոցներից մեկում։ Գաղթականների մի խմբի հետ դուռը դժվարությամբ հասցվում է Թիֆլիս և պահվում Հայոց Ազգագրական ընկերության թանգարանում։ Հետագայում արդեն հնագետ Աշխարհբեկ Քալանթարի ջանքերով դուռը փոխադրվում է Երևան, Հայաստանի պատմության թանգարան[5], որտեղ էլ մինչ այժմ պահվում է` որպես Արևմտյան Հայաստանի դարպասների յուրօրինակ խորհրդանիշ[6][7]։

Անդրադարձ արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշո Առաքելոց վանքի դռան ստեղծմանն ու փրկությանը անդրադարձ կա Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպում[8][9]։
  • Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 դուռ» ծրագրի շրջանակներում արված 100 լուսանկարների շարքում յուրահատուկ տեղ է գրավել Մշո Առաքելոց վանքի դուռը։ Ցուցահանդեսի համար նաև խորհրդանշական 100 հրավիրատոմս է պատրաստվել։ Դրանցից յուրաքանչյուրում եղել են Մշո Սուրբ Սռաքելոց վանքի դռան լուսանկարի փոքրիկ մի կտոր։ Այդ 100 կտորները համարակալված են եղել, և ցուցահանդեսի օրը դրանք պետք է դասավորվեին այնպես, որ տեսանելի լիներ վանքի դռան ամբողջական պատկերը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մշո Առաքելոց վանքի դուռ». Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. Մ․ Հասրաթյան. «Մշո Ս. Առաքելոց վանք». armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. Կամսար Ավետիսյան, Ասպրամ Ավետիսյան, Հայրենագիտական էտյուդներ, Տարոնի պատմական հուշարձանները , «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, էջ 207-209
  4. Առաքել, Պատրիկ (1952) Մշո Առաքելոց վանքի դուռը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Թ (1). pp. 23-26.(չաշխատող հղում)
  5. «Մշո Առաքելոց (Թարգմանչաց) վանքի դուռը». mskh.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «Ինչպես փրկվեց Մշո Առաքելոց վանքի դուռը». urish.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Մշո Սուրբ Առաքելոց հայկական վանքը և սուրբ Թադեի եկեղեցին». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. Խաչիկ Դաշտենց, Խոդեդան։ Մի ընտանիքի պատմություն, Ե.: Հայպետհրատ, 1950.-266էջ
  9. «Հատված Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպի ռադիոբեմականությունից». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ««Շնորհակալություն Մշակույթի նախարարությանը՝ մեզ մատների վրա խաղացնելու և չաջակցելու համար»». aravot.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Декоративное искусство средневековой Армении, «Аврора», Ленинград, 1971
  • Սերիկ Դավթյան, Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչատուն, Երևան, 1981

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]