Մկրտիչ Փալանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մկրտիչ Գալուստի Փալանջյան (1879-1967)։ Գյումրիում (այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլ) հաստատվել է 1918 թվականից թուրքերի կողմից սկսված հայահալած քաղաքականության պատճառով։ Մկրտիչ Փալանջյանը Ալեքսանդրապոլ է եկել Կարսից, որտեղ նա զբաղվել է լուսանկարչությամբ, նույն գործով նա զբաղվել է Սարիղամիշում։ Լինելով Կարսի մեծահարուստներից՝ նա Ալեքսանդրապոլ է հասել դատարկաձեռն ու այստեղ շարունակել լուսանկարչության գործունեությունը։ Նրա տունը եղել է հավաքատեղի ժամանակի մտավորականների և արվեստագետների համար։ Նա սերտ կապերի մեջ է եղել Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Հրաչյա Ռուխկյանի, Վարդան Աճեմյանի և այլ մեծերի հետ։

Մկրտիչ Փալանջյանը լուսանկարել է Գյումրու Մռավյանի անվան պետթատրոնի բոլոր բեմադրությունները (Փալանջյանները այդ թատրոնում ունեցել են իրենց համար հատկացված օթյակը), ուր հանդես են եկել Արմեն Արմենյանը, Եկատիրինա Դուրյան-Արմենյանը, Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Չմշկյանը,Վ. Փափազյանը և այլք։ Երբ 1961 թվականի դեկտեմբերի 31-ին այրվեց Մռավյանի անվան պետթատրոնը, որը գտնվում էր քաղաքային զբոսայգում, ոչնչացվեցին բոլոր արխիվային նկարները ու Մկրտիչ Փալանջյանը իր մոտ մնացած բոլոր ապակե սևանկարները նվիրեց թատրոնին՝ գալիք սերնդին հանձնելով մեր մշակույթի նմուշները։

Մ. Փալանջյանը մասնակցել է Նեապոլում երկու ցուցահանդեսների ու շահել երկու մեդալներ։ Որդին՝ Ռաֆայել Մկրտիչի Փալանջյանը, դրանք նվիրատվության փաստաթղթով նվիրել է Ձիթողցոնց տուն-թանգարանին։ Գերմանիայում տպագրվել են բացիկներ, նամականիշներ, սակայն դրանք չեն պահպանվել։ Մ. Փալանջյանը պատրաստել է լուսանկարիչներ, սովորեցրել լուսանկարչության գաղտնիքները։ Նա է կրթել քաղաքի գրեթե բոլոր լուսանկարիչներին, իր ազգականներին ու մերձավորներին։ Աշակերտելով իր մոտ՝ առանձին լուսանկարչատներ են բացել քրոջ որդիները՝ Արամ, Վազգեն Նուլչաջյանները, աներորդիները՝ Արշալույս և Հարություն Վահրադյանները և ուրիշներ։ Այսպես ճյուղավորված տոհմածառի պես տարածվել է լուսանկարչության արվեստը՝ ընդգրկել ողջ Գյումրին։

Փալանջյանը աշխատել է մինչև մահ՝ 1967 թվական։ Կյանքին հրաժեշտ է տվել պատկառելի տարիքում։ Նրա գործը շարունակել է որդին՝ Ռաֆայել Մկրտիչի Փալանջյանը, որը ուներ այլ մասնագիտություն և զուգահեռ դասավանդում էր Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Նա նորություն էր մտցրել լուսանկարչության մեջ, նկարել երեխաներին տարբեր ձևերով՝ ֆիքսելով ակնթարթում ծիծաղը, լացը, զանազան դիմախաղեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Քոչար «Լուսանկարչության հայկական ֆենոմենը»
  • Հ.33 «Ազգ օրաթերթ»
  • Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Գյումրի
  • «Գյումրին,նրա մարդիկ,սովորույթները» 1996թ.
  • Վահան Քոչար «Հայ լուսանկարիչները»
  • Լուսարվեստ, հեղինակ՝ Վիգեն Գալստյան «Մ. Գ. Փալանջյան»
  • «Ցայգ» օրաթերթ՝ հ.4